Լրահոս
Օրվա լրահոսը

Տեղի ունեցավ սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի նիստը

Մայիս 05,2016 19:30

Մայիսի 5-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի ղեկավարությամբ տեղի ունեցավ Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը:

Ողջունելով ներկաներին սփյուռքի նախարարը ցավով նշեց, որ նախորդ նիստից հետո ընկած ժամանակահատվածում տասնյակ զոհեր ենք ունեցել Սիրիայում, և ծանր կորուստներ Ղարաբաղյան մարտական գործողությունների ընթացքում:

Նիստը սկսելուց առաջ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի առաջարկով ներկաները 1 րոպե լռությամբ հարգեցին վերջին օրերին Սիրիայում և Լեռնային Ղարաբաղում զոհված մեր հայրենակիցների հիշատակը:

Երևանաբնակ սիրիահայերի սոցիալական աջակցության ծրագրերի մասին զեկուցումով հանդես եկավ Երևանի քաղաքապետարանի սոցիալական ապահովության վարչության պետ Ռուզաննա Զաքարյանը: Նա հանգամանորեն ներկայացրեց 2012- 2016թթ. երևանաբնակ սիրիահայերի սոցիալական խնդիրների լուծման ուղղությամբ կատարված աշխատանքները:

Սփյուռքի նախարարը գոհունակությամբ նշեց, որ զեկուցումը բավականին տպավորիչ էր և կարևորեց սիրիահայերի հարցերով զբաղվող բոլոր կազմակերպությունների համաձայնեցված, նպատակային և արդյունավետ  աշխատանքը:

Սիրիահայերի հիմնախնդիրների  լուծման ուղղությամբ 2015 թվականին կատարված և 2016 թվականին նախատեսվող աշխատանքային ծրագրերը ներկայացրին «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրենի խորհրդական Աիդա Խաչիկյանը, ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի (UNICEF) հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Տանյա Ռադոչայը, ՀՀ մշակույթի նախարարության ժամանակակից արվեստի վարչության պետի տեղակալ Լիլյա Նիկոյանը, «Հայկական Կարիտաս» բարեսիրական ՀԿ –ի սիրիահայերի աջակցության ծրագրերի ղեկավար Լուսինե Ստեփանյանը:

Ամփոփելով նիստը՝ սփյուռքի նախարարը շնորհակալություն հայտնեց սիրիահայերի հարցերով զբաղվող կազմակերպություններին, արժևորեց Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի և Արևելյան Եվրոպայի կաթողիկեների առաջնորդ Ռաֆայել արք. Մինասյանի հոգածությունը սիրիական պատերազմի առաջին օրերից մեր հայրենակիցներին պատսպարելու, նրանց ինտեգրման, սոցիալական խնդիրները կարգավորելու ուղղությամբ կատարած աշխատանքը:

Անդրադառնալով սիրիահայ երեխաների ամառային հանգիստը կազմակերպելու հարցերին՝ նախարարը կոչ արեց գերատեսչություններին, հասարակական և բարեգործական կազմակերպություններին քայլեր ձեռնարկել այդ ուղղությամբ և հնարավորություններ ստեղծել երեխաներին ճամբարներում տեղավորելու համար:

Նախարարը նշեց, որ հունիսի 22-24-ը Հայաստանում հյուրընկալվելու է Հռոմի Պապը, նախատեսվում է նաև հանդիպում սիրիահայերի հետ և պետք է հավուր պատշաճի կազմակերպել այդ հանդիպումը:

Նիստի վերջում նախարարը նշեց. «ԱՄՆ կատարած աշխատանքային այցի շրջանակներում Նյու Յորքում հանդիպումներ եմ ունեցել փախստականների և միգրանտների հարցերով ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի հատուկ խորհրդականի տեղակալ Ֆ. Հոչիլդի և ՄԱԿ-ի փախստականների հարցով գերագույն հանձնակատարի Նյու Յորքի գրասենյակի տնօրեն Ն. Քելիի հետ, և պետք է ձեզ փոխանցեմ նրանց գոհունակությունը Հայաստանում սիրիահայերի խնդիրերի լուծման ուղղությամբ տարված աշխատանքների վերաբերյալ: Հայաստանը համարվում է փախստականներ ընդունող երկրի լավագույն օրինակ: Հայաստանը որպես դրական օրինակ ներկայացվելու է ՄԱԿ–ի Գլխավոր ասամբլեայի նիստում: Մենք պետք է շարունակենք նույն ձևաչափով առավել արդյունավետ աշխատել: Սիրիահայերը դարձել են մեր հասարակության լիիրավ անդամ և պետք նրանց ուժերը, գիտելիքները, հմտություններն օգտագործենք Հայաստանի զարգացման, սոցիալ-տնտեսական խնդիրները հաղթահարելու գործում»:

ՀՀ սփյուռքի նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031