2016թ. հունիսի 20-ին Սանկտ Պետերբուրգում նախատեսված Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի Դաշնության նախագահներ Սերժ Սարգսյանի, Իլհամ Ալիևի և Վլադիմիր Պուտինի հանդիպումից առաջ ռուսական «Կոմերսանտը» ծավալուն հոդված է հրապարակել Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ։
Թերթը նշում է, որ պատերազմի շեմին գտնվող հակամարտող կողմերի համաձայնությունը՝ բանակցությունները շարունակել Ռուսաստանում, արդեն իսկ Մոսկվային է վերադարձնում հակամարտության կարգավորմանը նպաստող առաջատարի դերը։ Մոսկվայի առջև բարդ խնդիր է դրված, որովհետև Ռուսաստանը պետք է ամրապնդի ոչ միայն հրադադարի ռեժիմը, թույլ չտա, որ ծավալվեն ռազմական նոր գործողություններ, այլև առաջընթաց գրանցի բանակցային գործընթացում և հստակեցնի ապագա կարգավորման ճանապարհային քարտեզը։
Թերթը նաև որոշ մանրամասներ է հրապարակել հանդիպման ձևաչափի վերաբերյալ։ Սպասվում է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն առանձին հանդիպումներ կունենա Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հետ, իսկ երեկոյան նրանք կհանդիպեն եռակողմ ձևաչափով, որին ներկա կլինեն նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները։

Կարդացեք նաև
Հոդվածում հիշել են նաև 2011թ. Կազանում տեղի ունեցած Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների հանդիպումը, երբ թվում էր թե լուրջ առաջընթաց է գրանցվել բանակցային գործընթացում, բայց կողմերին կրկին չհաջողվեց համաձայնության գալ. «5 տարի անց իրավիճակը նկատելիորեն փոխվել է տարածաշրջանում՝ այդպիսով ավելի փխրուն դարձնելով ստատուս-քվոն, կողմերի հռետորաբանությունը ավելի կոշտ է դարձել»։
Ռուսական պարբերականի ծավալուն անդրադարձում ներառվել են մի շարք փորձագետների կարծիքները։ Մասնավորապես միջազգային հարցերով ռուսական խորհրդի փորձագետ Սերգեյ Մարկեդոնովը նշել է. «Ռուսաստանի շահը հակամարտությունը սառեցնելն է, չկատարել վերջնական ընտրություն Հայաստանի և Ադրբեջանի միջև։ Արագ առաջընթացն անհնար է, որովհետև փոխզիջումների համար անհրաժեշտ կամքը բացակայում է և´ Հայաստանում, և´ Ադրբեջանում»։
Ռուս վերլուծաբաններից մեկն էլ նշել է, որ հանդիպման գլխավոր նպատակը պետք է լինի հրադադարի ռեժիմի ամրապնդումն ու կայունության վերականգնումը ու եթե Վլադիմիր Պուտինը ներդրել է իր քաղաքական կապիտալը եռակողմ այդ հանդիպմանը, ապա չի կարող թույլ տալ, որ նախագահների միջեւ հանդիպումը ձախողվի։


















































