Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Վայելքների գյուղ՝ Շիրակի մարզում

Մարտ 29,2016 16:32

Ինչպես տեղեկացրել ենք, օրերս Շիրակի նորանշանակ մարզպետ Հովսեփ Սիմոնյանը Արթիկ քաղաքում հանդիպեց այս տարածաշրջանի գյուղապետերի հետ՝ լսելով բոլոր գյուղերի խնդիրները:

Սարատակի գյուղապետ Միշա Ղրզոյանը, ի տարբերություն մյուս 25 գյուղապետերի, որոնք ձայն խնդրելով՝ անվերջ թվարկում էին իրենց գյուղերի խնդիրները, դրանք ոչ սկիզբ ունեին, ոչ էլ վերջ, իր գյուղի կյանքը այնպես ներկայացրեց, որ լրագրողներից մեկը կատակեց՝ «Չլինի՞ մեր մարզն էլ Կանարյան կղզիներ ունի, չգիտենք»:

Գյուղապետն ասաց. «Մեր գյուղում ամբողջությամբ լուծված է ջրի մատակարարման հարցը. 24 ժամյա խմելու ջուր ունենք, շատ նորմալ մակարդակով ապահովում են: Միջհամայնքային ճանապարհը, որ շատ գյուղեր չեն վայելում, մենք արդեն վեց տարուց ավելի վայելում ենք: Ունենք շատ գեղեցիկ պուրակ, որտեղ վայելում են իրենց հանգիստը մեր համայնքի ծեր մարդիկ, կուլտուրայի տունը, որ շատ-շատ համայնքներ երազում են, մենք բավականին տարի վայելում ենք՝ անձամբ բյուջեի եւ իմ անձնական գումարների հաշվին վերանորոգել եմ…»:

Երբ հերթը հասավ գյուղի մանկապարտեզին, մանկապարտեզ բառը լսելուն պես հավաքված գյուղապետերը, Միշա Ղրզոյանից առաջ ընկնելով, ծիծաղելով ասացին. «Դուք մանկապարտեզ չունեք, իսկ մենք վայելում ենք…»:

Սարատակի գյուղապետը, չլսելու տալով, շարունակեց. «Մանկապարտեզը, փոքր-ինչ խնդիր ունի, եթե այսօր չհասցնենք լուծենք, մի երկու տարվանից գերխնդիր կդառնա, պարոն մարզպետ: Մանկապարտեզում ինչ կարողացել, արել ենք. խոհանոցը վերանորոգել ենք, անտեղ հարդարման աշխատանքներն արված են, ինչ-որ գույք թարմացված է, բայց տանիքը ու պատուհանները, որ պետք է փոխվեն, դա այսօրվա իսկ խնդիրն է: Ինչքան գիտեմ, պարոն Ցոլակյանը նախատեսել էր, որ պիտի աներ, բայց չկարողացավ հասցնել, երեւի դուք մեծահոգի լինեք եւ շարունակեք այդ սուրբ գործը, որ ծառայում է մանուկների համար »:

Սկսվեց անզուսպ մի ծիծաղ, սակայն գյուղապետը, ուշադրություն չդարձնելով, դարձյալ շարունակեց. «Ունենք շատ լավ մի դպրոց, որը կառուցվել է 1970 թվականին՝ խնամքով պահպանված մեր հարգարժան տնօրենների շնորհքով եւ մինչեւ օրս մի մասը վերանորոգված է ՝սպորտզալի հատվածը, մյուս մասը, որտեղ դասեր են անում… Պարոն մարզպետ, ոնց էլ լինի՝ մեր դպրոցում եղած կլինեք, ներս ես մտնում մեր դպրոցի հայաթը՝ այդտեղից հոգի է դրված. բնություն, յուրաքանչյուր ծառը, յուրաքանչյուր թուփը իր խնամքով 70 թվականից մինչեւ օրս գոյատեւում ու ապրում է մեզ հետ միասին: Խնդրում եմ, մի մասնաշենքի գոնե տանիքը փոխենք, որը իրատեսական է, որպեսզի շենքը պահպանվի, մինչեւ հնարավորություն ունենաք մտածել մնացածի մասին»:

Այս գյուղապետի ելույթը բավական թարմացրեց մթնոլորտը:

Նշենք, որ Սարատակը Շիրակի նախկին դաշնակցական մարզպետ Ռոմիկ Մանուկյանի ծննդավայրն է, նա մինչեւ օրս էլ ապրում է հենց այստեղ:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031