Ազգային ժողովի պատգամավոր, «Ալյանս» կուսակցության նախագահ Տիգրան Ուրիխանյանը ստորագրահավաք է նախաձեռնել արդեն տեւական ժամանակ կալանքի տակ գտնվող քաղաքական գործիչ Անդրիաս Ղուկասյանի խափանման միջոցը փոխելու համար։
Aravot..am-ի հետ զրույցում Տիգրան Ուրիխանյանն ասաց, որ դեռ հուլիսին Սարի թաղի դեպքերից հետո ինքը հայտարարել էր, որ օժանդակելու է ցուցարարներին, հետամուտ է լինելու քաղաքական պատճառներով հետապնդումներին, ոստիկանների անհամաչափ գործողությունների դեպքերին։
«Համարում եմ, որ Անդրիաս Ղուկասյանի նկատմամբ անհամաչափ գործողություններ են իրականացվում եւ անհամաչափ պատիժ է կիրառվում։ Նա հետապնդվում է քաղաքական հայացքների համար, նա չէ անկարգություններ կազմակերպողը, ինչն իրեն առաջադրված մեղադրանքն է»,- ասաց մեր զրուցակիցը` հավելելով, որ հանդիպել եւ զրուցել է նաեւ Անդրիաս Ղուկասյանի կնոջ հետ եւ նրա պատմածներն այն մասին, որ Անդրիաս Ղուկասյանին թույլ չեն տալիս հանդիպել ընտանիքի անդամների հետ, խիստ հսկողության տակ են պահում, իրեն ավելի են մտահոգել։
Տիգրան Ուրիխանյանը փոխանցեց նաեւ, որ իրենք ուսումնասիրում են մյուս ձերբակալվածների գործերը եւս։
Ստորագրահավաքին այս պահին միացել են «Համախմբում» կուսակցության պատգամավորներ Վահե Հովհաննիսյանը, Էլինար Վարդանյանը եւ Ստեփան Մարգարյանը եւ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: