Նոյեմբերի 26-ին Մեծ Բրիտանիայի դեսպանությունը ՀՀ պաշտպանության նախարարության և ՆԱՏՕ-ի հետ համագործակցությամբ անցկացրեց պաշտպանության ոլորտում ռիսկերի կառավարման և բարեփոխումների ամենամյա համաժողովը։
Համաժողովի ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարությունը ներկայացրեց Մեծ Բրիտանիայի աջակցությամբ մշակված ռիսկերի կառավարման իր առաջին մոտեցումը։ Այս աշխատանքը Հայաստանի պաշտպանության և անվտանգության ոլորտների բարեփոխումներին ուղղված Մեծ Բրիտանիայի շարունակական աջակցության մասն է։
Համաժողովին մասնակցեցին Հայաստանի, Մեծ Բրիտանիայի և ՆԱՏՕ-ի ռիսկերի կառավարման ոլորտի փորձագետներ, ՀՀ պետական մարմինների և միջազգային գործընկերների ներկայացուցիչներ։
Համաժողովը բացեցին Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Ալեքսանդրա Քոուլը և ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Հրաչյա Սարգսյանը։
Դեսպան Ալեքսանդրա Քոուլը նշեց.
Կարդացեք նաև
«Պաշտպանության և անվտանգության ոլորտների բարեփոխումների ուղղությամբ մեր համագործակցությունը Մեծ Բրիտանիայի և Հայաստանի ռազմավարական գործընկերության կարևոր մասն է։
Պաշտպանության նախարարության՝ ռիսկերի կառավարման նոր մոտեցման այսօրվա գործարկումը լավ օրինակ է, թե ինչպես է նախարարությունն ամրապնդում իր դիմակայունությունն ու հաշվետվողականությունը և բարելավում ռազմավարական պլանավորումը։
Մեծ Բրիտանիան շարունակում է աջակցել Հայաստանին՝ ազգային դիմակայունությունն ամրապնդելու գործում»։
ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Հրաչյա Սարգսյանն իր հերթին նշեց.
«Պաշտպանության նախարարությունը մշակել է ռիսկերի կառավարման իր առաջին ռազմավարությունը՝ հիմնվելով մեր բրիտանացի գործընկերների փորձի վրա։ Ռազմավարությունը կառուցված է Զինված ուժերի վերափոխման նպատակների շուրջ․ այն օգնում է ժամանակին բացահայտել, թե ինչ կարող է խոչընդոտել այդ նպատակների իրագործմանը, և կայացնել ավելի հիմնավորված որոշումներ։ Հաջորդ քայլը ռազմավարությունը նախարարության բոլոր մակարդակներում գործնականում կիրառելն է։ Շնորհակալ եմ Միացյալ Թագավորությանը՝ իր փորձով կիսվելու համար»։
ՀՀ պաշտպանության նախարարության՝ ռիսկերի կառավարման առաջին մոտեցման գործարկումը կարևոր առաջընթաց է նախարարության ռազմավարական բարեփոխումների գործընթացում, որն իրականացվում է Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարության և Երևանում Մեծ Բրիտանիայի դեսպանության աջակցությամբ։
Այս աշխատանքը Մեծ Բրիտանիա–Հայաստան ռազմավարական գործընկերության շրջանակում Հայաստանի պաշտպանության և անվտանգության ոլորտների բարեփոխումներին ուղղված ավելի լայն համագործակցության մասն է, որի նպատակն է բարձրացնել թափանցիկությունն ու արդյունավետությունը և արդիականացնել պաշտպանական հաստատությունները։
Համաժողովից հետո ՀՀ պաշտպանության նախարարությունը Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանում պաշտոնապես մեկնարկեց և անցկացրեց բարձրաստիճան ղեկավարների համար նախատեսված «Բարեվարքության ամրապնդում» (Building Integrity) ծրագրի առաջին ուսումնական մոդուլը։
Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանատուն




















































