Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞ւմ հետ է խորհրդակցում Լեւոն Մկրտչյանը

Հուլիս 06,2016 14:00

ԿԳ նախարարը հիմնավորում է իր բարեփոխումները

«Առավոտը» ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանից հետաքրքրվեց՝ իրեն, որպես նախարարի, բավարարո՞ւմ է, օրինակ, հայագիտության վիճակը, երբ բազմաթիվ երիտասարդներ գիտական աստիճան ունեն, բայց գիտությամբ չեն զբաղվում:
«Նախ պետք է գիտությունը, հատկապես հասարակագիտությունը գրավիչ դարձնել երիտասարդների համար, պետք է կարողանալ մասնագիտական որակը փոխանցել, թե չէ՝ երբ քանակից ձեւավորվում է որակ, շատ մեծ քանակությունը նաեւ կործանում է որակը: Մեծ քանակության դեպքում աշխատաշուկան ենթարկվում է անորակ ճշման, եւ հաճախ լավ մասնագետը դուրս է մնում, իսկ անորակը տեղավորվում է:

Ինչ վերաբերում է մասնավորապես հայագիտությանը, մենք պետք է շատ ուշադրություն դարձնենք կրթական որակին: Հիմա շատ հեշտ են պաշտպանում դիսերտացիաներ, թեկնածուական, անգամ դոկտորականներ, ինչն իր հետ բերում է որոշակի կասկածամտություն: Մյուս կողմից էլ՝ չի կարելի պաշտպանելուց հետո մարդկանց վաստակը դնել կասկածի տակ: Այդ վստահության մթնոլորտի վերականգնումը շատ կարեւոր է կրթության եւ գիտության ոլորտի համար»,- ասաց նախարարը:

Մեր դիտարկմանը՝ կարծիք կա, որ ինքն ընդամենը անցումային նախարար է, եւ մանեւրում է իրեն տրված ժամանակի մեջ, Լեւոն Մկրտչյանը պատասխանեց. «Ես մի քանի անգամ նշանակվել եմ ԿԳ նախարար՝ պայմանավորված քաղաքական գործընթացներով: Ընդ որում՝ միշտ աշխատել եմ հետեւյալ սկզբունքով՝ ինչ-որ հնարավոր է անել, արհեստականորեն չարագացնել, բայց հասնել նրան, որ սկզբունքային, հիմնարար հարցեր կարգավորվեն: Հավատացեք, նույնիսկ եթե մարդը «անցումային» է, անգամ անցումային փուլում շատ խնդիրներ կարելի է լուծել, պարզեցնել, հասնել այնպիսի արդյունքի, որ սկսած գործընթացը հետո էլ շարունակվի: Ճիշտ չէ, որ մարդը միայն իր անձի հետ է կապում փոփոխությունները: Եթե դնում ես ինչ-որ հարց, հասարակությունը չի ընդունում քայլերդ, նշանակում է՝ դո՛ւ ես ժամանակավրեպ: Կարող է խելոք բաներ ասես, բայց հասարակությունը չընկալի, դրա համար ես միշտ հրապարակային ու բարձրաձայն եմ ասում բոլոր մտքերը, որովհետեւ դա ինձ համար փորձի նման մի բան է: Օրինակ՝ ավագ դպրոցի, 12-ամյա կրթության հետ կապված հարցերը…Նախ հասարակությունը պետք է պատրաստ լինի փոփոխությունների, թե չէ կարող է շատ լավ գաղափար ուզենաս իրագործել, բայց արդյունքը լավ չստացվի»:

Պարոն Մկրտչյանը բերեց կրթական հաստատությունների տնօրենների ղեկավարման իրավունքի հավաստագիր ստանալու քննությունների օրինակը: Նա փաստեց, որ հավաստագրումը ընդունված է ամբողջ աշխարհում, սակայն այն ձեւաչափը, որ կիրառվում է Հայաստանում, խնդիրներ առաջացրեց ու դժգոհությունների տեղիք տվեց: «Հասարակությունը պատրաստ չէր սրան, դրա համար էլ հավաստագրման գործընթացը որոշեցինք բեռնաթափել:

Վերապատրաստում ասվածին համամիտ եմ, եւ եթե մարդը վաստակավոր ուսուցիչ է, բազմամյա տնօրեն, նա պետք է նոր օրենքներին ծանոթ լինի, փոփոխությունները հասկանա, բայց վերապատրաստումից հետո քննությունը ինձ համար անհասկանալի է: Կարող ենք վերապատրաստումը պահել, մարդուն սերտիֆիկատ տալ, բայց քննությունը հանել: Հիմա այդ ձեւաչափով էլ գնում ենք, թող հինգ տարին մեկ մարդիկ գնան վերապատրաստվեն, բայց բերես տնօրենին, վաստակավոր ուսուցչին նստեցնես, աշակերտի նման, սթրեսի ենթարկես, անիմաստ է: Երբ նման բան ես մտածում, քեզ պետք է դնես այդ մարդկանց տեղը: Պատկերացրեք հեռավոր մարզի մի տնօրեն՝ ասենք 55-60 տարեկանի մոտ, որը գյուղում հեղինակություն է՝ որպես տնօրեն, մտավորական, գնա իր գյուղ՝ ասի, որ թեստից կտրվել է: Այսօրինակ հարցերը կարելի է արագ կարգավորել»,- համոզված է մեր զրուցակիցը:

ԿԳ նախարարը հայտնեց, որ նախարարության ստացած բողոքների մեծ մասը վերաբերում է դպրոցներում ներանձնային հարաբերություններին, որոշ մասը՝ քննությունների բողոքարկման արդյունքներին: Նրա հավաստմամբ, շատ են դիմում նաեւ վարձավճարները զեղչելու եւ աշխատանքի տեղավորման հարցերով:
Լեւոն Մկրտչյանից հետաքրքրվեցինք՝ լինելով բազմափորձ նախարար՝ պատահո՞ւմ է, որ խորհրդակցի իր նախորդների կամ գիտության ոլորտի «հնաբնակների» հետ: «Միշտ եմ խորհրդակցում: Մի քանի մարդկանց կարծիքն ինձ համար շատ կարեւոր է, օրինակ՝ Էդուարդ Ղազարյանի, Յուրի Սարգսյանի, Ռադիկ Մարտիրոսյանի: Նրանք միշտ կրթության մեջ են եղել, ավագ սերնդի մարդիկ կան, որոնք ճանապարհ են անցել ու օգնում են, որ շատ չոգեւորվես, միանգամից «ձողը գետնից չկտրես»: Մյուս օգնողն էլ մեր կողքից քայլող բիզնես միջավայրն է, մարդիկ, որոնք կրթության մեջ չեն, բայց կարողանում են կողքից լուրջ խնդիրներ բարձրացնել, որոնք դու, «ներսում» լինելով՝ չես նկատում: Շատ ենք շփվում մարզերում ուսուցիչների եւ տնօրենների հետ: Ինձ համար շատ կարեւոր է այդ կապը պահել: Նրանք շատ կարեւոր խնդիրներ են բարձրացնում»,-հայտնեց նախարարը:

 

ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ»

05.07.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031