Արարատ քաղաքի թիվ 5 միջնակարգ դպրոցի աշակերտներից յուրաքանչյուրն իր ունեցածով է ցանկացել շնորհակալություն հայտնել այս օրերին ղարաբաղաադրբեջանական սահմանին կռվող զինվորին. նրանք մեծ ոգեւորությամբ են ընդունել դպրոցի տնօրեն Հասմիկ Զադոյանի առաջարկը՝ իրենց հնարավորության սահմաններում օգնել սահմանապահին:
Աշակերտներն իրենց տներից բերել են պահածոներ, գնել ծխախոտ, հիգիենայի եւ զինվորին ամենաանհրաժեշտ այլ պարագաներ: Բանակին օժանդակելու համար հավաքվել է նաեւ որոշակի գումար՝ նորից կամավոր հիմունքներով եւ ըստ հնարավորության չափի:
Զինվորին ուղարկվող փաթեթները մակագրել են հենց աշակերտները՝ նշելով իրենց անունն ու դասարանը: Մասնակցել է ամբողջ դպրոցը:
Արարատ քաղաքի թիվ 5 միջնակարգ դպրոցի աշակերտների «նվերները» սահման է հասցնելու Արարատի Սուրբ Հակոբ եկեղեցու հոգեւոր հովիվ Տեր Դավիթ քահանա Սահակյանը:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: