Հայկական «Քրոս» (Կարմիր խաչ) առողջության կենտրոնում այժմ վերականգնողական բուժում է ստանում երեք զինծառայող, որոնցից 2-ը` ծանր վիրավորումներ են ստացել Արցախում ապրիլյան հակամարտության վերջին օրերին: Երեք տղաներն էլ հենաշարժական ապարատի հետվնասվածքային խնդիրներ ունեն: Հայկ Թորոսյանի, Հայկ Սեխլիյանի և Արամ Սարյանի հետ միաժամանակ աշխատում է փորձառու մասնագետների մի ամբողջ խումբ:
Վերականգնող բժշկի, բուժքույրերի, կինեզիստի, սթրեսոլոգ-հոգեբանի մանրակրկիտ և երկարատև բուժման արդյունքում փուլ առ փուլ, նախապես մշակված ծրագրային մոտեցմամբ է իրականացվելու վիրավորների յուրաքանչյուր մկանի վերականգնումը:
Վերականգնողական բժշկության ոլորտում ավելի քան 25 տարվա փորձառություն ունեցող բժիշկներ Հմայակ Կարապետյանի և Նարինե Զալիբեկյանի խոսքով` այս փուլում աշխատանքներն ուղղված են տղաների ֆունկցիոնալ ունակությունները լավացնելուն, ինչը փուլային և երկար ժամանակ պահանջող գործընթաց է: Մասնագետները բուժման ընթացքում առավել մեծ հաջողությունների հասնելու գործում մեծապես կարևորում են նաև հոգեբանական պատրաստվածությունը:
ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն այցելել է վերականգնողական բուժում ստացող տղաներին: Կենտրոնի գլխավոր տնօրեն Ալեքսանդր Մնացականյանի ուղեկցությամբ նա հետևել է վերականգնողական աշխատանքներին, զրուցել բուժանձնակազմի հետ:
Կարդացեք նաև

Հայկական «Քրոս» (Կարմիր խաչ) առողջության կենտրոնի մասնագետները, որ պարբերաբար վերապատրաստվում են արտերկրում, վերականգնողական բուժօգնություն են տրամադրում տարեկան ավելի քան 1000 մարդու:
ՀՀ առողջապահության նախարարության մամուլի հաղորդագրություն


















































