Լրահոս
Օրվա լրահոսը

Դեղային մոնոպոլիստ պատգամավորները դադարելո՞ւ են կավիճ ներկրել. Նաիրա Զոհրաբյան

Մայիս 11,2016 19:03

«Շատ բժիշկների հետ զրուցում ես, վիրաբույժներն ասում են՝ հիվանդին ցավազրկող ես սրսկում, վիրահատության ժամանակ ասում է, մեզանից շատ են խոսում, չի ցավազրկում, չի քնում հիվանդը»,- այսօր ԱԺ նիստում «Դեղերի մասին» օրենքի քննարկման ժամանակ պատմեց ՕԵԿ պատգամավոր Հովհաննես Սահակյանը:

Նաիրա Զոհրաբյանն էլ հաստատեց Էդմոն Մարուքյանի դժգոհությունը, որ դեղերը ՀՀ-ում բավականին թանկ են. «Հանկարծ մեկը սխալվի իր մի հարեւանին ասի, որ երկրից դուրս է գալիս, առնվազն 3 ճամպրուկի դեղի պատվեր ենք ստանում՝ սկսած երեխայի համար ամենատարրական ջերմիջեցնողից մինչեւ շատ ավելի լուրջ դեղամիջոցներ: Արդյոք թղթի վրա գրված օրենքը գործելո՞ւ է, արդյոք այստեղ՝ մեր դահլիճում նստած տարբեր դեղային մոնոպոլիստներ դադարելո՞ւ են կավիճ ներկրել: Ես չեմ կարծում, որ խնդիրը կարգավորվելու է»:

Էդմոն Մարուքյանը հարց էր ուղղել կառավարությանը՝ նախագծի ընդունման արդյունքում դեղերի գինը բարձրանալո՞ւ է: Նաիրա Զոհրաբյանը վստահ պատասխանեց գործընկերոջը. «Իհարկե, բարձրանալու է: Եթե դեղի պահպանման ստանդարտների ապահովումը դրվում է դեղ ներկրողի վրա, ավտոմատ կերպով բարձրանալու է, մենք մեր անվճարունակ հասարակության համար ունենալու ենք անհասանելի բարձր գներով վաճառվող դեղեր»:

ԲՀԿ-ն երկընտրանքի առաջ է՝ դե՞մ քվեարկել, թե՞ կողմ, եթե ունեն լուրջ մտահոգություններ. «Մենք բոլորս գիտենք, որ կան մարդիկ, որոնք օրենքից վեր են: Լավատես չենք, որ այս անկառավարելի խայտառակ ոլորտը կարգավորվելու է, բայց հիմա լավ, կքվեարկենք կողմ, բայց քանի դեռ չկան միասնական խաղի կանոններ, ամենալավ օրենքն էլ չի աշխատելու»:

ԱԺ առողջապահության, մայրության եւ մանկության հարցերի հանձնաժողովի նախագահ Արա Բաբլոյանն էլ պատասխանեց. «Մենք պետք է դադարեցնենք այն մտածողությունը, որ դեղատունը կավիճը տալիս է ժողովրդին: Նույն մարդիկ եւ որակից են բողոքում, եւ ասում են, թե ինչի՞ ենք մենք ուզում պահպանման կանոններն էլ դրվեն ներմուծողների վրա: Մինչեւ պահպանման կանոները չպահպանվեն, չենք կարող ունենալ այն որակը, որն ուզում է քաղաքացին ստանալ»:

Ինչ վերաբերում է Էդմոն Մարուքյանի մտահոգությանը, որ դեղերի ոլորտի մենաշնորհացմանն են նպաստում՝ Արա Բաբլոյանը պատասխանեց՝ որեւէ մեկը չի արգելում դեղերի մանրածախ առեւտրով զբաղվողին, որ մեծածախ առեւտրով զբաղվի, բայց կամ մեկը պիտի անի, կամ մյուսը, չի կարող երկու շուկայում էլ լինել:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031