Լրահոս
Օրվա լրահոսը

Տիգրան Մանսուրյան. «Վերջերս ես առհասարակ ձայն չեմ հանում, որովհետեւ դրանից լավ բան դուրս չի գալիս». պատմությունը, թե ինչպես նա հրաժարվեց ստորագրությունից

Ապրիլ 06,2024 08:30

Տիգրան Մանսուրյան. «Նորից քաշում ես քաղաքական հարցերի մեջ, վախենում եմ»

Երեկ «Հրապարակի» թղթակից Լիա Սարգսյանը հարցազրույց էր վարել կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի հետ:

-«Գոյ» թատրոնի կառավարման խորհուրդն ու դերասանական անձնակազմը Նիկոլ Փաշինյանին են դիմել՝ «Գոյը» որպես մասնավոր թատրոն պահելու առաջարկով։ Այս համատեքստում նաեւ ստորագրահավաք է արվել մշակութային գործիչների կողմից, ստորագրել եք նաեւ Դուք։ Դուք եւս դե՞մ եք «Գոյը» Սունդուկյանի անվան դրամատիկական թատրոնին միավորելու ծրագրին։

-Ես չեմ իմացել, թե այդ ինչ թղթի տակ եմ ստորագրում։ Զանգեր էի ստանում մի երիտասարդից՝ հանդիպման խնդրանքով։ Առիթը եղավ, եւ Արամ Խաչատրյանի անվան համերգասրահում, համերգից հետո, երբ իմ շուրջը լեցուն մարդիկ կային, ինձ մոտեցավ դերասան Սամվել Թոփալյանը, ասաց՝ «Գոյ» թատրոնի դերասան է։ Ուրախ ու լուսավոր գծերով ներկայացրեց իր խնդրանքը։ Ես տեսա, որ առանձնապես պահանջածը բան չէ։ Ներկայացրեց մի քանի էջանոց հագեցած գրություն, որը ես չուզեցի կարդալ։ Վստահելով երիտասարդին՝ ստորագրեցի։ Հետո պարզվեց, որ այդ ամենի մեջ բազմաթիվ իրավական, կազմակերպչական եւ այլ հարցեր ու խնդիրներ կան, որոնցից ոչ միայն տեղյակ չեմ եղել, այլ չեմ էլ հասկանում։ Անկեղծ ասած՝ չեմ էլ ուզում խառնվել այդ ամենին։ Խնդրանքս է՝ պահի ազդեցության տակ արված ստորագրությունս չշահարկել, կամ համարել հետ կանչված։

-Ի՞նչ է ասել Սամվել Թոփալյանը, երբ խնդրել է, որ ստորագրեք այդ թղթի տակ։

-Ասել է՝ «Գոյ» թատրոնի հարցն է, եւ խնդրում են, որ թատրոնը գործի եւ փող տվողը փոխվի։

-Բայց իսկապես «Գոյ» թատրոնի հարցն է՝ իշխանություններն օպտիմալացման համատեքստում թատրոնների միավորման, փակման որոշում են կայացրել, «Գոյ» թատրոնի դերասանները, մեծ թվով մտավորականներ դեմ են, որ այդ ճակատագրին արժանանա այս թատրոնը։ Ինչո՞ւ եք հրաժարվում Ձեր ստորագրությունից։

-Ես ոչ հասկանում եմ, ոչ էլ գիտեմ, թե օպտիմալացման նպատակը որն է, ով է այդ գործը անողը։ Վերջերս ես առհասարակ ձայն չեմ հանում, որովհետեւ դրանից լավ բան դուրս չի գալիս։ Անմիջապես այս կամ այն կողմում հայտնվում եմ մարդիկ, որոնց հետ ես չեմ ուզի առնչություն ունենալ։ Այսպիսով ստացվում է, որ ես հայտնվում եմ հարձակումների, մեղադրանքների տակ։ Ես 85 տարեկան եմ, եւ առհասարակ ոչ մի բանի մեջտեղում չկամ։ Իմ հեռուստացույցը ինչ որ ինձ ասում է, ես լսում ու այդքանով էլ բավարարվում եմ։

-Մաեստրո, ասացիք, որ չեք լսել, չգիտեք, թե ինչ են ուզում անել օպտիմալացման անվան տակ, մի՞թե Կոնսերվատորիայի շուրջ ընթացող զարգացումներից էլ տեղյակ չեք։

-Տեղյակ եմ, բայց չեմ մասնակցել դրան, եւ այդպիսով որոշ մարդկանց նեղացրել եմ։ Ես խուսափում եմ ստորագրությունս որեւէ բանի տակ դնել, որովհետեւ դրա պատասխանը շատ արագ ստանում եմ որեւէ կողմից։

-Այսինքն՝ խուսափում եք քննադատվելու՞ց, ումի՞ց եք ստանում պատասխանը, ո՞վ է Ձեզ քննադատում։

-Ոչ միայն քննադատում են, այլեւ հայհոյում են, վարկաբեկում, ինչ ասես ասում են։ Ես հասկացել եմ, որ չպետք է խառնվեմ։

-Միգուցե հենց այդ պատճառով են Ձեզ քննադատում, որ չեք խառնվում, չեք արտահայտվում։ Մարդիկ ասում են՝ երկիրը օրհասական վիճակում է, պետություն ենք կորցնում, տարածքներ ենք կորցնում, մշակույթ ու արվեստ ենք կորցնում, փակվում են մշակութային կենտրոններ, իսկ մեր մեծերը, հեղինակություն ունեցող մարդիկ՝ ի դեմս մաեստրո Տիգրան Մանսուրյանի, լուռ է, բոլոր իշխանությունների հետ լավ լինելու գիծն է բռնել։

-Բալիկս, ես չգիտեմ, թե իմ մի զանգը, քննադատությունը ով ինչպես է օգտագործելու իր շահի համար։

-Կարծում եք՝ քաղաքական նպատակներո՞վ են օգտագործելու հայրենիքի մասին Ձեր մտահոգությունները։

-Գզվռտոց է հիմնականում, մանր հարցեր։ Ես չէի ուզի խոսել այս ամենի մասին։ Ես որեւէ բողոք չունեմ, միայն խնդրանքս՝ այդ ստորագրության վերաբերյալ է։ Ես միայնակ մարդ եմ, ոչ կին ունեմ կողքիս, որեւէ մեկը չկա։ Իմ կենցաղում մի կերպ եմ գլուխ հանում։ Ես մյուսների հետ խառնվեմ, որ ի՞նչ լինի, 85 տարեկան՝ հազիվ քայլող մարդ։ Մանսուրյանին նորից քաշում ես քաղաքական հարցերի մեջ, վախենում եմ։

-Դուք մեծ հարգանք ու սեր եք վայելում, Ձեր խոսքը կարեւոր է, դրա համար են մարդիկ Ձեզնից նեղանում, որ լուռ եք, չեք խոսում։ Եվ ակամայից մասնակցում եք իշխանությունների վարած քաղաքականությանը։

-Ահավասիկ խոսել եմ, եւ արդյո՞ւնքը։ Ես երբեք տեսախցիկի առջեւ չեմ հայտնվի, դրանից իմ կյանքը չի հեշտանա, միայն կբարդանա։

Սամվել Թոփալյանի լուսանկարը՝ ֆեյսբուքյան էջից

Սամվել Թոփալյան. «Չգիտեմ, թե ինչպես են պարոն Մանսուրյանին ներկայացրել՝ թղթի բովանդակությունը»

Ավելի ուշ Լիա Սարգսյանը խոսել էր դերասան Սամվել Թոփալյանի հետ: Նա պատմել էր, որ ինքը շատ հստակ ասել է, թե ինչի համար է այդ ստորագրությունը. «Ես զանգել եմ պարոն Մանսուրյանին, ասել, որ խնդրանքս «Գոյ» թատրոնի հետ է կապված, ուզում ենք նամակ գրել վարչապետին՝ «Գոյ» թատրոնի տարածքում արդեն որպես մասնավոր թատրոն մնալու եւ աշխատելու խնդրանքով, այսինքն՝ պետությունից չֆինանսավորվենք։ Տիգրան Մանսուրյանն ասել է՝ խնդիր չէ, ես կստորագրեմ։ Չգիտեմ, թե ինչպես են պարոն Մանսուրյանին ներկայացրել՝ թղթի բովանդակությունը»։

Վարդան Մկրտչյան

Վարդան Մկրտչյան. «Ստորագրահավաքից հետո մաեստրոն ցանկացել է ինձ հետ հանդիպել, զրուցել»

Ավելի ուշ պարզվել էր, թե ինչու է Տիգրան Մանսուրյանը որոշել իր ստորագրությունը հետ կանչել: Ըստ լրագրողի տեղեկությունների՝ նրան հորդորել է դա անել Սունդուկյանի անվան դրամատիկական թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանը։ Վերջինս չէր չէր ժխտել իր դերակատարությունը եւ մանրամասներ էր հայտնել. «Ստորագրահավաքից հետո մաեստրոն ցանկացել է ինձ հետ հանդիպել, զրուցել։ Մենք միշտ ենք հանդիպում՝ անկախ ամեն ինչից, վաղեմի բարեկամներ ենք։ Մաեստրոն ցանկացավ ինձ հետ զրուցել եւ հասկանալ շատ բաներ, շատ հարցեր ուներ թեմայի հետ կապված։ Ես իրեն չեմ ուղղորդել»։

Հարցին՝ իսկ ինչպե՞ս եք ներկայացրել խնդիրն ու ստորագրահավաքի բովանդակությունը, որ հանդիպումից հետո կոմպոզիտորը որոշել է ստորագրությունը հետ վերցնել, պատասխանել էր․ «Ես չեմ ուզում մանրամասներ ներկայացնել իմ եւ մաեստրոյի զրույցից։ Պատմեմ, որ հանդիպում ենք ինչից ենք խոսու՞մ, դա ճիշտ կլինի՞։ Մաեստրոյի հետ հանդիպումներ ենք ունենում 1997թ․-ից»։

Սունդուկյան թատրոնի տնօրենը չէր ցանկացել որեւէ մեկնաբանություն տալ նաեւ «Գոյ» թատրոնի անձնակազմի ստորագրահավաքի վերաբերյալ: Հիշեցնենք, որ անձնակազմը դիմել էր Նիկոլ Փաշինյանին՝ թատրոնը մասնավոր դարձնելու առաջարկով։

«Ես ավել բան չեմ ուզում խոսել այս թեմայի շուրջ։ Ուզում են մասնավոր թատրոն ունենալ՝ թո՛ղ ունենան, ո՞վ է իրենց խանգարում։ Բայց «Գոյ» թատրոնի տարածքը կառավարության որոշմամբ վերադարձվել է Սունդուկյան թատրոնին»,-ասել էր նա։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930