Լրահոս
Օրվա լրահոսը

Կարեն Վարդանյան. ՊՆ-ի հետ համագործակցությունն ինտենսիվ է (Տեսանյութ)

Սեպտեմբեր 05,2016 16:54

Ապրիլյան պատերազմից հետո տեղեկատվական տեխնոլոգիաների մի շարք ընկերություններ ԴիջիԹեք էքսպո 2016-ի ցուցահանդեսում, որն այս տարի կայանալու է սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 2-ն ընկած ժամանակահատվածում, կներկայացնեն ռազմական ուղղվածությամբ տեխնոլոգիական լուծումներ, որոնց կիրառումը կբարձրացնի մեր երկրի սահմանների անվտանգությունը: Այսօր այս մասին «Էրեբունի Պլազա» բիզնես կենտրոնում ասաց Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը:

Հիշեցնենք, որ ապրիլյան պատերազմից առաջ պարոն Վարդանյանը պարբերաբար մտահոգություն էր  հայտնում, որ պաշտպանության նախարարությունը չի ցանկանում համագործակցել տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) ոլորտի հետ, որ «չկա կամուրջ ՏՏ ոլորտի եւ բանակի միջեւ»:

Aravot.am-ը Կարեն Վարդանյանից հետաքրքրվեց, թե արդեն կա՞ն կնքված հստակ պայմանագրեր եւ մասնավորապես ինչ ռազմական լուծումների մասին է խոսքը: Պարոն Վարդանյանն ասաց, որ պաշտպանության փոխնախարարի փոփոխությամբ պայմանավորված, ՊՆ-ի հետ համագործակցությունն ավելի ինտենսիվ է դարձել:

Իսկ թե ինչ տեխնոլոգիաներ են ներդնելու, պարոն Վարդանյանն ասաց, որ չի կարող այդ մասին խոսել, ռազմական գաղտնիք է:

Կարեն Վարդանյանը նաեւ ասաց, որ ապրիլյան պատերազմից հետո զորացրված երիտասարդների համար ՏՏ ոլորտի մասնագետների մասնակցությամբ 6-ամսյա անվճար դասընթացներ են կազմակերպում, որպեսզի այդ երիտասարդները աշխատանք ունենան: Ըստ նրա 22-25 %-ով ոլորտը աճում է եւ մասնագետների պահանջարկ կա:

Մանրամասները` տեսանյութում

Էկոնոմիկայի փոխնախարար Էմիլ Տարասյանի համոզմամբ, ԴիջիԹեք-ը հնարավորություն է ընձեռում մեր երկրի վարկանիշը բարձրացնել, բացի այդ, ներդրողների հետաքրքրվածությունը բարձրացնելու միջոց է: Ըստ նրա,

2019 թվականին էլ Հայաստանում կանցկացվի տեղեկատվական տեխնոլոգիաների միջազգային կոնգրես:

Կարեն Վարդանյանի տեղեկացմամբ, եռօրյա ցուցահանդեսին կմասնակցեն տեղական եւ միջազգային շուկայի 170 ընկերություն եւ շուրջ 60 հազար այցելու կլինի: Կներկայացվեն համալիր ինժեներական լուծումներ, ՏՏ սարքավորումներ եւ համակարգեր, ծրագրային եւ վեբ լուծումներ, հեռահաղորդակցության եւ ցանցային լուծումներ, խաղային լուծումներ եւ մուլտիմեդիա, տեխնոլոգիական լուծումներ բիզնեսի համար:

ԴիջիԹեքի պլատինե հովանավորն է Ucom ընկերությունը:

 

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930