Լրահոս
Օրվա լրահոսը

Վահե Էնֆիաջյան. «ԲՀԿ-ն որեւէ համայնքում ՀՀԿ-ի թեկնածուին չի սատարելու»

Հուլիս 07,2016 10:15

«Առավոտի» հարցերին պատասխանում է ԲՀԿ խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը:

– Պարոն Էնֆիաջյան, արդեն երկու օր է մամուլում տեղեկատվություն կա, որ հնարավոր է Գյումրիի քաղաքապետի ընտրություններում ԲՀԿ-ն սատարի ՀՀԿ-ի թեկնածուին, հաշվի առնելով, որ ՀՀԿ-ի թեկնածուն, ամենայն հավանականությամբ, կլինի ԲՀԿ նախկին անդամ, Գյումրու գործող քաղաքապետ Սամվել Բալասանյանը:

-Եթե հետեւեք, թե ո՞ր գործչին պատկանող լրատվամիջոցում է այդ ապատեղեկատվությունը տարածվում, կարծում եմ, ամեն ինչ պարզ կլինի: Ես ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ`ԲՀԿ-ն, լինի դա Գյումրիում, լինի որեւէ այլ վայրում, ՀՀԿ-ի որևէ թեկնածուի չի պաշտպանելու, այդ թվում նաեւ Սամվել Բալասանյանին: Հույս ունեմ, որ այս թեման այսքանով կարելի է փակված համարել:

-ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանն ասել էր, որ Գյումրին առանձնահատուկ է ու կուսակցությունում դեռ շարունակվում են քննարկումները, թե ո՞վ կգլխավորի ԲՀԿ-ի համամասնական ցուցակը: Ո՞րն է Գյումրիի առանձնահատկությունը:

-Խնդիրը, կարծում եմ, շատ պարզ է`կուսակցությունը պիտի ունենա մրցունակ թեկնածու, որը հստակ, որպես կառավարիչ, կարող է իր վրա վերցնել պատասխանատվություն`լուծելու Գյումրու հսկայական խնդիրները: Այս պահին քննարկումները, թե ո՞վ կգլխավորի ԲՀԿ-ի համամասնական ցուցակը, շարունակվում են: Մեր քաղաքական թիմը նախօրեին էլ եղել է Գյումրիում, հանդիպել ենք մի քանի պոտենցիալ թեկնածուների հետ, որոնք իրենք են ցանկություն հայտնել`ԲՀԿ-ով առաջադրվել Գյումրիում քաղաքապետի թեկնածու: Այս պահին անուններ չեմ հրապարակի`այդ մարդկանց լրատվամիջոցների հետաքրքրասիրությունից զերծ պահելու համար: Քննարկումները դեռ շարունակվում են:

Առաջիկայում մեկ-երկու գործիչների հետ էլ ենք հանդիպելու, որոնք կրկին ցանկություն են հայտնել Գյումրիում գլխավորելու ԲՀԿ-ի համամասնական ցուցակը: Ժամանակ դեռ ունենք որոշում կայացնելու համար:

ԲՀԿ-ի համար որեւէ մակարդակի ընտրություններում օլիմպիական մասնակցությունը`մասնակցություն`մասնակցության համար, ընդունելի չէ: Եթե մենք մասնակցում ենք, ուրեմն մասնակցում ենք`հստակ ունենալով համայնքի առողջացման ծրագիրը, որովհետեւ մեր բոլոր համայնքներն այսօր առաջին հերթին առողջացման, հետո նոր զարգացման կարիք ունեն եւ մասնակցում ենք միայն հաղթելու համար:

-Առաջիկա խորհրդարանական ընտրությունների համար հանձնաժողովների անդամների լիցենզավորումն արդեն սկսված է, բայց սպասվելիք տեղական ինքնակառավարման ընտրություններում հանձնաժողովի անդամները գնալու են նախկին լիցենզիաներով: Գյումրիում, ԲՀԿ-ի լիցենզավորված անձինք, Մարտուն Գրիգորյանի, Սամվել Բալասանյանի եւ Վարդեւան Գրիգորյանի թիմերի ներկայացուցիչներն են: Այդ խնդիրն ինչպե՞ս եք լուծելու:

-Այո, այդ խնդիրը կա, բայց այն շատ հեշտ լուծելի է: Ցանկացած համայնքում ԲՀԿ-ն է նշանակել հանձնաժողովի անդամներ: Հաշվի առնելով այդ յուրահատուկ խնդիրը, մենք Գյումրիում հանձնաժողովի անդամներ ենք նշանակելու հանրապետության այլ վայրերից մեր լիցենզավորված ներկայացուցիչներին, որպեսզի նրանք չլինեն Սամվել Բալասանյանի, Մարտուն Գրիգորյանի եւ Վարդեւան Գրիգորյանի ներկայացուցիչները: Նախկինում մենք մեկ թիմ էինք, բնական էր, որ իրենք էին ներկայացրել հանձնաժողովի անդամներ: Ներկայումս, հաշվի առնելով հարցի յուրահատուկ լինելը, մենք իրավունք ունենք օրինակ` Երևանից, Սեւանից կամ մեկ այլ վայրից ցանկացած վայրում նշանակել հանձնաժողովի`մեզ համար վստահելի անդամներ, որոնց նպատակը կլինի մեկը`տանել ազատ եւ արդար ընտրություններ:

-Երեկ լրատվամիջոցներից մեկի տված հարցազրույցում, Գյումրու «Ասպարեզ» ակումբի նախագահ Լեւոն Բարսեղյանը բացառել էր երեք կուսակցություն, որոնց հետ հնարավոր է Գյումրիում ալյանս ձեւավորել եւ միասնական թեկնածու առաջադրել. դրանք են`ՀՀԿ-ն, ՀՅԴ-ն եւ ՕԵԿ-ը: Եթե ԲՀԿ-ում մրցունակ թեկնածու չգտնվի, պատրա՞ստ եք բոլոր ընդդիմադիր ուժերի հետ միասին առաջադրել եւ պաշտպանել մեկ միասնական թեկնածուի:

-Մենք ընդհանրապես հակված ենք բոլոր կարգի ընտրություններին մասնակցել մեր թեկնածուով`առանց որեւէ դաշինք կազմելու: Բայց, մենք դեռ հետեւենք գործընթացներին: Այս պահին պարզ չէ, թե Գյումրիում միացյալ ընդդիմության թեկնածուն ո՞վ է լինելու: Ժամանակ դեռ կա, իրադարձություններից առաջ ընկնել պետք չէ: Մեկ բան, սակայն, հստակ է`որեւէ համայնքում ԲՀԿ-ն ՀՀԿ-ի թեկնածուին չի պաշտպանելու: Մնացած բոլոր հարցերը քննարկելի են:

Զրույցը Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031