Լրահոս
Օրվա լրահոսը

Կիսելյովը, Պուտինը, Ասանժը եւ ոչ չեզոք լրագրությունը

Հունիս 09,2016 08:00

«Կալինկան» ծրագրում ներառված չէ»,- կեսկատակ ասաց «Ռոսիա սեգոդնյա» միջազգային տեղեկատվական գործակալության գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելյովը՝ դիմելով Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովային: «Բայց թրենդային է»,- նույն ոճով պատասխանեց Զախարովան, որը հունիսի 6-7-ին Մոսկվայում ընթացած «Լրագրության նոր դարաշրջան: Հրաժեշտ մեյնսթրիմին» միջազգային համաժողովին ներկա էր նույնպիսի բարձրակրունկ կոշիկներով, ինչպես եւ պարում էր «Կալինկան»: 

Samvel Farmanyan Davit AlaverdyanՀամաժողովին, որին ներկա էին երեսուն երկրների մեդիափորձագետներ եւ պաշտոնատար անձինք, հիմնականում քննարկում էին մամուլի շուկայի զարգացման միտումները: Սակայն հնչում էին նաեւ զուտ տեղեկատվական պատերազմի շրջանակներում հասկանալի ելույթներ: Ասենք՝ մի հույն պատվիրակ ելույթում հայտարարեց, թե այլընտրանքային համացանցի միայն երկու օազիս կա՝ Ռուսաստանն ու Չինաստանը, իսկ մնացած ողջ աշխարհը տեղեկատվությունը ստանում է ամերիկյան աղբյուրներից, ու բացականչեց. «Աշխարհում ամենագլխավոր թրենդն այժմ ռուսատյացությունն է»:

Dmitri Kiselyov 2Մեկ այլ մեջբերում «Ռոսիա սեգոդնյայի» ղեկավարի խոսքից: «Սեպտեմբերի 11-ից հետո Միացյալ նահանգներն ասացին իրենք իրենց եւ այլոց՝ բավական է: Այժմ մենք կառուցելու ենք աշխարհը, մենք առաջնորդներ ենք լինելու, ու մենք ինչպես դա ասվում է անգլերեն՝ bound to lead, դատապարտված ենք առաջնորդություն, չունենք այլ տարբերակներ: Եվ հիմա կարգուկանոն ենք հաստատելու, քանի որ այսպես էլ չի կարող շարունակվել: Ու սկսեցին խառնվել տարբեր երկրների գործերին»:

13383937_1272221152808073_533808973_oԿիսելյովի եւ Մարիա Զախարովայի մեկ այլ ուշագրավ երկխոսություն մեջբերենք: «Ռոսիա Սեգոդնյա»-ի ղեկավարը դժգոհեց, թե քաղաքացիական լրագրության անվան տակ կարող են ասպարեզ նետել ինչ որ ցանկանում են,տեղեկատվությունը դառնում է շատ, ու դժվար է կողմնորոշվել: Եվ հարց ուղղեց ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցչին, թե արդյոք առնչվո՞ւմ են այդ իրավիճակին: «Դա մեր նոր իրականությունն է»,- համաձայնեց Զախարովան, դժգոհելով, որ ասպարեզը լեցուն է սոցիական ցանցերի տվյալներով, որոնց արժանահավատությունն ու վստահելիությունն այդչափ բարձր չէ, քանի որ չեն անցնում փաստերի ստուգման կամ որեւէ այլ ֆիլտր: Հնչեցնելով պնդումը, թե լրագրությունը՝ դասական պատկերացմամբ, մահացել է, Զախարովան հավելեց. «Ես որպես քարոզիչ, իսկ ես քարոզիչ եմ՝ ավելի շատ, քան ուրիշները շահագրգռված եմ, որ արհեստավարժ լրագրությունը գոյություն ունենա»:

Dmitri KiselyovԱրհեստավարժ լրագրության այբին ու բենին՝ անկողմնակալությանն ու չեզոքությանը հակադիր էին հնչում այն պնդումները, որ ֆորումի ընթացքում արեց Լիբանանի Al Mayadeen TV մեդիախմբի տնօրենների խորհրդի ղեկավար Հասան Բեն Ժիդոուն, որը հայտարարեց . «Չեմ հավատում այնպիսի հասկացությանը, ինչպես չեզոքությանը լրագրության մեջ»: Սակայն նաեւ հավելեց. «Հավատում եմ արհեստավարժությանը»:

Ի պաշտպանություն կողմնորոշող լրագրության՝ մի օրինակ բերեց նաեւ ինքը՝ Կիսելյովը: Նա պատմեց, թե «Ազգային շահ» հաղորդման շրջանակներում հաղորդում էր արել օղու մասին՝ «Պատմաբաններ կային, ալկոհոլիկներ… մի հիսուն, վաթսուն մարդ»: Ըստ Կիսելյովի՝ ինքն այդ ժամանակ ձիավարության դասեր էր անցնում ու հաղորդման հաջորդ օրը մի ձիապան իրեն դիտողություն արեց. «Լավ հաղորդում էիր արել, բայց չասացիր ամենակարեւորը, թե որ մեկն է պետք վերցնել»: Ձիապանի օրինակով, որը ողջ հաղորդման ընթացքում սպասել էր ուղղորդող լուրի, թե որ օղին է պետք վերցնել՝ Կիսելյովն ասաց, թե իրեն լավ դաս տվեցին. «Ես էլ չեմ հավատում չեզոքությանը լրագրության մեջ»:

Այս համաժողովի ընթացքում էլ բառային թեթեւակի փոխհրաձգություն եղավ հայ եւ ադրբեջանցի ներկայացուցիչների միջեւ: ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանը ելույթում հընթացս նկատեց, թե Ադրբեջանում եւ Թուրքիայում լրագրողները կալանավորվում են կոռուպցիոն սկանդալների մասին գրելու համար, բայց դրան համարժեք արձագանք չկա: Ադրբեջանի նախագահի աշխատակազմի հասարակական քաղաքական հարցերով բաժնի ներկայացուցիչ Վուգար Ալիեւը, որ մինչ այդ ելույթ չէր ունեցել՝ անմիջապես ցանկացավ արտահայտվել, ու մասնավորապես ասաց, թե չգիտի՝ ինչ է կատարվել Թուրքիայում, բայց Ադրբեջանում լրագրողներին իրենց գրածների համար չէ, որ ձերբակալում են: «Այլ օրինակներ կարելի էր բերել, թե ինչ է կատարվում ԱՊՀ երկրների տարածքում, հենց նույն Հայաստանում, բայց չեմ ուզում դրա վրա ուշադրություն բեւեռել»,- ասաց նա:

Vladimir Putin 1Համաժողովի գլխավոր իրադարձությունը, սակայն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցն էր: Օրակարգի սկզբնական տարբերակում նշված էր, թե հարցուպատասխան է լինելու ՌԴ ղեկավարության հետ: Սակայն վերջնական տարբերակում դա փոխարինվեց գերմանացի լրագրող Հուբերթ Զայփելի` Պուտինի մասին գրած «Իշխանության տրամաբանությունը» գրքի շնորհանդեսով: Պուտինը ներկա էր շնորհանդեսին: Ասաց, որ չի կարդացել իր մասին գրված ոչ մի գիրք: «Ես իմ մասին ամեն բան գիտեմ»,- ասաց նա:

Պուտինը համաժողովի մասնակիցների առջեւ ողջույնի ելույթ ունեցավ, որի ընթացքում նաեւ դժգոհեց, թե երբ ինչ որ բան դուր չի գալիս՝ անվանում են այն քարոզչություն:

Ջուլիան Ասանժ

Շատ ավելի ծավալուն էր Վիքիլիքսի հիմնադիր Ջուլիան Ասանժի ելույթը: Նրա տեսաուղերձից ու հարցուպատասխանից առաջ արգելեցին նկարահանումը: Մասնակիցները հեղեղեցին նրան Վիքիլիքսի համար երախտագիտության խոսքերով: Նրանց հետաքրքրում էր Ասանժին առնչվող գրեթե ամեն ինչ՝ սկսած նրանից, թե ինչպես է իրեն զգում, դեսպանատնից դուրս կգա՞, թե՞ ոչ, ավարտած նրանով, թե ԱՄՆ գաղափարի հակառակո՞րդն է, եւ իր կարծիքով, խոսքի ազատության տեսակետից ո՞վ ավելի լավ կլինի, եթե հաղթի՝ Թրա՞մփը, թե՞ Քլինթոնը: Վերջին հարցին ի պատասխան՝ Ասանժն ասաց, թե ընտրության արդյունքն անկանխատեսելի է, սակայն «Հիլարի Քլինթոնը կանխատեսելի է»: Դժգոհեց նաեւ, թե չորս տարի արեւ չի տեսել, երեխաներն իրեն հինգ տարի չեն տեսել, բայց եւ գոհ էր, որ կարողանում է աշխատել, մի քանի գիրք է գրել:

«Մեր միակ ցանկությունն է, որ շուտով նաեւ ֆիզիկապես մեզ հետ լինեք»,- ամփոփեց այդ վերջին նիստը վարողը՝ «Ռուսաստանը գլոբալ քաղաքականության մեջ» ամսագրի գլխավոր խմբագիր Ֆյոդոր Լուկյանովը:

Աննա ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Մոսկվա-Երեւան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Իրավաբան says:

    Շնորհակալ եմ,
    Դուք արդեն գրում եք։
    բայց մի տեսակ թաքնված հիացմունք զգացի կիսելի ու զախարովայի հանդեպ։
    ինչ վերաբերում ա նյութին, ապա զարմանալի ա դրանց խոսքերը- իրանք քարոզ են անում ամեն ինչ ու ինչ իրանց դուր չի գալիս արգելու մ են՝ քարոզչություն անունով։
    հետո էլ բողոքում

    • Բացարձակ հիացմունք չկա: Կիսելյովը բոլորովին չի ներկայացնում այն լրագրությունը, որը ես դավանում եմ: Եվ նրա, եւ Զախարովայի, եւ ընդհանրապես ռեպորտաժի մեջ բոլոր անձանց խոսքերն ուղղակի մեջբերումներ են՝ առանց վերաբերմունքի:

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930