«Կալինկան» ծրագրում ներառված չէ»,- կեսկատակ ասաց «Ռոսիա սեգոդնյա» միջազգային տեղեկատվական գործակալության գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելյովը՝ դիմելով Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովային: «Բայց թրենդային է»,- նույն ոճով պատասխանեց Զախարովան, որը հունիսի 6-7-ին Մոսկվայում ընթացած «Լրագրության նոր դարաշրջան: Հրաժեշտ մեյնսթրիմին» միջազգային համաժողովին ներկա էր նույնպիսի բարձրակրունկ կոշիկներով, ինչպես եւ պարում էր «Կալինկան»:



Կարդացեք նաև

Ի պաշտպանություն կողմնորոշող լրագրության՝ մի օրինակ բերեց նաեւ ինքը՝ Կիսելյովը: Նա պատմեց, թե «Ազգային շահ» հաղորդման շրջանակներում հաղորդում էր արել օղու մասին՝ «Պատմաբաններ կային, ալկոհոլիկներ… մի հիսուն, վաթսուն մարդ»: Ըստ Կիսելյովի՝ ինքն այդ ժամանակ ձիավարության դասեր էր անցնում ու հաղորդման հաջորդ օրը մի ձիապան իրեն դիտողություն արեց. «Լավ հաղորդում էիր արել, բայց չասացիր ամենակարեւորը, թե որ մեկն է պետք վերցնել»: Ձիապանի օրինակով, որը ողջ հաղորդման ընթացքում սպասել էր ուղղորդող լուրի, թե որ օղին է պետք վերցնել՝ Կիսելյովն ասաց, թե իրեն լավ դաս տվեցին. «Ես էլ չեմ հավատում չեզոքությանը լրագրության մեջ»:
Այս համաժողովի ընթացքում էլ բառային թեթեւակի փոխհրաձգություն եղավ հայ եւ ադրբեջանցի ներկայացուցիչների միջեւ: ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանը ելույթում հընթացս նկատեց, թե Ադրբեջանում եւ Թուրքիայում լրագրողները կալանավորվում են կոռուպցիոն սկանդալների մասին գրելու համար, բայց դրան համարժեք արձագանք չկա: Ադրբեջանի նախագահի աշխատակազմի հասարակական քաղաքական հարցերով բաժնի ներկայացուցիչ Վուգար Ալիեւը, որ մինչ այդ ելույթ չէր ունեցել՝ անմիջապես ցանկացավ արտահայտվել, ու մասնավորապես ասաց, թե չգիտի՝ ինչ է կատարվել Թուրքիայում, բայց Ադրբեջանում լրագրողներին իրենց գրածների համար չէ, որ ձերբակալում են: «Այլ օրինակներ կարելի էր բերել, թե ինչ է կատարվում ԱՊՀ երկրների տարածքում, հենց նույն Հայաստանում, բայց չեմ ուզում դրա վրա ուշադրություն բեւեռել»,- ասաց նա:

Պուտինը համաժողովի մասնակիցների առջեւ ողջույնի ելույթ ունեցավ, որի ընթացքում նաեւ դժգոհեց, թե երբ ինչ որ բան դուր չի գալիս՝ անվանում են այն քարոզչություն:
Շատ ավելի ծավալուն էր Վիքիլիքսի հիմնադիր Ջուլիան Ասանժի ելույթը: Նրա տեսաուղերձից ու հարցուպատասխանից առաջ արգելեցին նկարահանումը: Մասնակիցները հեղեղեցին նրան Վիքիլիքսի համար երախտագիտության խոսքերով: Նրանց հետաքրքրում էր Ասանժին առնչվող գրեթե ամեն ինչ՝ սկսած նրանից, թե ինչպես է իրեն զգում, դեսպանատնից դուրս կգա՞, թե՞ ոչ, ավարտած նրանով, թե ԱՄՆ գաղափարի հակառակո՞րդն է, եւ իր կարծիքով, խոսքի ազատության տեսակետից ո՞վ ավելի լավ կլինի, եթե հաղթի՝ Թրա՞մփը, թե՞ Քլինթոնը: Վերջին հարցին ի պատասխան՝ Ասանժն ասաց, թե ընտրության արդյունքն անկանխատեսելի է, սակայն «Հիլարի Քլինթոնը կանխատեսելի է»: Դժգոհեց նաեւ, թե չորս տարի արեւ չի տեսել, երեխաներն իրեն հինգ տարի չեն տեսել, բայց եւ գոհ էր, որ կարողանում է աշխատել, մի քանի գիրք է գրել:
«Մեր միակ ցանկությունն է, որ շուտով նաեւ ֆիզիկապես մեզ հետ լինեք»,- ամփոփեց այդ վերջին նիստը վարողը՝ «Ռուսաստանը գլոբալ քաղաքականության մեջ» ամսագրի գլխավոր խմբագիր Ֆյոդոր Լուկյանովը:
Աննա ԻՍՐԱՅԵԼՅԱՆ
Մոսկվա-Երեւան




















































Շնորհակալ եմ,
Դուք արդեն գրում եք։
բայց մի տեսակ թաքնված հիացմունք զգացի կիսելի ու զախարովայի հանդեպ։
ինչ վերաբերում ա նյութին, ապա զարմանալի ա դրանց խոսքերը- իրանք քարոզ են անում ամեն ինչ ու ինչ իրանց դուր չի գալիս արգելու մ են՝ քարոզչություն անունով։
հետո էլ բողոքում
Բացարձակ հիացմունք չկա: Կիսելյովը բոլորովին չի ներկայացնում այն լրագրությունը, որը ես դավանում եմ: Եվ նրա, եւ Զախարովայի, եւ ընդհանրապես ռեպորտաժի մեջ բոլոր անձանց խոսքերն ուղղակի մեջբերումներ են՝ առանց վերաբերմունքի: