Ռուսական «Կոմերսանտը» ծավալուն անդրադարձ է կատարել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի պաշտոնական այցին Ստամբուլ, որտեղ Բելառուսը դիտորդի կարգավիճակով մասնակցեց «Իսլամական համագործակցություն» կազմակերպության գագաթնաժողովին, իսկ Լուկաշենկոն առանձին հանդիպում ունեցավ Թուրքիայի նախագահ Էրդողանի հետ։

Վերլուծության մեջ հնարավոր տարբերակ է համարվում վարկածը, թե նախագահ Էրդողանը Լուկաշենկոյին Ստամբուլ էր հրավիրել ռուս-թուրքական հարաբերություններում «Բելառուսական խաղաքարտը» ձեռք բերելու համար և ամենազարմանալին այն էր, որ Բելառուսի նախագահն անմիջապես ընդունել է Թուրքիայի առաջարկը, մինչդեռ «Իսլամական համագործակցություն» կազմակերպության գագաթնաժողովին ՌԴ-ն ներկայացված էր այդ երկրի ԱԳՆ հատուկ հանձնարությունների դեսպան Կոնստանտին Շուվալովի մակարդակով։
Ռուսական պարբերականի հոդվածագիրների զարմանքի պատճառ է դարձել հատկապես այն, որ Բելառուսի նախագահը ոչ միայն ակտիվորեն մասնակցել է իսլամական երկրների ֆորումին, այլև առանձին հանդիպում է ունեցել Թուրքիայի նախագահի հետ և կոչ արել զարկ տալ երկու երկրների հարաբերություններին։
Կարդացեք նաև
Վերլուծության հեղինակների կարծիքով՝ Լուկաշենկոն մի քանի տարօրինակ հայտարարություններ է կատարել՝ «Իսլամական համագործակցություն» կազմակերպության գագաթնաժողովում իր ելույթի ժամանակ։ Բելառուսի նախագահը, մասնավորապես, ասել էր. «Իսլամական աշխարհը կարող է դառնալ կայունության և անվտանգության հենքերից մեկը, երկրագնդի առաջադեմ և կայուն զարգացման շարժիչը»։
Ուշագրավ է, որ ծավալուն վերլուծականի ավարտին հոդվածագիրները մեջբերում են «Իսլամական համագործակցություն» կազմակերպության գագաթնաժողովի ավարտից հետո Բելառուսում Լուկաշենկոյի և ՌԴ Իվանովսկի երկրամասի նահանգապետ Պավել Կոնկովի հետ հանդիպման ընթացքում Լուկաշենկոյի խոսքերը, որտեղ Բելառուսի նախագահը մեկնաբանում է Ստամբուլ կատարած իր այցելությունը. «Իմ նպատակը ամբողջովին պարզ էր։ Հենց այդպիսի մակարդակի հանդիպումների ընթացքում է հնարավորություն ստեղծվում հանդիպել այլ պետությունների ղեկավարների հետ և քննարկել համագործակցության հնարավորությունների ճանապարհային քարտեզները, ինչպես նաև խոսել, թե ինչպես են իրականացվում երկկողմ պայմանավորվածությունները»։


















































