«Ես միշտ մտածում էի, որ մի մարդ լինի, ում ես ամեն ինչ կվստահեմ և կուզեմ իմ զգացմունքներն արտահայտել… Հիմա ես գիտեմ այդ ձեւը… Նկարի սրտի մեջ բանալիներով փակված դռները նկարելով կբացես»: Այսպես է խոսում նկարչության մասին վերջին տարիներին քաղաքացիական պատերազմի պատճառով Սիրիայից հայրենիք դարձած այն պատանիներից մեկը, որոնց համար Գաֆէսճեան արվեստի կենտրոնը YMCU սիրիահայերի կազմակերպության աջակցությամբ անցկացրեց «Իմ հայրենիքի բնանկարը» կրթական ծրագիրը: Դասերից յուրաքանչյուրն ունեցել է առանձին թեմա՝ ընտրված նկարչի կյանքն ու ստեղծագործությունը: Ամեն դասի վերջում մասնակիցները նկարել են տվյալ ոճով՝ ոգեշնչվելով հայ արվեստագետների գույներից, վերարտադրած պատկերներից: Աշխատանքներից լավագույններն այժմ ցուցադրված են ԳԱԿ-ում:
Ծրագրի թեման ընտրվել էր այս տարվա թանգարանների միջազգային օրվա թեմային համապատասխան, որն է «Թանգարանները և մշակութային լանդշաֆտները»:
Ինչպես հայտնում է արվեստի կենտրոնի տնօրինությունը՝ ծրագրի նպատակը մասնակից երեխաներին հայկական մշակութային համայնապատկերը ներկայացնելն էր հայ նշանավոր նկարիչների ստեղծագործությունների միջոցով՝ նպաստելով մասնակիցների ներգրավմանը երկրի մշակութային կյանքում:

Կարդացեք նաև
«Ինքս 5 տարի ապրել եմ Սիրիայում և տեսել, թե ինչքան հարուստ է այդ երկիրն իր մշակույթով: Բայց ներկա պայմաններում դժվար է արվեստի և գեղեցկության հետ կապը պահելը: Հուրախություն մեզ՝ երեխաների մեծ մասը նախքան ծրագրին մասնակցելն էլ հետաքրքրված էր արվեստով: Մենք աշխատեցինք նրանց մեջ լրացնել բաց թողած գիտելիքների մի մասը գոնե, և նույնիսկ արվեստի աշխարհ բերել նրանց, ովքեր մինչ այդ շփում չեն ունեցել նկարչության հետ», պատմեց տիկին Շիրինյանը:


Թեման ամենապարզը չէր, և դասընթացի ղեկավարներին, ինչպես և մեզ, հետաքրքիր էր, թե երեխաներն ինչպես կդրսևորեին իրենց երևակայությունը աբստրակտ արվեստում: Նրանցից շատերը չցանկացան ստեղծվող նկարի հիմքը դարձած իրենց հույզերով: Սակայն տասներկուամյա Շիրակը, ով նկարում էր կարմիր, սև, մանուշակագույն գույների համադրությամբ, պատմեց այն, ինչ տեսել էր Սիրիայում:

Կրթական ծրագրերի համակարգող Էլիզաբեթ Շիրինյանը պատմեց, որ մասնակիցներից ակնկալում էր ոգևորություն ցուցասրահի բացման օրը: «Բայց պիտի ասեմ, որ ինձ համար անակնկալ էր տեսնել նրանց հուզվածությունը ծրագրի ավարտի պատճառով, որ այլևս չենք հանդիպելու: Պիտի ասեմ, որ այս ծրագիրը ինձ էլ շատ բան տվեց, առաջին հերթին՝ պատանի երեխաների հետ շփվելու փորձ, ոգևորություն, որ կարողացա արվեստի հանդեպ սերն արմատավորել նրանց մեջ, տեսնել նրանց աճը աշխատանքներում: Դժվար էր, ինչ խոսք, բայց պետք էր, ու արժեր ջանքեր ներդնել»:
Շուշան ԳԱԼՍՏՅԱՆ


















































