Մարտի 19-ը Վարդուհի Վարդերեսյանի ծննդյան օրն է: Այս տարի այն կնշվի առանց մեծանուն դերասանուհու: 2015թ. նոյեմբերին նա լքեց մահկանացուների աշխարհը ու գնաց երկնային կյանքով ապրելու:
Ինչպես Aravot.am-ի հետ զրույցում նշեց Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի փոխտնօրեն, արձակագիր Նելլի Շահնազարյանը, Վարդուհի Վարդերեսյանի ծննդյան օրը նրա արվեստի երկրպագուները, Հայաստանի թատերական գործիչների միության ու Մայր թատրոնի ներկայացուցիչները կայցելեն Պանթեոն:
«Այնքան թարմ է ամեն ինչ, որ դեռ հուշ չի դարձել, կարծես թե այցելության ենք գնում իրեն, ոչ թե Պանթեոն, այ, այդքան վառ է նրա հիշատակը: Դեռ չենք հաշտվել այն մտքի հետ, որ նա չկա: Ի դեմս Վարդուհի Վարդերեսյանի, հայ թատրոնը կորցրեց իր վերջին մոհիկաններից մեկին, լեգենդար արվեստագետի, որ թերեւս կին ճանաչված արտիստուհիներից ամենաերկարակյացն էր բեմական կյանքի առումով: Կարելի է ասել, նա մինչեւ վերջին պահն էլ աշխատեց բեմում, եթե ներկայացումներին մասնակցելու համար հոգնում էր տարիքի պատճառով, այնուամենայնիվ, գրական, երաժշտական կոմպոզիցիոն երեկոների էր մասնակցում:
Ընդամենը մահից մեկ շաբաթ առաջ նա վերջին անգամ բեմ բարձրացավ, որը կարծես յուրատեսակ հրաժեշտ էր բեմին: Պահանջի նման եղավ վերջին բեմ բարձրանալը, խնդրեց, որ կազմակերպվի մի երեկո իր համար, որը կայացավ Կամերային թատրոնում: Տեսնել էր պետք, թե ի՜նչ կարոտով էր նայում բեմին եւ հանդիսատեսին: Մարդիկ ձեռքերն էին համբուրում, լուսանկարվում իր հետ: Ինքն իրեն երջանիկ էր զգում:
Կարդացեք նաև
Կարելի է ասել, որ երջանիկ էլ հեռացավ կյանքից, որովհետեւ որպես դերասանուհի կենդանության օրոք վաստակել էր ամեն ինչ, ստացել թատերական բոլոր դափնիներն ու մրցանակները, կոչումները:

Ինչ վերաբերում է Ջոնիի կերպարին, Նելլի Շահնազարյանի խոսքով, դերասանուհին 33-ից մինչեւ 50-51 տարեկանը խաղացել է այդ դերը: «Այդ տարիքում 12-13 տարեկան մանչուկի դեր խաղալը չլսված, չտեսնված բան է, մարմինը այդպես փոքրացնել, ինքդ էլ փոքրանալ այդ առիթով, ուղղակի ապշեցուցիչ է, այո, Ջոնիի կերպարը մնալու է հայ թատրոնի պատմության մեջ որպես անկրկնելի կերպար»,- փաստեց տիկին Շահնազարյանը:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ


















































