Լրահոս
Օրվա լրահոսը

Ապրում էր աշխարհում սքանչելի մի մարդ…

Սեպտեմբեր 09,2016 13:00

Իմ ընկերոջ՝ կոմպոզիտոր եւ մանկավարժ Վալերի Սարգսյանի
ծննդյան 70-ամյակին

Ապրում էր աշխարհում սքանչելի մի մարդ, ում բարեւ էր տալիս արեւը, ում ժպտում էին աստղերը, ու հոգու երգը տարածում էր քամին եւ երազները՝ թեւ առնելով, հասնում էին երջանկության հետեւից ճանապարհված մարդկանց…

Իր խղճի հետ հաշտ ապրող մարդու չափանիշներով էր արժեւորում կյանքի յուրաքանչյուր պահը Վալերի Սարգսյանը եւ գունավորում այն սիրո եւ բարության մեջ թաթախված վրձնով: Անհնար էր Վալերիի հետ շփվել եւ մի քիչ ավելի մարդ չդառնալ:
Ջերմ, բարեկամական հարաբերություններ էին կապում նրան կոմպոզիտոր Ավետ Տերտերյանի (ինչպիսի ոգեւորությամբ էր մասնակցում Սեւանում նրա ամառանոցի կառուցմանը), անվանի մանկավարժ-դաշնակահար Վաչե Ումր-Շատի, մեծահամբավ երգիչ Պավել Լիսիցյանի հետ:

Գեղեցիկի դռները համառորեն բացող մարդ էր, կոմպոզիտոր եւ մանկավարժ-ջութակահար Վալերի Սարգսյանը, մեր հրաշալի ընկերը, ում անունն այսօր հպարտությամբ կրում է Սեւանի երաժշտական դպրոցը, իսկ կատարած գործը՝ մեր եւ, մասնավորապես, Սեւանի երաժշտական մշակութային տարեգրության փայլուն էջերից է:
Ծագումով Գյանջայից (Կիրովաբադ), այնտեղ էլ ստացել էր նախնական երաժշտական կրթությունը, ապա ավարտել Երեւանի Կոմիտասի անվան կոնսերվատորիան: Գրիգոր Եղիազարյանի եւ Էդվարդ Միրզոյանի սանը մեկն էր հարյուրներից, որ ապրեց եւ ստեղծագործեց մայրաքաղաքից հեռու, շրջանում: Սեւանի բնությանը, մարդկանց սիրահարված, նրանցում գտավ իր ոգեշնչման աղբյուրը եւ արարեց՝ նաեւ հանուն նրանց:
Իր տնօրինության օրոք իսկական ծաղկունք ապրեց Սեւանի երաժշտական դպրոցը, որի կամարների տակ թեւածում է այսօր նրա հոգին եւ արձագանքում տասնամյակների նվիրաբերած կյանքը:

Անչափ կապված էր երեխաներին: Հաճույք էր նրա համար՝ բացել երեխաների առջեւ երաժշտւթյան կախարդական աշխարհը, սեր սերմանել երաժշտության հանդեպ: Հաճախ էր շնորհակալությամբ հիշում ծնողներին, որ ժամանակին թույլ չէին տվել թողնել երաժշտական դպրոցը, պնդել էին, որ շարունակի: «Հապա, ինչպե՞ս եղավ, որ ի վերջո կապվեցիր երաժշտությանը», – հարցրեցի մի օր ես: «Հետո եկավ սերը…», – պատասխանեց: Գերմանացի հնագույն վարպետի ձեռքով պատրաստված, Վալերիի ջութակը անցնում էր աշակերտների ձեռքից ձեռք:

Հոյակապ ուսուցիչ էր, հմուտ, համբերատար, շրջահայաց: Նրա սաներից շատերը կայացան իբրեւ նվագախմբային, անսամբլային կատարողներ, մանկավարժներ: Իրենը, սակայն, սկիզբն էր՝ այդպես էլ չընտելացավ, ինչպես ինքն էր ասում, այն հրաշքին, ինչպես փոքրիկի մեջ արթնանում է երաժիշտը: Անզուգական էր…

Դպրոցի՝ կատարյալից հեռու պայմաններին հակառակ, կատարյալ էր դպրոցի երաժշտապաշտ մթնոլորտը: Վալերիի մոտ ձգտում էին աշխատել մայրաքաղաքի լավագույն ուսուցիչները: Ոմանք համատեղում էին քաղաքի աշխատանքը Սեւանի երաժշտական դպրոցում աշխատելու հետ: Իսկ դպրոցի տնօրենը նաեւ Կամոյի երաժշտական ուսումնարանի փոխտնօրենն էր, նաեւ՝ անհատնող իր էներգիայով, Սեւանի երաժշտական կյանքի եռանդուն կազմակերպիչներից: Մեծապես նրա ջանքերով, Սեւանում ելույթ էին ունենում սիմֆոնիկ եւ կամերային նվագախմբեր, լարային քառյակներ, մենակատարներ, կազմակերպվում էին դասախոսություններ, հեղինակային համերգներ, բաց դասեր…

Այսուհանդերձ, Վալերի Սարգսյանի սուրբ -սրբոցն իր ստեղծագործությունն էր, ստեղծագործելը: Երբ էր, սակայն, ստեղծագործում… Երբ վերջանում էր օրվա եռուզեռը, գիշերային անդորրի մեջ լսելի էին դպրոցից եկող երաժշտության ձայները: Եվ այդպես, տարիներ շարունակ, վկա՝ պարզ դաշնամուրն ու փոքրիկ գրասեղանը:
Ստեղծագործական վառ երեւակայությամբ ու պրոֆեսիոնալ հմտությամբ գրված նրա գործերը լի են բանաստեղծական շնչով, հուզող մեղեդայնությամբ (հիշենք, թեկուզ, թավջութակի կոնցերտը), հնարամիտ ռիթմիկ խաղերով (դաշնամուրային առաջին կոնցերտ), նվագախմբային հնչեղ գունագեղությամբ, հետաքրքիր գործիքավորմամբ:
Ինքը՝ ջութակահար, հրաշալի զգում էր դաշնամուրը: Նույնն էր, երբ լսում էիր թավջութակի կոնցերտը, թվում էր՝ այն գրել է թավջութակահար, ֆլեյտայինը՝ ֆլեյտահար: Նվագախմբի, նվագախմբային գործիքների բնության նրբին զգացողություն ուներ, հնարավորությունների իմացություն: Հայտնի է, որ արվեստագետի ստեղծագործությունը իր՝ արվեստագետի էության, ներաշխարհի լավագույն արտահայտումն է: Վալերիի ստեղծագործությունը՝ իր կենսասեր, հուզաթրթիռ կերպարի անդրադարձն է, հոգու խոստովանանքը:

Գրել է դաշնամուրային երկու կոնցերտ, կոնցերտներ թավջութակի եւ ֆլեյտայի համար, խմբերգեր, երգեր, գործիքային մանրանվագներ (դրանց մեջ է եւ շեփորահարների անսամբլի համար գրված գեղեցիկ հիմնը): Անտիպ նյութեր են, ցավոք, որ դեռեւս սպասում են իրենց տպագրությանը:

Ես հիշում եմ հիմա, ինչպիսի խանդավառությամբ էինք աշխատում Վալերիի հետ իր դաշնամուրային Առաջին կոնցերտի վրա: Արտահայտչական հնարքներով լեցուն հրաշալի մի գործ է: Հիշում եմ փորձերը, աննախադեպ համերգային հաջողությունը Երեւանում, այնուհետեւ Սեւանում, հիշում՝ սեւանցիների հպարտությունից պայծառացած դեմքերը: Կոնցերտը կատարեցինք եւ ձայնագրեցինք Հայաստանի Ռադիոյի եւ Հեռուստատեսության սիմֆոնիկ նվագախմբի հետ, դիրիժորն էր Գեւորգ Մուրադյանը։

Համագործակցման բազմաթիվ առիթներ ունեցանք Վ. Սարգսյանի հետ, բազմաթիվ առիթներ նաեւ՝ կիսելու մեր ընկերոջ նշանակալի ձեռքբերումները: Այս ամենով հանդերձ, առանձին վայելք էր ընկերություն, մտերմություն անել Վալերիի հետ: Ի վերուստ տրված պարգեւ էր…

Այս տարի լրանում է հայ մշակույթի երախտավոր, կոմպոզիտոր եւ մանկավարժ Վալերի Սարգսյանի ծննդյան 70-ամյակը: Հիշարժան այդ տարելիցի առիթով գլուխ եմ խոնարհում անմոռանալի ընկերոջս կերպարի եւ գործի առջեւ, վստահ, որ ուշ երեկոներին մեր գլխավերեւում վառվում է նաեւ իր հոգատար ձեռքով վառած մի աստղ, առավել լուսավոր դարձնելու համար մեր անցնելիք ճանապարհը… Հարյուրներից մեկը ապրեց քաղաքից հեռու, Սեւանում, մնաց սիրահարված Սեւանին, Սեւանի բնությանը, մարդկանց: Նրանք եղան իր ոգեշնչման աղբյուրը: Արարեց առաջին հերթին նրանց համար եւ հանուն նրանց: Մեծ հայրենասեր, կանգուն մնաց իր հողի վրա եւ աննահանջ՝ ոգեղենով: Այսօր իր անունն է կրում Սեւանի երաժշտական դպրոցը եւ կատարած գործն ու ստեղծագործությունը, թե հանրապետության, թե Սեւանի մշակութային տարեգրության փայլուն էջերից են, իսկ մարդկային հազվագյուտ տեսակը շարունակում է ապրել իրեն ճանաչողների մեջ:

 

ՍՎԵՏԼԱՆԱ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ

ՀՀ Ժողովրդական արտիստ,
«Սուրբ Մեսրոպ Մաշտոց»
շքանշանակիր

 

«Առավոտ»

08.09.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930