Լրահոս
Օրվա լրահոսը

Ծնողը երեխային ծեծում է՝ հիմնավորելով, թե դաստիարակում է

Հունիս 03,2016 16:00

Ծնողների 74%-ը բռնի մեթոդներ է կիրառում իրենց երեխաների նկատմամբ
Հայ ծնողների համար երեխաները սրբություն են, հաճախ ծնողները ինքնազոհողության գնով փորձում են իրենց երեխաների համար առավելագույնն անել, ամենալավ հագուստը, սնունդը գնել, ամենալավ մանկական սրճարաններ տանել, ամեն գնով կրթության տալ եւ այլն: Սակայն ամենալավի հետ զուգահեռ, ինչպես փաստում են մասնագետները, հաճախ երեխաները տարբեր տեսակի՝ հոգեբանական, ֆիզիկական, անգամ սեռական բռնությունների են ենթարկվում ծնողների կողմից:

«Նախ Հայաստանում բռնությունը ճանաչելու եւ որպես բռնություն որակելու խնդիր կա, որովհետեւ, ցավոք սրտի, մեկ ապտակը կամ շատ վիրավորական խոսքերը հաճախ չեն դիտարկվում որպես բռնություն, դրանք դիտարկվում են որպես դաստիարակություն»,- «Առավոտի» հետ զրույցում ասում է «Վորդ Վիժն-Հայաստան» կազմակերպության երեխաների պաշտպանության եւ կրթության ծրագրերի ղեկավար Աիդա Մուրադյանը:

Նա նկատում է, որ մեր երկրում ծնողների մոտ կա տարածված մի խնդիր՝ եթե երեխան իրեն լավ չի պահում, պետք է ծնողի կողմից ենթարկվի բռնության կամ վիրավորական խոսքեր լսի:

Շատ տարածված է նաեւ այն կարծիքը՝ դե, իր երեխան է, ինչ կուզի՝ կանի, կամ՝ իմ երեխան է, ինչ կուզեմ՝ կանեմ, բա երեխա է, մի հատ էլ ապտակ պիտի ուտի, եթե ծնողին չի լսում:

Փորձագետը նշում է, որ մեր հասարակությունը չունի անհանդուրժողական վերաբերմունք, եթե, օրինակ, ծնողը ենթարկում է բռնության՝ ծեծում կամ վիրավորանք ասում երեխային. «Եթե այս ամենը չենք համարում բռնություն, կարող ենք ասել՝ բռնություն չկա: Բռնությունը սկսվում է մեկ ապտակից, վիրավորական խոսքից մինչեւ լուրջ ծեծ ու մարմնական վնասվածքներ: Բնականաբար, մենք սահմաններ գծելու խնդիր մեր առջեւ չենք դրել, սակայն երբ մի ապտակը կամ ծեծը որակելը լուրջ դիմադրության է արժանանում, որ իբր թե դուք ուզում եք ապացուցել, որ բոլոր ընտանիքներում ծեծի են ենթարկում, ոչ, մենք նման բան չենք ուզում ասել: Բայց ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ ծնողների մեծ մասը դաստիարակության մեջ կիրառում են բռնի մեթոդներ»:

«Վորդ Վիժն-Հայաստանն» անցյալ տարի հետազոտություն է կատարել 9000 ընտանիքների շրջանում: Զեկույցը պաշտոնապես կհրապարկվի մի քանի ամսից: Այս հետազոտության հարցման մեջ ներառվել են առողջապահական, կրթական, սոցիալական, երեխաների պաշտպանության հետ կապված մի շարք հարցադրումներ: Ուսումնասիրության արդյունքները փաստում են, որ հարցվածների 74%-ը բռնի մեթոդներ է կիրառել իրենց երեխաների նկատմամբ, 40%-ը կիրառել է բռնություն:

Հարցվածների 8,5%-ն է գտնում, որ երեխաները պետք է ենթարկվեն ֆիզիկական պատժի՝ սա համարելով դաստիարակչական մեթոդ: Տղա երեխաներն ավելի հաճախ են ենթարկվում բռնության, քան աղջիկները:

Ուշագրավ է, որ հարցվածների շրջանում 6-ից 5-ն ասել է, որ չեն դիմի համապատասխան մարմիններին, եթե երեխան ընտանիքում դաժան վերաբերմունքի է արժանանում, իսկ գրեթե ամեն 2-րդն ասել է, որ պատրաստ է հայտնել համապատասխան մարմիններին այն դեպքերի մասին, եթե երեխան խտրականության է ենթարկվում հասարակությունում կամ դպրոցում: Հարցման մասնակիցների մեծ մասը՝ 58%-ը, պատրաստ է հայտնել հարեւանի կողմից երեխայի նկատմամբ դաժան վերաբերմունքի մասին, իսկ 52%-ը պատրաստ է հայտնել նման դեպքերի մասին, եթե այն կատարել է ուսուցիչը:

Աիդա Մուրադյանն ասում է՝ այս ուսումնասիրությունում կա մի ուշագրավ ցուցանիշ՝ հարցվածների 67%-ը գտնում է, որ երեխան չպետք է ենթարկվի բռնության որեւէ պարագայում, այսինքն, ըստ փորձագետի, մի կողմից՝ ունենք իրավիճակ, որ 74%-ը բռնի մեթոդներ է կիրառում, մյուս կողմից էլ՝ 67%-ը գտնում է, որ չպետք է բռնություն կիրառի: Այսինքն՝ ծնողների մեծ մասը ապտակը, հոգեբանական ճնշումը կամ ծեծը բռնություն չի դիտարկում, այլ դաստիարակության միջոց:

«Այստեղ առաջ է գալիս բռնությունը ճանաչելու եւ դրա վնասակար հետեւանքները հասկանալու խնդիրը: Մեր փորձն էլ վկայում է, որ երբ ծնողի հետ որոշակի սոցիալական աշխատանք ենք իրականացնում, բացատրում, որ իր կողմից կիրառած բռնությունն իսկապես հոգեբանական եւ վերջում էլ ֆիզիկական հետեւանքներ կարող է ունենալ հետագայում երեխայի ամբողջ կյանքի համար, հաճախ ունենում ենք դրական արդյունքներ: Բացատրում ենք՝ ցանկացած կոնֆլիկտային իրավիճակ փորձեք լուծել առանց բռնություն կիրառելու, որովհետեւ մենք վերջին հաշվով հավատում ենք, որ ծնողները չեն ուզում ծեծի ու պատժի ենթարկել իրենց երեխաներին»,- ասում է Աիդա Մուրադյանը: Նա նկատում է, որ ծնողների կողմից բռնությունը երեխաների նկատմամբ հաճախ այլ պատճառներով իրենց մեջ կուտակված ագրեսիան այդ պահին երեխաներին է բաժին հասնում կամ երեխաների պատճառով է դուրս գալիս իրենց միջից այդ ագրեսիան, եւ արդյունքում երեխաներն են զոհը դառնում. «Այս իմաստով ծնողների հետ մեծ աշխատանք կա անելու, որովհետեւ եթե մենք ունենանք ամուր, կայուն ընտանիք, ամբողջ պաշտպանական համակարգը կօգտվի դրանից, առաջին օղակը ընտանիքն է: Եթե ընտանիքում երեխան լինի պաշտպանված, մյուս օղակներին՝ պետական եւ այլ, հերթը չի էլ հասնի»:

Փորձագետն ասում է՝ երբեմն ծնողները լրացուցիչ ուշադրության եւ խնամքով էլ կարող են վնասել երեխաներին, այս երեւույթն էլ առկա է մեր հասարակության մեջ, եւ հենց այս երեւույթի պատճառով հաճախ պատահում է, որ, ասենք, երեխան ընդունվում է այն բուհը, ընտրում այն մասնագիտությունը, որը ծնողն է նախընտրել. «Այդպիսով այս երեխաները որպես անհատներ չեն կայանում: Ծնողները պետք է սովորեն որպես անհատներ մեծացնել երեխաներին: Այսինքն՝ այն պահից, երբ բնությունը կտրում է ծնողի եւ երեխայի միջեւ պորտալարը, այդ պահից սկսած պետք է երեխաներին անհատներ մեծացնել: Երեխաներն ամեն տարիքում, իրական կյանքում առնչվում են տարբեր իրավիճակների հետ, պետք է սովորեն ինքնուրույն հաղթահարել այդ իրավիճակը, սովորեն ինքնուրույն դուրս գալ դժվար իրավիճակներից, այդ թվում նաեւ ընտրություն կատարելը: Սա եւս մի մարտահրավեր է երեխայի համար, որ հետո զգա իր կատարած ընտրության հետեւանքը»:

 
ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ

«Առավոտ»

02.06.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930