«Թեքնոլոջի ընդ Սայնս Դայնամիքս» ընկերության տնօրեն Վահան Շաքարյանի համար ցավագին է այն մոտեցումը, թե հայրենական արտադրանքը զիջում է արտասահմանյանին:
Այսօր 13-րդ « Ոսկե ծիրան» կինոփառատոնի շրջանակում կայացած «Թեքնոլոջի ընդ Սայնս Դայնամիքս» ընկերության կողմից մշակված առաջին հայկական 360 աստիճան կրթական ֆիլմի շնորհանդեսի ժամանակ Aravot.am-ի հետ զրույցում ասաց նա:


Կարդացեք նաև
«Աշխարհի կենտրոնից տիեզերքներից մեկի մասնիկը» ֆիլմը հանդիսատեսին առաջարկում է ճամփորդել անցյալ և քայլ առ քայլ ուսումնասիրել աստղային երկնքի վերաբերյալ մարդկային պատկերացումները հնագույն ժամանակներում և այսօր:
Մինչև սեպտեմբեր նախատեսվում են ևս երկու կրթական ֆիլմեր նկարել: Տնօրենի խոսքով՝ իրենք նպատակ չունեն նախագծի շրջանակում մշակվող ֆիլմերով փոխարինել դասագրքերը և ավանդական ուսուցման մեթոդներին .«Ֆիլմը պետք է օգնի ավելի ինտերակտիվ ձևով սովորելու այն առարկաները, որ սկզբնական շրջանում դժվարանում են պատկերացնել՝ օրինակ` աստղագիտությունը: Հույս ունենք, որ ֆիլմից հետո երեխաները կունենան ցանկություն էլ ավելի խորն ուսումնասիրելու այս մասնագիտությունը, որ նրանց մոտ սեր առաջանա դեպի առարկան»:

«Ոսկե ծիրան»-ի միջոցառումների կազմակերպիչ, կինոռեժիսոր Վարդան Հակոբյանը Aravot.am-ի հետ զրույցում նշեց, որ առաջին հայացքից իրենք ոչ մի կապ չեն կարող ունենալ այս ծրագրի հետ, սակայն դա այդպես չէ.« Ցանկացած կինոյի երևույթ սկզբում ունեցել է այլ մոտեցում: Առաջին անգամ, երբ կինոն ստեղծվեց, բոլորն ասում էին, որ դա ատրակցիոն է և երբեք չի կարող լինել արվեստ: Գտնվեցին երկու-երեք համարձակ ռեժիսորներ, որ փորձեցին դա դարձնել արվեստ: 90-ականներին, երբ համակարգչային գրաֆիկան ներխուժեց կինոոլորտ, ասում էին, որ կինոյինը չի, բայց էլի սխալվեցին:Այս ծրագիրը դեռ սաղմնային վիճակում է, բայց շատ համարձակ և հետաքրքիր է: Շատ լուրջ հնարավորություն է տալիս այդ ֆորմատում ավելի լուրջ ֆիլմերի մասին խոսել: Կարծում եմ՝ շատ շուտով կլինեն մի փոքր ուրիշ ֆիլմեր, ոչ թե ճանաչողական կամ ատրակցիոնային, և միգուցե ավելի լուրջ արվեստի ականատես լինենք»:
Արփի ԿԻՐԱԿՈՍՅԱՆ


















































