Այսօր «Հայկական վերածնունդ» կուսակցության անդամները միասնական քայլերթ եւ մոմավառություն էին կազմակերպել՝ ի հիշատակ վերջին օրերին հայրենիքի պաշտպանության համար զոհված զինծառայողների:
Նրանք քայլերթով շարժվեցին դեպի սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի, որտեղ պատարագ մատուցվեց:
Եկեղեցու հոգեւոր հովիվ տեր Հակոբ քահանա Խաչատրյանի խոսքերով՝ «Մարդու արժեքը պայմանավորված չէ իր բոլորած տարիներով: Մարդու արժեքը արժեւորված տարիներով է պայմանավորված: Մարդու չեն գնահատում ընդամենը նրա համար, որ նա երկար է ապրում: Այլ մարդուն դրական են գնահատում նրա համար, թե ինչ արժեքներով է ապրում: Մենք այսօր կանգնած ենք մի ցավալի իրականության առջեւ, որ մեր առջեւ կանգնում են հայրենյաց պաշտպան զինվորների պատկերներ ու նկարներ ու ակամա որքան հուզում, վիշտ է առաջացնում մեր առջեւ, նույնքան հպարտություն եւ պարտավորություն՝ նրանց հիշատակի եւ մեր հայրենիքի առջեւ: Արցախյան պատերազմի զոհված հայ զինվորների զոհողությունը մեր ժողովրդի հավաքական ոգու գիտակցության արտացոլումն է»:
Քահանան ասաց, որ երեկ էլ կյանքից հեռացել է եկեղեցու հոգեւոր տեսուչ տեր Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանի մայրը. «Նրա մայրը թեկուզ 70 տարեկան էր, բայց բնականոն մահ չէր իր մահը, որովհետեւ նա առավոտից երեկո հեռուստացույցի առջեւ նստած այս պատկերների առջեւ հուզվում էր, հպարտանում, լաց էր լինում, մտահոգվում: Այդ ամենը դրսեւորվեց իր մահով: Մենք հավատում ենք, որ մեր կյանքից հետո եւս կյանք գոյություն ունի: Վստահ ենք, որ ապրել չի նշանակում թթվածին շնչել, ապրել նշանակում է արժեւորել կյանքը, ապրել մարդկանց հիշողություններում եւ հավիտենական կյանքի արժանանալ մարդկանց մոտ: Ոչինչ չարժե կյանքը, եթե այն արտահայտվում է միայն երկրային պետքեր ունենալու ցանկությամբ: Անարժեք է այն կյանքը, եթե այնտեղ չկա զոհաբերման գիտակցությունը հայրենիքի, բարեկամի, եկեղեցու, ընկերոջ, ընտանիքի: Դա անարժեք, ոչինչ չներկայացնող կյանք է»:
Կարդացեք նաև

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ



















































