Լրահոս
Օրվա լրահոսը

Հայցադիմում՝ մի քանի լրատվամիջոցների դեմ

Մարտ 30,2016 13:30

Մայիսի 25-ին Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գայանե Մազմանյանը նշանակել է «Առավոտ» լրատվամիջոցի, «Նյուս.ամ» լրատվական-վերլուծական գործակալության, «Նոյյան տապան» լրատվական կենտրոնի եւ փորձագետ Սարգիս Հացպանյանի դեմ հայցի քննության շրջանակներում նախնական դատական անդրանիկ նիստը:

Վանաձորում հաշվառված, բայց փաստացի Թուրքիայում բնակվող կին հայցվորի ներկայացուցիչը ՀՀ փաստաբանների պալատի անդամ Արտուր Հարությունյանն է, որը պատասխանողներից պահանջում է հրապարակային ներողություն, հերքում եւ «ոչ նյութական վնասի փոխհատուցում»:

Հայցադիմումը դատարան է ներկայացվել մարտի 9-ին:

Նույն օրն էլ դատարանը որոշում է կայացրել հայցադիմումը վարույթ ընդունելու եւ գործը դատաքննության նախապատրաստելու մասին:

Ըստ հայցվորի ներկայացուցիչ փաստաբանի, այս տարվա փետրվարին Սարգիս Հացպանյանը «Նոյյան տապան» լրատվական կենտրոնում բանախոսել է Թուրքիայի տիրող իրավիճակի հետ կապված՝ անդրադառնալով պոլսահայության այսօրեական խնդիրներին:

Փաստաբանը հայցադիմումում նշել է, որ ելույթի ժամանակ Սարգիս Հացպանյանը ցույց է տվել իր վստահորդի լուսանկարը, հրապարակային հայտարարել, թե նրան ճանաչում են որպես «մամա Ռոզայի», եւ որ այդ կինը Հայաստանի տարբեր մարզերից հավաքագրում է կանանց, տանում Թուրքիա՝ մարմնավաճառության նպատակով: Նա ունի չորս անձնագիր:
Ս. Հացպանյանը հայտարարել էր ասուլիսի ժամանակ, թե լուսանկարում պատկերված կինը հետախուզվում է Հայաստանի Հանրապետության կողմից: Ասուլիսին հրավիրված լրատվամիջոցները, այդ թվում www.aravot.am-ը, տպագրել են բարձրաձայնածը:

Հայցվորի դիտարկմամբ, ասուլիսում հնչածը զրպարտություն է, պարունակում է վիրավորանք, եւ չի համապատասխանում իրականությանը:

Հայցվորի ներկայացուցիչը դատական կարգով պատասխանողներից պահանջում է ամբողջությամբ հերքել այդ տեղեկատվությունը, հրապարակայնորեն ներողություն խնդրել կնոջից:

Ի դեպ, նկատենք, որ ասուլիսում Հացպանյանը ցույց է տվել մի կնոջ նկար, որի ազգանունը հայցվորինը չէ, միայն անունն է համապատասխանել: Մի քանի նրբություններ կամ հանգամանքներ՝ այս ասուլիսի հետ կապված:

Նախ՝ ասուլիսի կազմակերպիչ «Նոյյան տապանը» ուղիղ եթերով է հեռարձակել տվյալ ասուլիսը: Դեռ հայտնի չէ, թե ուղիղ եթերին որքան լրատվամիջոցներ, քաղաքացիներ են հետեւել, եւ որքանն են նրանցից սոցիալական ցանցերում տարածել: Հետեւաբար, պատասխանողների շրջանակը ողջամիտ չէ, պատասխանատվության բեռն էլ հստակ չէ, թե ում վրա է ընկնելու:

Հրավիրյալ www.aravot.am-ը հեռացրել է իր կայքից ասուլիսի մասին պատրաստված հրապարակումը, քանի որ հընթացս պարզվել է, որ նկարում պատկերվածի ազգանունն այլ է, ասուլիսում հնչածինն՝ այլ:

Փաստաբանի կարծիքով՝ ասուլիսում հնչած տեղեկատվության հակառակն ապացուցելու բեռը կրում են բոլոր պատասխանողները:

Իրավական հիմքերի մեջ նշվում է ՀՀ սահմանադրությունը, համաձայն որի՝ մարդը բարձրագույն արժեք է, մարդու արժանապատվությունն անխախտելի է:
«Հայաստանի Հանրապետությունում մարդն ազատ է անելու այն ամենը, ինչը չի խախտում այլոց իրավունքները: Սահմանադրությամբ հստակ ընդգծվել է, որ մարդու կարծիքի արտահայտման ազատությունը կարող է սահմանափակվել օրենքով, եթե դա, օրինակ, բխում է այլոց պատվի ու բարի համբավի իրավունքների պաշտպանության անհրաժեշտությունից»,- գրել էր հայցվոր կողմը:

Վերջինի կարծիքով՝ իր վստահորդը չի կատարել այն հանցավոր արարքները, որոնք վերագրվել են նրան: Ա. Հարությունյանն ակնկալում է դատական պաշտպանություն, եւ որպես փոխհատուցում պատասխանողներից պահանջում է 3 միլիոն դրամ, որից 1 միլիոնը՝ վիրավորանքի արդյունքում հասցված ոչ նյութական վնաս, 2 միլիոնը՝ զրպարտության:

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Հ.Գ.- Սա առաջին անգամը չէ, որ մեր լրատվամիջոցին հրավիրում են ասուլիսի եւ միակ բանախոսին լսելու, նրա ասածները հանրությանը ներկայացնելու ժամանակ պատասխանատվության բեռ են փորձում դատարանով բարձել մեզ վրա՝ կազմակերպիչների եւ բանախոսի հետ միասին: Տարօրինակ է, որ ասուլիսը լուսաբանող տարատեսակ լրատվամիջոցները դատարան չեն հասնում: Դատարանում լինում ենք մենք:

«Առավոտ» օրաթերթ

29.03.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031