Լրահոս
Օրվա լրահոսը

Ջոն Էվանս. «Ապրիլի 2-ին եւ հաջորդ օրերին տեղի ունեցածից հետո շատ ավելի դժվար է բանակցել». (Տեսանյութ). «Ամերիկայի ձայն»

Հունիս 16,2016 08:20

Հունիսի վերջին Պետերբուրգում նախատեսված Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպման ընթացքում հավանաբար քննարկվելու է ոչ թե խաղաղ պայմանագիրը, այլ՝ ներկա իրավիճակում խաղաղության ապահովման միջոցները: Այս մասին «Ամերիկայի Ձայն»-ին պատմել է Հայաստանում ԱՄՆ-ի նախկին դեսպան Ջոն Էվանսը.

«Կարծում եմ, ապրիլի 2-ին եւ հաջորդ օրերին տեղի ունեցածից հետո շատ ավելի դժվար է բանակցել: Ես շատ լավ հասկանում եմ, թե ինչու է հայկական կողմը ցնցված տեղի ունեցածով»:

Էվանսի խոսքով, նախագահների առաջիկա հանդիպումն այնուամենայնիվ հույս է ներշնչում.

«Առաջնորդներից երկուսն էլ խելացի եւ պատասխանատու մարդիկ են, եւ եթե նրանք հոգ են տանում իրենց մարդկանց մասին, ապա պետք է բանակցեն եւ փորձեն նվազեցնել հետագա բռնությունների հնարավորությունը»:

Ջոն Էվանսն ընդգծում է, որ ապրիլյան պատերազմը լուրջ հարված հասցրեց Մինսկի խմբի համանախագահների դիվանագիտական աշխատանքին, եւ ապագայում նման իրավիճակը պետք է բացառվի:

Բելառուսում եւ Վրաստանում ԱՄՆ-ի նախկին դեսպան Քենեթ Յալովիցի կարծիքով, ապրիլյան պատերազմը լուրջ վտանգ էր հանդիսանում ոչ միայն Հարավային Կովկասի, այլեւ տարածաշրջանում գլոբալ խաղացողների համար.

«Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ պատերազմը կարող է շատ վտանգավոր լինել, կարող է իր մեջ ներքաշել Թուրքիան, Ռուսաստանը եւ նույնիսկ Իրանը: Դա կնշանակի, որ ՆԱՏՕ-ի անդամ պետությունը փաստորեն պատերազմի մեջ կհայտնվեր Ռուսաստանի հետ»:

Յալովիցի խոսքով, Վաշինգտոնից բավականին բարդ է պարզել, թե ով էր հրահրել ապրիլյան պատերազմը: Միեւնույն ժամանակ, նա ավելացնում է.

«Չեմ սիրում մեղադրանքներ հնչեցնել, սակայն կարծես թե տրամաբանական է թվում, որ դա կփորձեին անել ադրբեջանցիները»:

Անդրադառնալով ղարաբաղյան հակամարտության կարգավորման ապագային՝ Ջոն Էվանսն ընդգծում է, որ բանակցություններն անհրաժեշտ է կենտրոնացնել հենց մարդկանց անվտանգության ապահովման, այլ ոչ այնքան՝ տարածքների վրա: Այդ մոտեցման դեպքում, կողմերը կարող են քննարկել ինչպես Ղարաբաղի բնակչության, այնպես էլ՝ ադրբեջանցի տեղահանվածների ճակատագիրը.

«Այսօրվա աշխարհում տարածքներն այնքան կարեւոր չեն, որքան հասարակությունը, օրենքի գերիշխանությունը եւ գործարար լավ մթնոլորտը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930