Գյումրու տոնի ու ՀՀ անկախության 25-ամյակի տոնական միջոցառումների շրջանակում երեկ բացվեց դեռևս 1834 թվականին կառուցված Գյումրու պատմամշակութային հուշարձաններից մեկը՝ «Սև Բերդ» ամրոցը, որն արդեն պատկանում է Գյումրու քաղաքապետի թեկնածու Սամվել Բալասանյանի ընտանիքին, նրանք էլ վերանորոգել են այն։
Օթյակներով, նորաձև ամֆիթատրոն հիշեցնող «Սև Բերդի» համերգասրահում տեղի ունեցավ աննախադեպ մի փառատոն՝ միջազգային «Ռոք-ֆեստը», որին մասնակցում էին լեգենդար «Բամբիռ» ֆոլք- ռոք խմբի հին ու նոր սերունդները ու այլ հայտնի ռոք խմբեր ԱՄՆ-ից, Իռլանդիայից, Վրաստանից։



Կարդացեք նաև
Ինչպես Aravot.am-ի հետ զրույցում ներկայացրեց փառատոնի կազմակերպիչ «Ծիրանափող» մշակութային-երիտասարդական հ/կ-ի նախագահ Ղարիբ Հարությունյանը, հրավիրատոմսեր բաժանվել են մոտ 2000 հոգու, սակայն մարդկանց հետաքրքրասիրությունն այնքան մեծ է եղել, որ այն քչություն է արել։ Ղարիբ Հարությունյանի տեղեկացմամբ, արտերկրյա ռոք խմբերը եկել են մասնակցելու առանց որևէ հոնորարի, իրենք պարզապես հոգացել են նրանց ճանապարհածախսը։ Այս հարցում, մեր զրուցակցի տեղեկացմամբ, մեծ դերակատարություն է ունեցել Գյումրու «Բամբիռ» խումբը, որն իր կապերի միջոցով կարողացել է այլ երկրների ռոք-խմբերին բերել հարազատ քաղաք։
Ի դեպ, փառատոնի հիմնական գեղարվեստական մասը ապահովում էր հենց «Բամբիռ» խումբը՝ հին ու նոր սերունդներով, հանդիսատեսը «խելագարվում էր», երբ բեմ էր բարձրանում լեգենդար Գագիկ Բարսեղյանը՝ Ջագը՝ 70-ականների «ԲԱՄԲԻՌ» ֆոլք-ռոք խմբի և հայկական ֆոլք-ռոքի հիմնադիրը։ Նա ռոքի միջոցով բարձրաձայնում է Գյումրու բոլոր խնդիրները, գյումրեցիներն էլ նրա ելույթի ամբողջ ընթացքում ձայնակցում են։


Նշենք, որ փառատոնի գլխավոր պրոդյուսերը Տիգրան Վիրաբյանն է, որն իր հարցազրույցներից մեկում նշել էր, թե «Սև Բերդ» ամրոցի համերգասրահն ապշեցրել է արտերկրյա պրոդյուսերներին։։
Հայտնի ռոք խմբերից մասնակցում էին Sima Cunnigham-ն ու Palm of Granite-ն (ԱՄՆ), վրացական Young Georgian Lolitaz ու Black Marrows խմբերը, Rozen Tal-ը, «Ալեքսանդրապոլ» խումբը։ Փառատոնը տևեց մոտ 4 ժամ։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Լուսանկարները՝ Հայկ Բարսեղյանի ու Aravot.am-ի։






























































