Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեր երկրում դժվար լուծվող հարցերն են հավասար մրցակցային դաշտ ապահովելն ու հավասար հարկումը»

Հուլիս 08,2016 16:00

Հուլիսի 5-ին Աղվերանում ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն, այսպես ասած, առանց փողկապի հանդիպում է ունեցել գործարարների հետ: Հանդիպման ժամանակ հիմնականում քննարկվել է Հարկային նոր օրենսգիրքը (ՀՕ):
«Առավոտի» հետ զրույցում Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանն ասաց, որ միությունը պարբերաբար թե՛ պաշտոնական, թե՛ աշխատանքային հանդիպում-քննարկումներ է ունենում հանրապետության նախագահի եւ վարչապետի հետ:

Նախօրեի հանդիպումն, ինչպես ասաց պարոն Ղազարյանը, արդեն 3-րդն է, որի ընթացքում քննարկել են ՀՕ-ն:

«Վարչապետի հետ երեկվա հանդիպման ժամանակ Հարկային օրենսգրքից 4 հարցեր ենք առանձնացրել. առաջին՝ ՓՄՁ-ի համար նախատեսված տարեկան շրջանառության հարկման շեմը, որը 115 միլիոն դրամից նախատեսվում է 40 միլիոնի իջեցնել: Երկրորդը՝ եկամտահարկի պրոգրեսիվ հարկատեսակի մտցնելը, որն ըստ սանդղակների՝ մինչեւ 1 միլիոն դրամ եւ ավելի աշխատավարձերի դեպքում տարբերակում է բերում: Երրորդը՝ փայատերերի, հիմնադիրների դիվիդենդների հարկման ինստիտուտի մտցնելը՝ տեղական ներդրողի համար՝ 5%, օտարերկրյա ներդրողների համար՝ 10%: Չորրորդ հարցը՝ հիմնական միջոցների ամորտիզացիայի ժամկետը 20 տարուց 40 տարի դարձնելը»,- ասաց պարոն Ղազարյանը:
Քննարկման արդյունքների վերջնական փաթեթը կներկայացվի սեպտեմբերի սկզբներին: Ղազարյանն ասաց, որ նախագծի նախնական տարբերակում փոփոխություններ կլինեն, որոշ դրույթներ եւ որոշ դրույքաչափեր կփոփոխվեն:
Հարկային նոր օրենսգրքի ընդունումով, ինչպես ասաց Ղազարյանը, գործարարները հեղափոխական եւ մեծ հույսեր են կապում. «Այն ուղղված է նպաստելու մեր երկրի տնտեսության աճին»:

Կարծիք կա, որ ՀՕ-ի ընդունումով բյուջեն լցնելու խնդիրն ինչ-որ չափով կլուծվի, եւ հիմա, երբ արտաքին պարտքի սպասարկման խնդիր էլ կա, նոր օրենսգրքով հնարավորություն կստեղծվի ավելի շատ հարկ հավաքել, հետեւաբար նաեւ՝ պարտքի սպասարկման համար ավելի շատ գումար ունենալ: Ի դեպ, Հարկային նոր օրենսգրքի ընդունումը պարտադրվում է որոշ միջազգային ֆինանսական կառույցների կողմից, այդ թվում նաեւ Համաշխարհային բանկի: Պարոն Ղազարյանն այս առնչությամբ ասաց, որ նոր օրենսգրքի գաղափարախոսությունը տնտեսության աճին է ուղղված, որը մեր տնտեսությունում կբերի ավելի շատ մասնակիցներ, որոնցից էլ հնարավոր կլինի ավելի շատ հավաքագրումներ անել. «Հավասար հարկում որոշ ճյուղերից, որոնք շատ ցավոտ հարցեր են՝ նոր հարկման միջոցով հավաքելը: Օրինակ՝ առողջապահության, կրթության եւ այլ ոլորտներում ավելացված արժեքի հարկ կիրառե՞լ, թե՞ ոչ: Համաշխարհային բանկն ասում է՝ դուք որոշ ոլորտներում շատ արտոնություններ ունեք Հարկային օրենսգրքում, դուք պետք է 2020 թվականից գյուղատնտեսությունը հարկման դաշտ բերեք, որպեսզի պետությունն իր առջեւ դրած խնդիրները կարողանա լուծել»:

Արսեն Ղազարյանի խոսքերով՝ Համաշխարհային բանկը Հայաստանի Հանրապետության բյուջեն համավարկավորողներից է, իրենք չափորոշիչներ են տալիս եւ որպես իրենց վարկի տեր՝ նաեւ խորհուրդներ են տալիս:
Միության նախագահի դիտարկմամբ՝ բնական շահերի բախում կա, կան միջազգային պայմաններ, եւ Հայաստանն ունի պարտավորվածություն, ինչը մենք կատարում ենք՝ ՀՆԱ-պարտքի մակարդակը վտանգավորության մակարդակին շատ մոտ չէ:
Նշենք, որ Հայաստանի արտաքին պարտքը համախառն ներքին արդյունքի՝ ՀՆԱ-ի 41%-ն է. այս ցուցանիշը թե՛ տնտեսական, թե՛ ֆինանսական բլոկի մեր պատասխանատուները եւ թե՛ Հայաստանում միջազգային ֆինանսական կառույցների ղեկավարները առայժմ վտանգավոր չեն համարում:
«Կա պետություն՝ իր խնդիրներով, կա բիզնես՝ իր խնդիրներով: Մենք էլ ենք հասկանում, որ պետբյուջեն պետք է լցվի հարկերի հաշվին, եւ դրա համար պետք է հավասար հարկ տանք, ստվերայնությունը երկրում պետք է կրճատվի՝ այն, ինչ ասվում եւ ինչ-որ ձեւով սկսվել է նաեւ. որոշների արհեստական, օրենքից դուրս լինելը, արհեստական մենաշնորհները, գերիշխող դիրք ունեցողները եւ այլն:
Մենք միշտ պետության ղեկավարների հետ քննարկումներին ասում ենք՝ 2 հարց կա, որը դժվար է լուծել՝ հավասար մրցակցային դաշտ ապահովելը եւ հավասար հարկումը: Վստահ եմ՝ այն, ինչ մենք ունենք տնտեսական ցուցանիշների առումով, կարող ենք կրկնապատկել եւ եռապատկել»,- ասաց Ղազարյանը:

Անդրադառնալով Հարկային նոր օրենսգրքին՝ միության նախագահը կրկին նշեց, որ օրենսգրքի ընդունումը, իհարկե, առաջ քաշված փոփոխություններով, ներկայիս տնտեսական համեստ ցուցանիշների պարագայում տնտեսական աճը կխթանի:
«Առավոտի» այն հարցին՝ միայն նոր օրենսգիրք ունենալով մի՞թե հնարավոր է ապահովել մեր երկրում հավասար մրցակցային դաշտ, արհեստական մենաշնորհների վերացում, արդյոք քաղաքական կամքն ավելի կարեւոր չէ՞, պարոն Ղազարյանն ասաց. «Առանց քաղաքական կամքի մենք արմատական եւ որակական փոփոխություններ չենք ունենա: Ես հավատում եմ, որ այդ քաղաքական կամքը կա թե՛ ՀՀ նախագահի եւ թե՛ վարչապետի ղեկավարությամբ կառավարության մոտ»:
Ի՞նչ է առաջարկում միությունը շատ քննադատվող ՀՕ-ով նախատեսված եկամտային շեմի բարձրացման հետ կապված՝ մեր այս հարցին պարոն Ղազարյանն ասաց, որ քննարկումների արդյունքում պետք է գտնել ոսկե միջինը, որը նաեւ ՀԲ-ի մասնագետների սրտով կլինի եւ այդ դրույթի դեմ խոսողների: Հիշեցնենք, որ գործող օրենքով եկամտային հարկի շեմն է 24.4%, 26% եւ 36%, իսկ նոր օրենսգրքով առաջարկվում է 23%, 28% եւ 33% շեմ:

Ինչ վերաբերում է նոր օրենսգրքով առաջարկվող շրջանառության հարկի շեմը 115 միլիոն դրամից 40 միլիոնի նվազեցմանը, ապա պարոն Ղազարյանն ասաց, որ իրենք միշտ առաջարկել են այնպիսի մեթոդ կիրառել, որը ՓՄՁ-ին հնարավորություն կտա աշխատել փաստաթղթաշրջանառությամբ, օրենքի դաշտում, ցույց տալ աշխատողների քանակը: Իսկ թե որն է ցանկալի այդ շեմը, մեր այս հարցին Ղազարյանն ասաց. «Չգիտեմ, բայց ես, օրինակ, կուզեմ, որ բոլորն աշխատեն ավելացված արժեքի հարկման դաշտում: Մեր երկրում սա դեռ հնարավոր չէ կիրառել»:

Շրջանառության հարկի շեմի փոփոխության դեմ ՓՄՁ ներկայացուցիչների բողոքի ակցիաները դեռ չեն մոռացվել, նրանք պնդում էին, որ փաստաթղթաշրջանառություն ցույց տալով՝ իրենք չեն կարող աշխատել. խոշորները չեն տրամադրում հաշիվ-ապրանքագրերը: Պարոն Ղազարյանն այս առնչությամբ էլ նշեց, որ երբ ինքը խոսել է ցուցարարների հետ, նրանք ասել են՝ «Ցանկացած տոկոս թող բարձրացնեն, բայց մեզանից թուղթ թող չուզեն»: Արդյոք նրանք թաքցնելու բան ունե՞ն՝ այս հարցին էլ Ղազարյանն ասաց. «Այո, ունեն»:

Քանի որ պարոն Ղազարյանը նաեւ բեռնափոխադրումներ իրականացնող «Ապավեն» ընկերության գլխավոր տնօրենն է, նաեւ հետաքրքրվեցինք՝ Վերին Լարսի ճանապարհը պարբերաբար փակվում է, եւ խնդիր է առաջանում մեր տնտեսվարողների համար, կա՞ արդյոք այլընտրանքային լուծում: «Միակ լուծումն այն է, որ կարգավորվեն Ռուսաստան- Վրաստան-Հարավային Օսեթիա եւ Աբխազիա հարաբերությունները: Մենք 75 մեքենա ունենք հիմա, որոնք 1500 դոլարով թանկացան այդ ճանապարհի փակ լինելու պատճառով: Այդ ճանապարհի հարցը աշխարհաքաղաքական է, Հայաստանը չի կարող որեւէ լծակով՝ դիվանագիտական, թե այլ, ազդել Ռուսաստան-Վրաստան հարաբերությունների վրա»:
ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ

«Առավոտ»

07.07.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031