Լրահոս
Օրվա լրահոսը

Առողջարանային թրթիռներ (պատմվածք)

Սեպտեմբեր 07,2016 17:59

 Մարդու ապրելու տարիների ավելացմանը զուգընթաց հաճախակի է դառնում առողջարանային կամ սովորական պայմաններում բժշկին դիմելու անհրաժեշտությունը, ինչքան էլ, որ նա չցանկանա: Փայլակի տարիքն էլ արդեն մոտենում իր ութսունին և լույսը դեռ չբացված մի նոր հիվանդություն էր վրա տալիս, մինչ նախորդը կբուժեր: Դրանց ձեռքը իսկը կրակն էր ընկել: Նրա որդին էլ, որպեսզի լուծի հոր բոլոր հիվանդությունների հարցը միանգամից՝ նրա համար առողջարանային ուղեգիր պատվիրեց և ուղարկեց բուժվելու:

Փայլակը, հազիվ էր հասել առողջարան, ստացել իրեն հասանելիք հանգստի սենյակը և փոխել հագուստը՝ հարմարվելով առողջարանային պայմաններին, երբ թակեցին նրա սենյակի դուռը: Երբ բացեց դուռը նրա առջև կանգնած էր հաճելի արտաքինով բուժքույրը, որը նրան սիրալիր բարևելուց հետո հրավիրեց բուժող բժշկի մոտ: Կարգ է, պիտի ենթարկվես:

Ներկայանալով բուժող բժշկուհուն, Փայլակը մանրամասն պատմեց իրեն անհանգստացնող հիվանդությունների մասին, նկարագրեց նրանց բնույթը (զարկերակային բարձր ճնշում, աջ ոտքի մատների հոդերում աղերի կուտակում, երկու ոտքերի մինչև ծնկները հասնող երակների լայնացում, ծնկահոդերի ցավեր, շնչառության հետ կապված խնդիրներ, ալերգիկ երևույթներ, ցավեր ձախ ոտքի սրունքամասում, ադոնեմայի երևույթներ, մեջքամսի ցավեր և այլն և այլն):

Բուժող բժշկուհին ուշադիր լսեց Փայլակի գանգատները առողջական վիճակի մասին, որոշ ուղղորդիչ հարցեր տվեց, ապա դարակից հանելով մաքուր «Առողջարանային գրքույկի» մի օրինակ ու թերթելով այն՝ նշումներ կատարեց համապատասխան բաժիններում, հետո այն հանձնեց Փայլակին և բարի բուժում ցանկացավ նրան:

Փայլակը շնորհակալություն հայտնեց բժշկուհուն ուշադիր վերաբերմունքի համար և ցտեսություն ասելով դուրս եկավ նրա աշխատասենյակից: Այդ օրը նա ազատ էր որևէ բուժգործողության (պրոցեդուրա) կատարելուց, բայց ըստ «Առողջարանային գրքույկի» առաջին էջում նշված ցուցումի, գնաց նախաճաշի: Այստեղ, իհարկե, ինքնասպասարկում էր և նա ընտրելով իր նախասիրած ուտելիքները, տեղավորելով դրանք ափսեների մեջ, տեղափոխեց ճաշասեղանի վրա, որի համար մոտ տասն րոպե ստիպված էր սպասել, ապա ըմբոշխնեց սնվելու գործընթացի ողջ հմայքը:

Նախաճաշը ավարտելուց հետո նա բարձրացավ իր հանգստի սենյակը, հարմարավետ տեղավորվեց աթոռակին ու բացեց «Առողջարանային գրքույկը», որպեսզի մանրամասն ծանոթանա այնտեղ նշված հետագա անելիքների մասին: Քանի որ առաջին էջի հետ արդեն ծանոթ էր (նախաճաշի, ճաշի և ընթրիքի ժամեր), ապա անցավ երկրորդ էջի՝ «Ախտորոշումը ընդունվելիս» բաժնի նշումներին, որտեղ հայտնաբերեց իրեն անհասկանալի երկու տառերի (АГ) հապավումը, որին հաջորդում էր գծիկը, ապա հռոմեական II թվանշանը: Ոչինչ չհասկանալով դրանից նա անցավ հաջորդ էջին, որտեղ՝ «Մարդաբանական չափումներ» անվան տակ գրված էր նրա զարկերակային ճնշման չափման մակարդակը՝ 150/80, որը իրականացրել էր բուժող բժշկուհին, իսկ մնացած տվյալները լրացված չէին (ամսաթիվ, հասակ, քաշ, կրծքավանդակի շրջագիծը շնչելիս և արտաշնչելիս, երակազարկը, ջերմաչափումը):

Փայլակը, իհարկե, տարակուսանքի մեջ մնաց, չհասկանալով, թե ինչու են այդ տվյալների համար տողեր հատկացվել, եթե դրանք չեն չափվելու և լրացվելու:

Անցնելով հաջորդ էջի՝ «Բժշկի նշանակումներ» բաժնին, որտեղ՝ ռեժիմ, հանքային ջրերի խմելու ռեժիմ, ԷՍԳ (երևի էլեկտրասրտագրամա) տողերում տվյալներ չկային և միայն դիետա բաժնում գրված էր՝ թիվ 10: Դա էլ չհասկանալով՝ Փայլակը թերթեց հաջորդ էջը՝ «Բժշկի կրկնակի դիտման ժամանակացույց» վերտառությամբ: Բնականաբար, այն դատարկ էր, որը պետք է լրացվեր հետագա զննումների ժամանակ: (Խոսքը մեր մեջ, այն այդպես էլ դատարկ մնաց մինչև բուժման ավարտը):

«Դեղորայքի նշանակում» «Հանքային լոգանք», «Կավաբուժություն», «Ջրաբուժություն, ստորջրյա մերսում» բաժիններում նույնպես նշումներ չկային:

Եվ վերջապես հասնելով «Չորս խցիկային լոգանք» էջին՝ Փայլակը նկատեց, որ այնտեղ նշված է բուժընդունման սկզբնական օրը, որի ժամանակացույցը պետք է հարմարացվեր տվյալ աշխատասենյակի աշխատակցի հետ:

Հաշվի առնելով, որ Փայլակի ոտքերի ծնկներից ներքև երակների լայնացում կար, ուստի բժշկուհին նրան հանքաջրային ընդհանուր լոգանքը համարելով հակացուցված, ընտրել էր ոտքերի ու ձեռքերի առանձին խցիկներով լոգանք: Սա էլ Փայլակի համար հանելուկ մնաց:

-Լավ,-ինքն իրեն ասաց Փայլակը,-հոգնեցի, վաղը կընդունեմ այս «չորեքթաթ լոգանքը», ապա կշարունակեմ գրքույկի հետ հետագա ծանոթացումս:

Հաջորդ օրը «չորեքթաթ լոգանքը» ընդունելուց հետո Փայլակը վերադարձավ իր հանգստի սենյակը, հարմար տեղավորվեց աթոռին և շարունակեց «Առողջարանային գրքույկի» ուսումնասիրությունը:

«Բոլորակային ցնցուղ» իրեն անծանոթ բաժնում նկատելով նշումը շտապեց ներկայանալ այդ սենյակի աշխատակցուհուն, որը նրա համար ժամանակացույց լրացրեց: Նշանակված ժամին Փայլակը ներկայացավ այդ բուժգործողությանը, որտեղ նրա հիվանդ ոտքերն ու մարմինը այնպես դաղվեցին, որ ավելի լավ էր այդ լոգանքը չընդուներ:

-Ավելի դաժան բան չէի՞ն կարող մտածել,-հեգնանքով փնթփնթաց Փայլակը՝ դիմելով սարքը սպասարկող աշխատակցուհուն:

-Մտածել են,-ժպտալով ասաց աշխատակցուհին,-նայելով Փայլակի ներկայացրած «Առողջարանային գրքույկի» համապատասխան էջը,- այն շուտով կընդունեք:

Փայլակը դժկամորեն քայլերն ուղղեց դեպի նկուղային հարկ, որտեղ պետք է անցներ այդ փորձությունը ևս:

Նշանակված ժամին «Հիդրոռեֆլեքսոթերապիա» գրությունով սենյակի սպասարկող աշխատակցուհին Փայլակին հրավիրեց բուժական սենյակ և հրահանգեց.

-Հանեք հողաթափերը, քշտեք տաբատը, որպեսզի չթրջվի և մտեք քայլուղի:

Փայլակը հանեց հողաթափերը, ծալեց տաբատի ներքևի մասը, ինչպես հրահանգել էր աշխատակցուհին, ոտքերը դժվարությամբ տեղափոխեց հանքաջրով և գլաքարերով լցված քայլուղին, որի մեջ սփռված տարբեր ողորկության գետաքարերը սկսեցին ցավեցնող ազդեցություն ունենալ նրա՝ առանց այն էլ ցավող ոտքերի փափուկ հյուսվածքների վրա:

-Սա է՞ ձեր ամենադաժան փորձությունը,-հարցրեց Փայլակը երկրորդ շրջանի քայլքը մի կերպ ավարտելով:

-Առայժմ, այո,-ասաց աշխատակցուհին, բայց աշխատանքներ տարվում են ավելի դաժան փորձություններ ստեղծելու ուղղությամբ:

-Երևի հին Եգիպտոսում այս ձևով ե՞ն պատժել ստրուկներին,-սրամտեց Փայլակը:

-Չգիտեմ, երևի,-անտարբեր արձագանքեց աշխատակցուհին ու դուրս եկավ սենյակից:

Մի կերպ կատարելով մի քանի շրջան քարուղում, Փայլակը դադարեցրեց դժվարին քայլքը, դուրս եկավ քայլուղուց և շտապեց ճաշի, որը շուտով սկսվելու էր:

Երեկոյան ընթրիքից հետո Փայլակը շարունակեց ծանոթությունը «Առողջարանային գրքույկի» հետ, իմանալու համար, թե հաջորդ օրվա համար ինչ նշանակումներ կան:

Քանի որ ինքը ստամոքսա-աղիքային տրակտից բողոք չէր ներկայացրել բուժող բժշկուհուն, ուստի գրքույկի «Աղիների լվացում», «Ստամոքսի լվացում» և «Միկրոհոգնա», «Լնդերի լվացում» բաժիններում նույնպես նշումներ չկային: Դրանք չկային նաև «Դյուբաժ» և «Թթվածնային կոկտեյլ», «Ֆիզիոթերապևտիկ բուժումներ» Փայլակին անհասկանալի բաժիններում: Բայց ահա «Էլեկտրատորֆոթերապիա» բաժնում նշում կար, նույնիսկ մարդկային ուրվանկարի վրա գնդիկավոր ինքնահոսով կլոր շրջանակ էր արված բուժվող ոտքի ոտնաթաթի վրա:

Գրքույկում նշված ժամին Փայլակը դուրս եկավ իր հանգստասենյակից, բանալիով փակեց դուռը և շտապեց բուժման գործողության՝ նշված աշխատասենյակ: Այստեղ աշխատակցուհին նրան առաջնորդեց համապատասխան խցիկը, առաջարկեց հանել կոշիկները, հարմար տեղավորվել սպիտակ կտորով պատած թախտին, աջ ոտքը դնել նրա վրա փռված ցելոֆանի վրա, իսկ ինքը գնաց տորֆը բերելու:

Ոտնաթաթին փաթաթված տորֆը բավականին տաք էր, բայց Փայլակը ձայն չհանեց, մտածելով, որ ավելի լավ է տաք լինի, որ բուժման արդյունքը արագ ընթացք ունենա:

Հերոսաբար դիմանալով այս փորձությանը ևս, Փայլակը գնաց զբոսնելու:

Նախաճաշից հետո, Փայլակը նորից նստեց սեղանի մոտ և բացեց «Առողջարանային գրքույկի» հերթական՝ «Պարաֆինաթերապիա» բաժինը, որտեղ տեսնելով նշումը ինքն իրեն ասաց.

-Վաղը այստեղից էլ կսկսեմ:

Հաջորդ օրը Փայլակը շտապեց համապատասխան աշխատասենյակ: Այստեղ, ինչպես երեկվա «տորֆոթերապիայի» ժամանակ, նույնպես ոտքին տաք մոմով փաթեթ հագցրին և տասնհինգ րոպե թախտի վրա նստած պահեցին անհարմար դիրքում: Դրանից հետո նա շտապեց «Ինհալացիա» գրությունով աշխատասենյակ, որի գործողությունը Փայլակը բավականին թեթև տարավ, քանի որ և նստելու տեղն էր հարմար և կատարվող գործողությունը: Ուղղակի պետք է մի ձեռքով պահեր դնչկալը և ապա շնչեր-արտաշնչեր, մինչև ավազե ժամացույցը ավարտեր իր աշխատանքը, որից հետո մեկ անգամ էլ աշխատակցուհին պիտի փոխեր շնչել-արտաշնչելու նյութը: Այդ օրվա վերջին փորձությունը՝ «Մերսում» բաժնում էր նշված:

Երբ նա բժշկուհուն առաջին հանդիպման ժամանակ ասաց, որ մեջքացավեր ունի և ենթադրում է, որ այն կապ ունի ադենոմայի հետ (համացանցում էր կարդացել), բժշկուհին նշանակեց մերսում, ոչ թե ցավող մեջքամասում, որը նրա կարծիքով կարող է վտանգավոր լինել, այլ՝ ուսագոտում, որի իմաստը Փայլակին այդպես էլ անհասկանալի մնաց :

Մերսման գործողությունը կատարող առողջ երիտասարդը Փայլակի համար այն ավարտեց ցավագին հարվածներով ուսագոտու փափուկ մասերին (երևի ինչ որ մեկի վրա բարկացած էր), որին նա մի կերպ դիմացավ:

Փայլակը վերադառնալով հանգստասենյակ, մի քիչ պառկեց մահճակալին, ապա կրկին բացեց «Առողջարանային գրքույկ»-ի այն էջը որտեղ հանգրվանել էր էջանշանը և նկատեց, որ «Էլեկտրաքուն», «Բուժական մարմնամարզություն» և «Բժշկի այլ նշանակումներ» բաժիններում նշումներ չկան, որից շատ ուրախացավ, իսկ «Տվյալներ առողջարանում կատարված բժշկական հետազոտությունների վերաբերյալ (արյան անալիզ, մեզի անալիզ, ԷՍԳ)», «Բուժող բժշկի եզրակացությունը», «Բուժական և պրոֆիլակտիկ խորհուրդներ հիվանդին դուրսգրման ժամանակ» բաժինները գուցե պետք է լրացվեին հետագայում:

Այսպիսով առաջին օրվա չորս նշանակումները և երկրորդ օրվա երեք նշանակումները ավարտելուց հետո Փայլակը չորս անգամ պետք է կրկներ նույն գործողությունները օրընդմեջ:

Առողջարանային ութերորդ օրը նա ներկայացավ բուժող բժշկին, որը երկարեցրեց նույն նշանակումները ևս երեք օրերով, որով պետք է ավարտվեր բուժման ընթացքը, սակայն նոր նշանակում էլ կատարեց՝ «Թթվածնային կոկտեյլը», ասելով, որ մոռացել է: Դա էլ կիսաքաղցր ինչ-որ փրփուր էր, որը Փայլակը դժկամությամբ ընդունեց, բա հո չէր առարկելու:

Տասներեքերորդ օրը Փայլակը ավարտելով բոլոր բուժումները, վերադարձավ առողջարանից:

Հիմա նա ընտանեկան պայմաններում բուժում է առողջարանում ստացած բուժման հետևանքները՝ «Պարաֆինաթերապիայի» և «Էլեկտրատորֆոթերապիայի» ժամանակ ստացած այրվածքները, մերսման ժամանակ ստացած մաշկա-մկանային վնասվածքները, «Բոլորակային ցնցուղից» ստացված երակային արտրիտի սրացումը, իսկ գիշերները վեր է թռչում երազում տեսնելով «Հիդրոռեֆլեքսոթերապիայի» տանջանքները:

Ու երբ բարեկամները կամ ծանոթները իմանալով նրա առողջարանում գտնվելու մասին հարցնում են՝ թե հիմա ինչպես է նրա առողջական վիճակը, նա ուսերն է թոթվում ու տխուր արտաբերում՝ «ես կյանքումս այդպիսի դաժան փորձությունների երբևէ չէի ենթարկվել, իսկ ոտնաթաթիս համար երևի բարձր հաճախականության բուժումների գնամ մոտակա հիվանդանոցում»:

 

ՍԻՄԱԿ   ԳԱԼՍՏՅԱՆ

Լուսանկարը cartoon.kulichki.comից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930