Լրահոս
Օրվա լրահոսը

Սպասել են, որ Մարտուն Գրիգորյանի՝ որպես պատգամավորի լիազորությունները դադարեն, ու նրան անմիջապես տարել են կալանքի․ հատված՝ դատական նիստից

Նոյեմբեր 12,2026 18:55 Share
Աջակցեք aravot.am-ին

Այսօր ՀՀ հակակոռուպցիոն դատարանում՝ դատավոր Լևոն Պետրոսյանի նախագահությամբ, շարունակվեց ԱԺ նախկին պատգամավոր Մարտուն Գրիգորյանի գործով դատավարությունը։

Հանրային մեղադրողը ընթերցեց նրան առաջադրված մեղադրանքը, որի հիմքում այն է, որ 2026 թվականի մայիսի 3-ին Մարտուն Գրիգորյանը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության Գյումրու գրասենյակում իր թիմակից՝ Գյումրու ավագանու նախկին անդամ Արտակ Հովսեփյանի հետ հանդիպման ժամանակ նրան հանձնարարել է Շիրակացի փողոցի բնակարաններից մեկի վերանորոգման համար այցելել այնտեղ ու պարզել անհրաժեշտ շինանյութի տեսակը ու «Բարգավաճ Հյաաստան» կուսակցության անունից հանդես եկող Համբարձում Կարապետյանի հետ դրանք ձեռք բերել «Ամեն ինչ տան համար» խանութից։ Դրանք «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անունից առաքվել են նշված բնակարան։

Նա նշեց, որ Մարտուն Գրիգորյանը հանցավոր արարք է գործել, որը նախատեսված է ՀՀ Քրեական օրենսգրքի 221 հոդվածի 1-ին մասով։

Մարտուն Գրիգորյանի պաշտպան Արսեն Բաբայանը նշեց, որ քրեական վարույթը հիմք է տալիս պնդելու, որ գործ չունեն իրավաբանության և իրավունքի հետ, այլ գործ ունեն մարդուն քաղաքական հետապնդման ենթարկելու հետ։

Որպես ապացույց իր խոսքի՝ փաստաբանը մեջբերեց հակակոռուպցիոն կոմիտեի կողմից հրապարակված տեսանյութը։ Ըստ նրա՝ մայիսին հրապարակվում է մի տեսանյութ՝ Մարտուն Գրիգորյանի լուսանկարով, որն օգտագործվում է հեռուստաընկերությունների կողմից ու ներկայացվում, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը բարեգործության արգելք է խախտում։

Ըստ փաստաբանի՝ մինչև օգոստոս Մարտուն Գրիգորյանի նկատմամբ որևէ գործողություն չի իրականացվում՝ բացի բնակարանի, մեքենայի, գրասենյակի խուզարկությունից, և հանկարծ օգոստոսի 12-13-ը, երբ արդեն Ազգային ժողովում ավարտվել էին Մարտուն Գրիգորյանի լիազորությունները, և նա չուներ անձեռնմխելիություն, հանկարծակի առավոտյան Հակակոռուպցիոն կոմիտեն որոշում է ձերբակալել նրան, տանել կալանքի։

«Գալիս ենք կալանքի նիստի, հարգելի քննիչներն ասում են, որ տևական նախաքննություն ունենք անելու, բազմաթիվ քննչական գործողություններ ունենք անելու, անհրաժեշտ է, որ պարոն Գրիգորյանն առնվազն երկու ամիս լինի կալանքի տակ, և եթե նա չլինի կալանքի տակ, կխոչընդոտի վարույթի իրականացմանը, նախաքննությանը։

Պարոն Գրիգորյանը ստանում է այդ կալանքն այդ պայմաններում, երբ դրանից առաջ 2-3 ամիս լինելով ազատության և լինելով ամենօրյա մշտական օպերատիվ-հետախուզական միջոցառումների շրջանակում՝ որևէ այնպիսի գործողություն չէր կատարել, որ կարող էր վարույթ իրականացնող մարմնի մոտ, հետագայում դատարանում ողջամիտ ենթադրություն ստեղծեր, որ պարոն Գրիգորյանը կարող է որևէ կերպ խոչընդոտել։

Եվ ի զարմանս մեզ, պարզվում է՝ օգոստոսի 14-ին նախաքննությունն ավարտվում է այս գործի, ամսի 13-ին գալիս ենք դատարան, կալանք են ուզում, ասում են՝ մենք տևական երկու ամիս պիտի աշխատենք, շատ մարդկանց պիտի հարցաքննենք, ապացույցներ պիտի հավաքենք, պարզվում է՝ ընդամենը մի գիշեր էր պետք իրենց, և նպատակը բացառապես պարոն Գրիգորյանին կալանքում պահելն էր։ Սա ցույց է տալիս գործի իրական նպատակը, նպատակը քաղաքական է»։

Այս գործով վկաների էր հրավիրել դատարան, մի քանի վկաներ չէին ներկայացել։

Դատարան հրավիրվեց վկա Արթուր Գևորգյանը, դատարանը չթույլատրեց ուղիղ եթերի հեռարձակում վկաների հարցաքննության պայմաններում։

Դատավորը նշեց, որ լրատվամիջոցները կարող են ձայնագրել, կարող են տեսաձայնագրել, որոնց հրապարակումը կարող է լինել բոլոր վկաների հարցաքննությունից հետո։

 

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել