Մայիսի 26-ին ՀՀԿ երիտասարդական կազմակերպության մշակութային հանձնաժողովի նախաձեռնությամբ տեղի է ունեցել մշակութային բուհերի ուսանողների հանդիպումն ամերիկացի երաժիշտ, երգահան Դանիել Դեքերի հետ։ Սա նրա 15-րդ այցելությունն է Հայաստան. առաջին անգամ մեր երկրում եղել է 2001-ին և այդ ժամանակից ի վեր սկսել է համագործակցել կոմպոզիտոր Արա Գևորգյանի հետ։
Երիտասարդների հետ հանդիպման ընթացքում ամերիկացի երաժիշտը խոսել է հայերի նկատմամբ տածած իր մեծ սիրո, Ցեղասպանության, իր թողարկած «Հայ եմ իմ ընտրությամբ» հայալեզու ձայնասկավառակի և այլ թեմաների մասին, պատասխանել է երիտասարդների հարցերին։
Ի դեպ, նա առաջին ոչ հայ երաժիշտն է, որը թողարկել է ձայնասկավառակ բացառապես հայալեզու երգերով։ Երաժիշտը հիշում է, որ ժամանակին հայերեն երգերի ժողովածու ձայնագրելու իր մտադրության մասին լսելով՝ շատերը խորհուրդ էին տալիս չստանձնել նման բարդ գործ, սակայն Դեքերը կարողացավ իրականացնել այս բացառիկ ծրագիրը, որը հայ դառնալու ճանապարհին իր քայլերից մեկն էր։
«Ես ծնունդով հայ չեմ, սակայն իմ ընտրությամբ եմ հայ,- ասել է Դեքերը և երիտասարդներին ցույց տվել 2015 թվականին ստացած իր հայկական անձնագիրը՝ ավելացնելով,- ես հպարտորեն ձեր դիմաց նստած եմ ու կարող եմ ասել՝ ես ձեզանից մեկն եմ»։
Կարդացեք նաև

Հանդիպման ընթացքում նա նաև բացահայտել է իր առաջիկա ծրագրերը՝ նշելով, որ Արա Գևորգյանի հետ ցանկանում են երգ նվիրել Արաքս գետին։ «Արաքսը հայության համար խորհրդանշական է։ Եվ ուղերձը, որ ես ուզում եմ աշխարհին հասցնել, այն է, որ հայերն այսօր Մայր Արաքսի միայն մի կողմում են կարողանում կանգնել, սակայն այն հայկական գետ է, և մի օր հայերը հնարավորություն կունենան քայլելու այդ գետի երկու կողմերով էլ»,- ասել է երաժիշտը։ Նրա ծրագրերից է նաև «The Beautified Project» ռոք խմբի վոկալիստ և կիթառահար Անդրե Սիմոնյանի հետ համագործակցությունը։
Վերջում Դեքերը հանդիպմանը ներկա երիտասարդներին խորհուրդ է տվել պահպանել սեփական անհատականությունը, ազգային ինքնությունը, քանի որ հայկական մշակույթը շատ հարուստ է ու ինքնատիպ։
Դեքերի և երիտասարդների՝ «Կիլիկիա» երգի կատարումից մի հատված:
ՀՀԿ երիտասարդական կազմակերպություն


















































