Տասնամյակներ առաջ օծանելիքի բուրմունքը պատճառ դարձավ, որ արգենտինացի բանդոնեոնահար Կարլոս Բուոնոն ընտրի հենց այս մասնագիտությունը. «Վեց տարեկան էի: Հայրիկիս հետ հաճախ էինք նստում մեր տան շեմին: Միշտ մի պարոն էր անցնում այդտեղով, բարևում հայրիկին ու շարունակում ճանապարհը: Առաջինը նրա օծանելիքի բուրմունքն էր հասնում քթիս: Այս պարոնը միշտ ինչ-որ տուփ ուներ ձեռքում: Ենթադրում էի, որ այդ օծանելիքն է մեջը: Մի օր էլ հայրիկիս հետ գնացինք համերգ: Երբ նվագախումբն արդեն տեղավորված էր, բեմ բարձրացավ նա՝ նույն տուփը ձեռքում, հետո բացեց այն ու միջից հանեց… բանդոնեոն»,- «Արամ Խաչատրյան» համերգասրահում այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ պատմեց Կարլոս Բուոնոն, որն այս օրերին մեր երկրում է և Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի լարային կազմի ու արգենտինացի դաշնակահար Ալդո Սարալեգիի հետ մայիսի 27-ին կլինի «Արամ Խաչատրյան» համերգասրահի բեմում՝ հանդիսատեսին պարգևելով արգենտինական տանգոյի երաժշտության ու պարերի սպասված մի երեկո:
«Սա այն պարն է, որը կարող է մեծ մտերմություն հաստատել կնոջ և տղամարդու միջև: Պարելիս նրանք շատ լավ հասկանում են՝ կլինի՞ այդ մտերմությունը, թե՞ ոչ»,- կարծում է Կարլոս Բուոնոն:

Հարցին՝ արդյո՞ք ինքը սիրում է տանգո պարել, կեսկատակ-կեսլուրջ պատասխանեց. «Արգենտինացիներն ասում են՝ նա, ով նվագում է, չի պարում»:
Կարդացեք նաև
Հետաքրքիր է, որ Կարլոս Բուոնոյի ընտանիքի անդամներն առանձնապես տանգոյի սիրահար չեն. «Տանը առավոտյան ես նվագում եմ տանգո, օրվա երկրորդ կեսին լսում եմ տանգո, իսկ երեկոյան սկսվում են տանգոյի պարապմունքները: Ճիշտ է՝ իմ ընտանիքն ինձ շատ է օգնում, բայց արդեն հոգնել է տանգոյից»,- նշեց արգենտինացի երաժիշտը:
Հավելենք, որ արգենտինական տանգոյի երեկոյի ընթացքում կհնչեն Աստոր Պիացոլլայի, Յակոբ Գադեի, Մարիանո Մորեսի, Անխել Վիյոլդոյի, Էդուարդո Արոլասի, Կարլոս Գարդելի, Ագուստին Բարդիի, Ժերարդո Մատոս Ռոդրիգեսի ստեղծագործություններից: Պարային համարներով հանդես կգան Արիաննա Կաոիլին, Սուրեն Մխիթարյանը, Արկադի Ատասունցովը, Դիաննա Հայրապետյանը:
Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


















































