Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

ԿԲ-ն ընդդեմ տնտեսության. «Հայկական ժամանակ»

Օգոստոս 10,2016 11:22

Այս տարվա առաջին 7 ամիսներին ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը Հայաստանում կրկին գների նվազում է արձանագրել։ Ըստ այդմ, գները նշված ժամանակահատվածում նվազել են 1.5 տոկոսով անցած տարվա հունվար-հուլիս ամիսների համեմատ։

Ինչպես արդեն նշել ենք, գների նվազումը արտաքուստ լավ երեւույթ լինելով, իրականում խիստ բացասական ազդեցություն է թողնում տնտեսության վրա։ Ու գնանկումը, լինելով ապագա զարգացումները արգելակող երեւույթ, նաեւ պատճառ է լինելու ապագայում տնտեսության անկման համար։ Ինչո՞ւ է Հայաստանում դիտվում գների անկում։ Հիմնական պատճառներից մեկը բնակչության գնողունակության անկումն է։ Եթե շատ կոպիտ նկարագրենք, ապա պատկերը հետեւյալն է. մարդիկ, ունենալով ավելի քիչ եկամուտներ քան նախկինում, ստեղծում են թույլ գնողունակ պահանջարկ։ Տնտեսվարողներն էլ որպեսզի կարողանան իրենց ապրանքները վաճառել, ստիպված ավելի քիչ եկամուտ են «դնում» ապրանքի գնի մեջ։ Ուստի նվազում են տնտեսվարողների եկամուտները, նվազում են այդ տնտեսվարողների մոտ աշխատող մարդկանց աշխատավարձերը, կրճատվում են աշխատատեղերը։ Բացի դրանից, նաեւ նվազում է այդ տնտեսվարողների կողմից իրենց բիզնեսը ընդլայնելու եւ արդիականացնելու համար հատկացվելիք գումարը, եւ տնտեսությունը մտնում է լճացման փուլ։ Մի խոսքով, գնանկումը նույնքան վատ երեւույթ է, որքան չափից ավելի գնաճը։ Ու պետությունները իրենց դրամավարկային քաղաքականությամբ պայքարում են գնանկման դեմ նույն ջանասիրությամբ, ինչպես գնաճի դեմ։

Այդ պայքարի առաջամարտիկը Հայաստանում պետք է լիներ ՀՀ կենտրոնական բանկը։ Գնանկման պայմաններում ԿԲ-ն պետք է միջոցներ ձեռնարկեր, որպեսզի տնտեսությունը, պատկերավոր ասած, փողով հագենար։ Եվ ինչպես արդեն բազմիցս նշվել է, դրա լավագույն տարբերակը բանկերի կողմից տնտեսությանը տրվող վարկերի տոկոսադրույքների նվազեցումն է։ Իսկ դրա համար ԿԲ-ն պետք է նվազեցնի այսպես կոչված վերաֆինանսավորման տոկոսադրույքը։ Բայց ԿԲ-ն այնքան վախվորած ու դանդաղ տեմպերով է նվազեցնում այդ տոկոսադրույքը, որ կարծես իր «մսից է պոկում»։ Վերաֆինանսավորման տոկոսադրույքը ԿԲ-ն նվազեցնում է անցած տարվա օգոստոսից սկսած եւ մինչ օրս 10.25 տոկոսից նվազեցրել է մինչեւ 7.5 տոկոսի։ Բայց այդ նվազեցման արդյունքում գնանկումը չի դադարում։ Այսինքն, ակնհայտ է, որ ԿԲ-ի վախվորած գործելաոճը չի տվել ցանկալի արդյունքները, բայց այդ կառույցը շարունակել է նույնքան վախվորած գործել։ Ու չնայած վերաֆինանսավորման տոկոսադրույքը նվազել է մոտ 3 տոկոսով, դա ըստ էության չի ազդել բանկերի կողմից բիզնեսին տրվող վարկերի համարժեք էժանացմանը։ Ու տնտեսությունը շարունակում է «քաղցած» մնալ։

Հայկ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031