Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում այսօր` հուլիսի 13-ին, շարունակվեց Գեւորգ Սաֆարյանի գործի քննությունը: Հիշեցնենք, որ «Հիմնադիր Խորհրդարան»-ի անդամ, քաղաքացիական ակտիվիստ Գեւորգ Սաֆարյանը հունվարի մեկին բերման էր ենթարկվել Ազատության հրապարակից` «Հիմնադիր Խորհրդարան»-ի անդամների եւ ոստիկանների միջեւ տեղի ունեցած միջադեպի պատճառով: Նա մեղադրվում է ոստիկանության մայոր Գեղամ Խաչատրյանին հարվածելու համար:

Ոստիկանը նշեց, որ իրենք գիտեին` Ազատության հրապարակ տոնածառ բերելն արգելված է եղել. «Մոտեցանք, այդ քաղաքացիների Ամանորը շնորհավորեցինք: Հասկացանք, որ տոնածառ չի, այլ տոնածառի հանդերձանքով մարդ, որը քողարկված էր զարդերով: Մոտենալուն պես ուզեցանք պարզել` ո՞վ է գտնվում հանդերձանքի տակ, կին թե տղամարդ…Զգացել եմ, որ քաղաքացիներից մի քանիսի վրայից ալկոհոլի հոտ էր գալիս: Ցանկացան մեզ շրջանցել, ինձ հրել-գցել են գետնին` ծառի տակ, գործընկերներիցս մեկը փորձեց պահել տոնածառի հանդերձանքով մարդուն… Ակնոցավոր երիտասարդ էր: Քաղաքացիները հարձակվեցին Գեղամ Խաչատրյանի եւ նրա ենթակաների վրա: Այդ ընթացքում նկատել եմ մի քաղաքացու, որը հարվածել է Գեղամ Խաչատրյանին, բայց չեմ ֆիքսել նրա դեմքը»:
Ոստիկանի խոսքով` տոնածառի հանդերձանքը կասկած է հարուցել. «Դրա տակ արգելված իրեր ու ալկոհոլ կարող էին գտնվել: Հանդերձանքը բրգաձեւ էր, փայտերով էր կառուցված, դրանք կարող էին օգտագործվել մեր դեմ»:
Կարդացեք նաև

«Ինչո՞ւ թույլատրեցիք, որ տոնածառը մտնի Ազատության հրապարակ»,-շարունակեց պաշտպանը: Մեղադրող կողմը առարկեց. «Վկան պատասխանեց, որ թույլ չեն տվել, բայց քաղաքացիները շրջանցել են ոստիկաններին»:
Նիստի այլ մանրամասները` քիչ ուշ:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ


















































