Լրահոս
Նշանակումներ ՊՆ-ում
Օրվա լրահոսը

Ռիչարդ Միլսը ՀՀ հատուկ քննչական ծառայության պետից հետաքրքրվել է ՊՊԾ գնդի տարածքում տեղի ունեցած բռնությունների մասին

Օգոստոս 16,2016 17:34 Share
Աջակցեք aravot.am-ին

ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ, արդարադատության գեներալ-լեյտենանտ Վահրամ Շահինյանն այսօր՝ 2016թ. օգոստոսի 16-ին, ընդունել է Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան պարոն Ռիչարդ Միլս Կրտսերին, դեսպանատան մշտական իրավական խորհրդատու Ջոն Լուլեջյանին և ԱՄՆ արդարադատության դեպարտամենտի իրավաբան-փորձագետ Քրիստինա Աֆոյանին։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են իրավական համագործակցության կազմակերպման և քննության մեթոդիկայի կատարելագործման միջազգային փորձի ուսումնասիրման, քննիչների վերապատրաստման և երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցերի լայն շրջանակ:

Զրույցի ընթացքում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան պարոն Ռիչարդ Միլսը ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Վահրամ Շահինյանից հետաքրքրվել է նախորդ ամսին ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածքում, ինչպես նաև այլ վայրերում տեղի ունեցած բռնությունների, լրագրողների ու փաստաբանների օրինական գործունեությանը խոչընդոտելու, ինչպես նաև զինված խմբի վերաբերյալ քննվող քրեական գործերի նախաքննության ընթացքից:

ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Վ. Շահինյանը ընդգծել է, որ հարուցված և քննվող քրեական գործերով կատարվում է լրիվ, բազմակողմանի և օբյեկտիվ քննություն:

«Կատարվում են անհետաձգելի քննչական և դատավարական գործողություններ՝ կատարված առերևույթ հանցագործությունների բոլոր հանգամանքները մանրակրկիտ ուսումնասիրելու, մեղավոր անձանց հայտնաբերելու և քրեական պատասխանատվության ենթարկելու համար»,- նշել է Վահրամ Շահինյանը:

Հանդիպման ընթացքում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպանը փաստել է. «Գոհացնող է, որ ՀՀ հատուկ քննչական ծառայությունը մանրակրկիտ ու արհեստավարժ քննություն է իրականացնում Էրեբունու ոստիկանության շենքի գրավման և ՀՀ քաղաքացիների ու լրագրողների դեմ ուղղված ոստիկանական չարաշահումների դեպքերով»: Վահրամ Շահինյանը նշել է նաև, որ հաշվի առնելով հանրության հետաքրքրությունը հիշյալ քրեական գործերի նկատմամբ, պարբերաբար հանրության ուշադրությանն է ներկայացվում տեղեկատվություն՝ քրեական գործերով իրականացված քննչական և դատավարական գործողությունների մասին:

ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Վահրամ Շահինյանի ուղեկցությամբ Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան պարոն Ռիչարդ Միլս Կրտսերը, դեսպանատան մշտական իրավական խորհրդատու Ջոն Լուլեջյանը և ԱՄՆ արդարադատության դեպարտամենտի իրավաբան-փորձագետ Քրիստինա Աֆոյանը շրջել են ՀՀ հատուկ քննչական ծառայության շենքում, ծանոթացել աշխատանքային պայմաններին:

 

ՀՀ հատուկ քննչական ծառայության

լրատվական ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Մեկնաբանություններն անջատված է: