Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

ՊՆ-ն 160 միլիոն դրամի ինժեներական վերանորոգման պահեստամասեր է գնել, բայց թե ինչ` գնումներում չի երեւում (Տեսանյութ)

Հունիս 27,2016 15:45

«Ապրիլին մենք ականատես եղանք, թե պաշտպանության ոլորտում կոռուպցիան ինչպիսի հետեւանքներ կարող է ունենալ եւ, պարզապես, կարող է կյանքեր արժենալ»,-այսօր «Մեդիա կենտրոնում» ասաց «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի փոխտնօրեն Սոնա Այվազյանը: Տիկին Այվազյանը եւ նույն կենտրոնի փորձագետ Արտակ Մանուկյանը ներկայացրին պաշտպանության ոլորտում իրականացրած նոր հետազոտության արդյունքները:

2013 թվականին կենտրոնի Գլոբալ կոռուպցիոն բարոմետրի ուսումնասիրությունը բացահայտել է, որ Հայաստանի բնակչության 47 %-ը կարծում է, որ պաշտպանության հաստատություններում առկա է կոռուպցիա:

Ըստ Սոնա Այվազյանի, 47 տոկոսը քաղաքացիների բավականին լուրջ թիվ է եւ պաշտպանության ոլորտն այնքանով է կարեւոր, որ երկրի անվտանգությանն է վերաբերում: Ուսումնասիրության արդյունքում մասնագետները հանգել են նրան, որ Ազգային ժողովի, պաշտպանության, Ազգային անվտանգության եւ ներքին գործերի հանձնաժողովի կողմից վերահսկողությունն այնքան ուժեղ չէ, ինչը պայմանավորված է որոշ տվյալների գաղտնիությամբ:

«Պաշտպանության նախարարությունը որքան գումար ուզում է, նրան տրվում է, բայց պատշաճ վերահսկողություն չի իրականացվում»,-ասաց կենտրոնի փոխտնօրենը: Ըստ նրա, Վերահսկիչ պալատի եւ ներքին աուդիտի ստուգումների մասին հրապարակած տվյալներ չկան, եւ պարզ չէ ընդհանրապես ստուգումներ եղել են, թե` ոչ. «ՊՆ-ն բաժնեմաս ունի 11 ձեռնարկություններում, սակայն մենք գաղափար չունենք, թե ինչպիսի ծախսեր ու եկամուտներ ունեն այդ ձեռնարկությունները: Դրանց տվյալները որեւէ տեղ չեն հրապարակվում: «Մարտիկ» հիմնադրամի մասին, առհասարակ, մութ է ամեն ինչ, որտեղից է գոյանում, ինչ ուղղություններով է ծախսվում: Ինչ կապ ունեն բարձրաստիճան պաշտոնատար անձինք դրա հետ, ինչպես են նրանք հավաքում այդ գումարները, դա կարող է տարրական լինել կամ փողերի լվացման հնարավորություն կամ պարզապես շորթման տարբեր մարդկանցից եւ հիմնադրամի ստեղծման, որի նպատակն էլ շատ կասկածելի է»:

Արտակ Մանուկյանի խոսքերով ՊՆ-ն հանդիսանալով ամենախոշոր գնորդն ու ամենախոշոր խաղացողը, նպատակահարմար է, որ նա որոշ ոլորտներում ուղղակիորեն բորսաներից գնումներ կատարի օրինակ` բենզինը, սննդամթերքը. «Առաջինը կբերի բյուջետային միջոցների արդյունավետության բարձրացմանը, երկրորդ, չի ստեղծի քվազի մենաշնորհներ եւ դրանց հետ համապատասխան կոռուպցիոն ռիսկի հարաբերություններ»:

Պարոն Մանուկյանի տվյալներով, ուսումնասիրել են մեկ անձից գնումները, որը ամենառիսկայինն է համարվում ողջ աշխարհում: Ըստ նրա, մեկ անձից գնումներում կան մի շարք ռիսկային պայմանագրեր. «Օրինակ` տպագրություն է իրականացվում փոխկապակցված ընկերություններից` «Հենակետ» ՓԲԸ եւ «Զինառ» ՓԲԸ: Ի դեպ, ասեմ, որ այստեղ «Հայ զինվոր» թերթի տպագրությունը ներառված չէ, այսինքն, բացի դրանից էլի ինչ-որ տպագրություն է իրականացվում, որը որ տեսանելի չէ»:

Արտակ Մանուկյանի խոսքերով, ռիսկերից մեկը տեղեկատվության ոչ ամբողջական հրապարակումն է. «Երբ դուք ասում եք` գրիչ, դա բավարար չէ, որպեսզի մատակարարը հասկանա` ինչ տեսակի գրիչ եք դուք ուզում, որովհետեւ գրիչ մեկը կարող է հասկանալ Փինկերտոն եւ մյուսը կարող է հասկանար 60 դրամանոց գրիչ և, ըստ այդմ, հայտեր ներկայացներ»:

ՊՆ-ի գնումներից պարոն Մանուկյանն առանձնացրեց, բավականին մեծ գումարով` 160 միլիոնով կնքված` ինժեներական վերանորոգման պահեստամասեր գնելու պայմանագիր:

«Այսինքն` եթե դուք հայտ եք ստանում ինժեներական վերանորոգման պահեստամասեր, եթե դուք չգիտեք ինչի մասին է խոսքը, ինչ իմանաք, ի՞նչ է դրա տակ ներառվելու»:

Հարցին, թե ՊՆ նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի նորանշանակ պետ Մովսես Հակոբյանը վերջերս հանդիպումներ ունեցավ ՊՆ-ին ապրանք մատակարարող ընկերությունների հետ եւ հայտարարեց, որ այսուհետ պատվիրատուն, ապրանք ընդունողը եւ մրցույթ հայտարարողը տարանջատվելու են, արդյոք այս փոփոխությունն առավել արդյունավետ կդարձնի՞ պետական գնումները:  Ըստ Արտակ Մանուկյանի, գործիքը դրական է:

Մանրամասները` տեսանյութում

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930