Լրահոս
Օրվա լրահոսը

Նոր կիրակին՝ մոռացված Պատարագով

Ապրիլ 04,2016 12:30

25 տարի անց կրկին կմատուցվի Խորեն Մեյխանեջյանի հոգեւոր երկը

Եկեղեցական օրացույցով Սուրբ Հարության տոնին հաջորդող կիրակին Կրկնազատիկն է կամ Նոր կիրակին: Ապրիլի 3-ին Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում երգչախումբը խմբավար, ՀՀ վաստակավոր արտիստ Կարեն Սարգսյանի (լուսանկարում) ղեկավարությամբ կմատուցի ՀՀ վաստակավոր արտիստ, պրոֆեսոր, հոգեւոր երաժշտության գիտակ Խորեն Մեյխանեջյանի Պատարագը: Այս ստեղծագործությունը կրկին կհնչի շուրջ 25 տարվա լռությունից հետո:

Խորեն Մեյխանեջյանն ավելի քան 25 տարի ղեկավարել է Մայր աթոռ սուրբ Էջմիածնի երգչախումբը, իսկ 1990-ականների սկզբներից տեղափոխվել ԱՄՆ ու ստանձնել Նյու Յորքի Սուրբ Վարդան եկեղեցու երգչախմբի խմբավարի պաշտոնը: Տեղին է հիշեցնել, որ խորհրդային տարիներին հոգեւոր երաժշտություն ստեղծում եւ հնչեցնում են մի քանի նվիրյալներ, այդ թվում՝ Լուսինե Զաքարյանը, Հովհաննես Չեքիջյանը եւ այլն: Մինչդեռ ժամանակին (18-19-րդ դար), օրինակ՝ Փարիզի Աստվածամոր տաճարում երգեհոնահարներ Մարկ Անտուան Շարպանտիեի կամ Սեզար Ֆրանկի ամենօրյա «պարտականությունների» մեջ էր նոր հոգեւոր գործեր ստեղծելն ու մատուցելը, չնայած այդ ժամանակները լեցուն էին հոգեւոր երաժշտությամբ: Բազմաթիվ այլ օրինակներ էլ կան. Վիվալդին, ապա՝ ավելի ուշ Լիստը, իրենց ստեղծագործական ուղին սկսել ու ավարտել են հենց հոգեւոր երկերով:

karen-sargsyan-2

Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցու երգչախումբը:

«Առավոտը» զրույցի հրավիրեց խմբավար Կարեն Սարգսյանին, որը 1972թ. Ն.Ս.Օ.Տ.Տ. Վազգեն Ա-ի օրհնությամբ ծառայել է Սուրբ Գայանե եւ Հռիփսիմե վանքերում, վերջին շրջանում էլ գործունեությունը շարունակում է Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում: Հետաքրքրությանը, թե ինչու բացի Կոմիտասի, Եկմալյանի պատարագներից, հազվադեպ են հնչում մեր ժամանակակիցների նույնանուն ստեղծագործությունները, այդ թվում՝ Ալեքսանդր Հարությունյանի, Արզաս Ոսկանյանի, մեր զրուցակիցը պատասխանեց. «Ինձ պատճառները հայտնի չեն, բայց կուզեի, որ Բախի ժամանակների օրինակով, մեր եկեղեցիներում էլ գործեին բարձրակարգ երգչախմբեր, հետո էլ՝ հնչեին ժամանակակից կոմպոզիտորների հոգեւոր գործեր: Իմիջիայլոց, Բախի ժամանակներում գրեթե յուրաքանչյուր կիրակի եկեղեցիներում հնչում էր նոր հոգեւոր երաժշտություն: Մշտապես ինձ մտահոգել է մի միտք՝ արդյոք հնարավոր չէ՞ մեր օրերում էլ տասնամյակը մեկ խորաններում հնչեն նոր ստեղծագործություններ»: Հավելեց նաեւ, որ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հոգեւոր հովիվ գերաշնորհ Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանի հրամանով ձեռնամուխ են եղել մեյխանեջյանական Պատարագի «վերակենդանացմանը»: Հատկապես նշեց, որ մեծ աշխատանք է կատարել երգեհոնահարուհի Հեղինե Բարսեղյանը, որի օգնությամբ պատրաստվել են նաեւ Դավիթ քահանա Շախկյանի, Սահակ սարկավագ Սիմոնյանի եւ մեներգիչներ Արմինե Խաչատրյանի ու Դավիթ Ավագյանի ձայնաբաժինները: Մեր զրուցակիցը նշեց, որ 1980-ականների վերջերին այդ ստեղծագործությունը հաստատվել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Վազգեն Ա վեհափառի կոնդակով ու հնչել ընդամենը մի քանի անգամ: Իսկ թե ինչու անդրադարձավ հենց Մեյխանեջյանի Պատարագին, Կարեն Սարգսյանն ասաց, որ Պատարագի մեղեդիները ոչ թե վերցված են միջնադարյան հոգեւոր գանձերից, այլ հորինված են հեղինակի կողմից, հավաստիացնելով, թե դրանք բխում են հայ երաժշտության սկզբունքներից:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
02.04.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930