Bloomberg-ին տված հարցազրույցում Սերժ Սարգսյանը նշել էր, թե պատերազմը Ղարաբաղում կարող է վերսկսվել ցանկացած պահի, ու հավելել, որ հակամարտության լուծման ուղղությամբ բանակցությունների հեռանկարը մեծ չէ: Անդրադառնալով բանակցությունների չվերսկսման մասին այսօր հաճախ հնչող հայտարարություններին՝ ՀՀ ԱԳՆ ՆԱՏՕ-ի բաժնի նախկին վարիչ, Ժողովրդավարության, անվտանգության եւ զարգացման հայկական կենտրոնի փորձագետ Մարթա Այվազյանն «Առավոտ»-ի հետ զրույցում նշեց. «Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանի հայտարարությանը ներկայիս իրավիճակում բանակցությունները վերսկսելու անհնարինության վերաբերյալ, ապա այն ինձ մոտ տարակուսանք եւ նույնիսկ վրդովմունք է առաջացնում:

ՀՀ ԱԳՆ ՆԱՏՕ-ի բաժնի նախկին վարիչ, Ժողովրդավարության, անվտանգության, և զարգացման հայկական կենտրոնի փորձագետ Մարթա Այվազյանը
Բանակցությունները պետք է շարունակվեն ցանկացած պայմաններում: Ավելին՝ հիմա բանակցային գործընթացը պետք է շատ ավելի մեծ ինտենսիվությամբ ընթանա, դա է միակ մեզ համար ճիշտ եւ շահեկան ճանապարհը, որը նաեւ կարող է փրկել զինվորների կյանքեր, եւ բավական վտանգավոր է ներկայիս իրավիճակում նման, ես կասեի՝ սադրիչ եւ կեղծ հայրենասիրության երանգներ ունեցող հայտարարություններ անել, որոնք, ըստ էության, հայտարարություն են պատերազմը շարունակելու մեր մտադրության մասին, եւ որոնց միակ բացատրությունը կարող են լինել մեզ համար ոչ տեսանելի եւ ոչ ընդունելի պայմանավորվածությունները խնդրի հանգուցալուծման վերաբերյալ»:
«Առավոտ» օրաթերթ
04.05.2016


















































