Ապրիլի 23-ին Բեռլինում կանգնեցվեց հայկական խաչքար Հայոց Ցեղասպանության զոհերին ի հիշատակ: Հայաստանից բերված խաչքարը տեղադրվեց Բեռլինի կենտրոնական փողոցներից մեկում գտնվող արքեպիսկոպոսանիստ Սուրբ Հեդվիգ տաճարի բակում: Այս տաճարն ընտրվել է անցյալի հետքերով: Գերմանահայկական ընկերության ջանքերով 1919 թ. մայիսի 14-ին այստեղ է անցկացվել Հայոց Եղեռնի զոհերի հիշատակին նվիրված առաջին պատարագը Գերմանիայում, որին մասնակցել են Վայմարյան Հանրապետության պաշտոնական ներկայացուցիչներ և օտարերկրյա մի շարք դիվանագետներ: Այս մասին խաչքարի հետնամասում եռալեզու հիշատակում կա:


Կարդացեք նաև

Հուշակոթողի բացման արարողությանը ներկա հոգևորականներին, պաշտոնատար անձանց և որոշ ներկայացուցիչների համար Գերմանիայում հայկական դեսպանատունը կազմակերպել էր ընդունելություն:

Ցուցարարներից շատերը դժգոհում էին, որ Բեռլինում ապրող հայերը և այստեղ առկա բոլոր կառույցները համախմբված չեն գործում, տարբեր ակցիաներ են կազմակերպում և դրանք հաճախ զուգադիպում են ու իրենք երկընտրանքի առջև են կանգնում, թե որին մասնակցեն: «Ճիշտ կլիներ, որ մեկ-երկու օրում այսքան խտացված միջոցառումներ չլինեին, այլ մեկ-երկու շաբաթում, որ և‘ շատ խոսվեր թեմայի շուրջ, և‘ բազմամարդ լիներ, մեկ մարդը չի կարող բոլոր միջոցառումներին միաժամանակ մասնակցել»,-նշեցին նրանցից մի քանիսը:

Գերմանիայում Ցեղասպանության ճանաչման հանձնախմբի անդամ պարոն դր. Ժիրայր Քոչարյանը մեզ հետ զրույցում նշեց, որ իրենք անհամբեր սպասում են հունիսի 2-ին: Այդ օրը Բունդեսթագում քննարկվելու է ցեղասպանության մասին բանաձևը: «Բունդեսթագի CDU/CSU խմբակցության նախագահ Վոլկեր Քաուդերն է այդ հարցը առաջ քաշել, տեսնենք թե նա ինչպես կվարվի իր խոստման հետ: Փառք տիրոջը, որ Թուրքիան այնպիսի նախագահ ունի, որ քաղաքավարություն բոլոր սահմաններն անցել է, իր ցեղակից, արյունակից Ալիևի հետ միասին աշխարհի ռեկորդակիրներն են, իրենց բանտերը լեցուն են թղթակիցներով և այստեղ էլ են թուրքերն իրենց անվայելուչ պահում: Իսկ Գերմանիայի կողմից ցեղասպանության ընդունումը Թուրքիայի համար կնշանակի սթափեցում»:
Իսկ Բեռլինում Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին կանգնեցվող երկրորդ ու ավելի մեծ հուշակոթողի բացումը տեղի կունենա ապրիլի 24-ին:
Գայանե ԱՌԱՔԵԼՅԱՆ
Արվեստագիտության թեկնածու



















































