Լրահոս
Օրվա լրահոսը

Հիսուսը կմտնե՞ր ինտերնետ

Մայիս 25,2016 14:00

Կամ՝ ինչպե՞ս վարվել սոցիալական ցանցերում

Ուզո՞ւմ եք մի պրակտիկ բարի գործ անել: Համ ձեր մեղքերը կքչացնեք, համ խիղճներդ կհանգստանա, համ փորձանքից հեռու կմնաք, համ էլ Քրիստոսի առաջ գոնե մի քիչ թեթեւ կլինի կանգնելը: Նայեք ձեր Ֆեյսբուքի էջին, նկարներին, կիսած բաներին, Like արած բաներին ու հարցրեք, «Հիսուսը սենց բան կանե՞ր»: Եթե այո, ապա թողեք, եթե չէ, հեռացրեք ձեր էջից, որպեսզի ուրիշի համար գայթակղություն չլինի:Համ դուք կսկսեք փոխվել նոր մտածողությամբ, համ շրջապատը, համ էլ կյանքը:

Երբ այս մասին մի քանի օր առաջ գրեցի իմ ֆեյսբուքյան էջին, ոմանք հարցրեցին, իսկ Հիսուսը կմտնե՞ր ինտերնետ:

Լավ հարց է: Պատասխանը չգիտեմ: Բայց գիտեմ, որ երբ մենք մտնենք ինտերնետ, պիտի փորձենք միայն բարին անել: Եկեք դիտարկենք միասին:

Տեր Հիսուսն օգտագործեց իր ձեռքի տակ եղած բոլոր միջոցները Աստուծո Խոսքը տարածելու համար: Օրինակ, մի անգամ աշակերտները անակնկալի եկան, որ նա ուղղակի կնոջ հետ է խոսում ու նրան քարոզում (Հովհ. 4:27): Ուրեմն հարցը ինտերնետը չէ: Ինտերնետը չար կամ բարի չէ: Մեկը երկաթը վերցնում ու սպանող գործիք է սարքում, իսկ մյուսն էլ երկաթը վերցնում ու խաչ է սարքում: Երկաթը բարի՞ է, թե՞ չար: Մեկը ինտերնետն օգտագործում է անբարոյականություն տարածելու համար, մյուսն էլ ինտերնետն օգտագործում է միլիոնավոր մարդկանց Աստուծո Խոսքը հասցնելու համար ու այդ մարդկանց կյանքում, իրենց ներաշխարհում ու մտածողության մեջ իրական փոփոխություն է առաջանում:

Ինտերնետը բարի՞ է, թե՞ չար:

Հեռախոսը, մեքենան, օդանավը եւ նման բաները բարի՞ են, թե՞ չար: Հիսուսը մեզ ասաց, որ ապաշխարենք, որ մեր միտքը՝ մտածելու եւ որոշումներ կայացնելու միջոցը, փոխենք: Հիմա, օրինակ, երբ որ մարդիկ մտնում են Ֆեյսբուք ու շփվում հեռավոր սփյուռքում գտնվող իրենց ազգականների հետ, ու ձեռի հետ էլ չար ու գայթակղիչ բաներ են կիսում մարդկանց հետ, ու մեկն էլ նրանց ասում է, ժողովուրդ ջան, այդպիսի բաների մասին մի մտածեք, ձեր միտքը նման բաներով մի թունավորեք ու մի տարածեք գայթակղություն, այլ մարդկանց մտքերին տարածեք բարի բաներ ու սեր…. հիմա սա բարի՞ է, թե՞ չար:

Այս տեսակետին ոմանք հակադարձում են, ասելով, թե ինտերնետը աստվածապաշտության եւ հոգեւոր կյանքի համար լավագույն վայր չէ:
Իհարկե՝ չէ: Ինտերնետում ոչ աղոթք է լինում, ոչ էլ Աստված պաշտվում, նույնիսկ եթե այդ մասին մարդիկ գրեն ինտերնետում:

Աստվածպաշտության ու հոգեւոր կյանքի համար ՄԻԱԿ վայրը մարդու հոգին է, սիրտը, միտքը, ուժը՝ այսինքն մարդու ներսը: Դրա համար Տեր Հիսուսն ասաց, ամենամեծ պատվիրանն է՝ սիրել Աստծուն քո ամբողջ սրտով, քո ամբողջ հոգով, քո ամբողջ մտքով, քո ամբողջ ուժով:

Իսկ ինչ կապ ունի այս ինտերնետը:

Քրիստոնեական հավատքը գործ ունի մարդու մտքի, հոգու եւ ներաշխարհի հետ: Որտե՞ղ է քո միտքը: Տեր Հիսուսն ասաց, «որտեղ որ ձեր գանձերն են, այնտեղ էլ կլինի ձեր սիրտը» (Մաթ. 6:21): Հիմա եթե մարդը Ֆեյսբուքում օրական 2 ժամ է անցկացնում, ուրեմն իր միտքը օրական 2 ժամ այստեղ է: Նա կարող է 2 ժամ բարիք սերմանել, կամ ուրիշի միտքը թունավորել ու գայթակղել: Ինչպես նաեւ սեփական միտքը: Բացի դրանից, սոցիալական ցանցերը պարզապես նախ եւ առաջ շփման միջոցներ են, ոչ բարու հետ կապ ունեն, ոչ էլ չարի: Ինչպես վերեւում գրել էի, կապ՝ նայած թե դուք ինչպես այն կօգտագործեք:
Օրինակ, Ֆեյսբուքում պրակտիկ բաների մասին խոսելը չի նշանակում, թե այն մյուս պրակտիկ բաները (քո հարեւանին օգնելը, նրա ետեւից չբամբասելը եւ այլն) պիտի բաց թողնել: Այլ հակառակը, որտեղ էլ քո մտքերը լինեն, դրանք պետք է լիցքավորել ու սնել Աստուծո Խոսքով ու տնից դուրս գալ ու բարիք գործել: Օրինակ, երբ գնաս գործի, քեզ կաշառք առաջարկեն, դու ասես ո՛չ, ես չեմ վերցնի: Մի լավ պատվիրան կա, Տերն ասում է՝ «հարկ էր այս անել եւ այն չթողնել» (Մտ. 23:23):

Եթե մարդիկ Ֆեյսբուքում չլինեին, ապա այստեղ գրելու կարիք էլ չէր լինի: Դուք պետք է ձեր միտքը մաքուր պահեք, ուր էլ լինեք: Եթե ձեր մտքերը կեղտոտվեն, ապա ձեր սիրտն էլ կկեղտոտվի: Մաքրելը շատ դժվար բան է: Եթե դուք ձեր մերձավորին սիրեք, նրա մասին վատ բաներ չեք տարածի, լինի դա բամբասանք, դեղին մամուլ, թե անպարկեշտություն: Խոսքն այս բաների մասին է, այլ ոչ թե կյանքի մյուս ասպարեզները չար են: Չար են, թե բարի, կախված են ձեր մոտեցումից: Միայն ուշադիր եղեք, որ ինտերնետից կախվածության մեջ չընկնեք, այլ դուրս եկեք ու շփվեք մարդկանց հետ, հոգ տարեք նրանց համար, օգնեք նրանց եւ մխիթարեք իրենց սրտերը:

 
ԱՐՄԵՆ ՀԱՐԵՅԱՆ
https://www.facebook.com/hareyanarm/

 

«Առավոտ» օրաթերթ
24.05.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031