Լրահոս
Օրվա լրահոսը

Արդյո՞ք երկիրը մոտենում է ժողովրդավարությանը, թե՞ հեռանում է դրանից. armenian-community.ge

Հոկտեմբեր 05,2016 10:08

Ենթադրվում է, որ ընտրությունները պետք է հարցերի պատասխաններ տան: Վրաստանում 2016թ-ի հոկտեմբերի խորհրդարանական ընտրությունների հետ կապված ամենաակնհայտ հարցն այսպես է հնչում. «Ո՞վ է երկիրը կառավարելու մոտակա 4 տարիներին ընթացքում»: 2013թ-ից Վրաստանի սահմանադրական մոդելը շատ մոտ է խորհրդարանական հանրապետությանը, և այդ պատճառով էլ ընտրությունների ելքը կկանխորոշի նաև նախարարների կաբինետի կազմը:

Բոլոր կանխատեսումները ծայրահեղ կասկածելի տեսք ունեն չկողմնորոշված ընտրողների մեծ թվի և նրանց պատճառով, ովքեր հրաժարվում են նշել իրենց նախընտրությունները հարցումների ժամանակ (35-ից 55 տոկոս՝ ըստ տարբեր հարցումների արդյունքների): Սակայն կարելի է մի քանի հիմնական սցենարներ թվարկել:

Դրանցից մեկի համաձայն՝ իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը խորհրդարանում մեծամասնություն է կազմում (150 մանդատից նվազագույնը 76-ը): Այս դեպքում մենք կունենանք այն ամենի շարունակությունն, ինչ ունենք այսօր. միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլին է որոշելու երկրի զարգացման ընդհանուր ուղղությունը՝ ամենօրյա կառավարման ձանձրալի աշխատանքը վստահելով իր ենթականերին, օրինակ, վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլիին: Սակայն դեպքերի նման զարգացման դեպքում ռեժիմի լեգիտիմությունը կարող է տուժել: «Վրացական երազանքին» աջակցությունը բավականին ցածր մակարդակի վրա է. լավագույն դեպքում՝ 36%: Իշխանամետ «Իմեդի» հեռուստաընկերության տվյալներով՝ ավելի արժանահավատ թվացող ամերիկյան «Ազգային դեմոկրատական ինստիտուտի» հարցման արդյունքով՝ 17%:

Եթե այնուամենայնիվ «Վրացական երազանքը» ստանա ձայների մեծամասնությունը, ապա դա հավանաբար տեղի կունենա միամանդատ շրջանների հաշվին, որտեղ ընտրվելու է 73 պատգամավոր (մնացածը՝ կուսակցական ցուցակներով): Մեծամասնական շրջաններում ընտրությունների արդյունքներն ավանդաբար խեղաթյուրվում են իշխող կուսակցության ներկայացուցիչների օգտին, ովքեր ունակ են այսպես կոչված «վարչական ռեսուրսից» օգտվել, այդ պատճառով էլ դրանք պակաս արդար են համարվում: 2012թ-ին իշխանության գալուց առաջ «Վրացական երազանքը» խոստացել էր հրաժարվել միամանդատ շրջաններից, սակայն խոստումը չկատարեց հենց այն պատճառով, որ ուզում էր կրկին հաղթել 2016թ-ի ընտրություններին:

Սակայն ինչպես իշխող կուսակցության, այնպես էլ հիմնական ընդդիմադիր «Միասնական ազգային շարժման» հանդեպ ցածր ժողովրդականության պատճառով, որը հարցումների համաձայն, «Վրացական երազանքին» մի քանի տոկոսային կետ է զիջում, առավել հավանական է բացարձակ առաջատարի բացակայությունը:

Դա նշանակում է, որ Վրաստանի պատմության մեջ առաջին անգամ կոալիցիոն կառավարություն կձևավորվի: Պաշտոնապես «Վրացական երազանքի» նախկին կառավարությունը նույնպես 6 կուսակցությունների աջակցությունն ուներ, սակայն դրա անձնական կազմն ավելի շուտ որոշվում էր Բիձինա Իվանիշվիլիի անձնական նախընտրություններով, այլ ոչ թե ընտրությունների արդյունքով: Հաշվի առնելով կուսակցությունների միջև հարաբերությունների լարվածությունը՝ իրական կոալիցիայի ստեղծումը կարող է բարդ գործ լինել:

Վերջնական արդյունքում կոալիցիան կարող է ստեղծվել միայն երկու հիմնական ուժերի հիմքի վրա: Նրանց միջև լուրջ պայմանավորվածություն դժվար է պատկերացնել. թե՛ մեկը, թե՛ մյուսը միմյանց համարում են չարիքի մարմնացում: Ոչ միայն հաղթել, այլև ոչնչացնել ՄԱՇ-ին. սա է «Վրացական երազանքի» գոյության գլխավոր իմաստը: Բոլորովին վերջերս դրա գլխավոր քարտուղար Իրակլի Կոբախիձեն ընտրողներին խոստացավ, որ ընտրություններից հետո «ՄԱՇ-ը կդադարի վրացական քաղաքականության մեջ կարևոր գործոն լինել»: Իրենց հերթին ՄԱՇ-ի համակիրներին միավորում է «Վրացական երազանքին» իշխանությունից հեռացնելու ձգտումը: Երկու հիմնական ուժերը «երրորդ կողմին» են մեղադրում իրենց հակառակորդների հետ կապերի համար, օրինակ Պաատա Բուրչուլաձեի գլխավորած «Պետություն ժողովրդի համար» կուսակցությանը:

Այլ «երրորդ կողմերի» թվում են նաև 5 տոկոս ընտրական շեմը հաղթահարելու շանսեր ունեցող «Ազատ դեմոկրատները»՝ Իրակլի Ալասանիայի գլխավորությամբ, «Հայրենասերների միությունն» ու Նինո Բուրջանաձեի գլխավորած «Ժողովրդավարական շարժում. միասնական Վրաստանը»: Նրանք բոլորը կարող են հասնել դրված նպատակին, սակայն ոչ մեկի հաջողությունը երաշխավորված չէ: Եթե բանը հասնի նրանց մասնակցությամբ կոալիցիա ստեղծելուն, այդ գործընթացը խոստանում է այդքան էլ գրավիչ չլինել:

Բացի այդ ևս երկու կարևոր հարց կա, որոնց պատասխանները մենք պետք է ստանանք այս ընտրություններին: Դրանցից մեկն այն է, արդյո՞ք վրացական քաղաքականությունում կպահպանվի ընդհանուր արևմտամետ ուղղությունը: Ի հեճուկս ի սկզբանե առաջացած կասկածների և «Վրացական երազանքի» որոշ ներկայացուցիչների՝ մեծ հետևողականությամբ աչքի չընկնող հայտարարությունների, այս կառավարությունը հիմնականում պահպանել է իր նախորդների վարած արևմտամետ ուղղությունը և կարող է պարծենալ իր լուրջ հաջողություններով. չնայած ՆԱՏՕ-ին և ԵՄ-ին անդամակցելու հեռանկարը շարունակում է հեռավոր ու մշուշոտ մնալ, ԵՄ հետ ասոցացման համաձայնագիրը ստորագրվել է, շենգենյան երկրներ առանց վիզայի մուտք գործելը հավանաբար վերջապես կհաստատվի, ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունն ամրապնդվել է: Սակայն Արևմուտքի հանդեպ վրացական հասարակության ապրած որոշակի հիասթափությունը և Ռուսաստանի կողմից Վրաստանի քաղաքական դաս, ԶԼՄ և քաղաքացիական հասարակություն մուտք գործելու փորձերի արդյունքում այլընտրանքային եվրասիական ինտեգրացիայի հայեցակարգի տարածվածությունն ավելացել է:

Արդյո՞ք դա կազդի երկրի քաղաքական ուղղության վրա: Հաշվի առնելով այն, որ երկու առաջատար ուժերը հայտարարում են եվրոպական և եվրատլանտյան ինտեգրացիայի գաղափարներին հավատարիմ լինելու մասին, դա քիչ հավանական է: Սակայն իրադարձությունների զարգացման վատագույն տարբերակը չի կարելի բացառել: Մենք գիտենք, որ ընտրություններին կարող է հետևել կոալիցիա կազմելու բարդ գործընթացը. ի՞նչ տեղի կունենա, եթե նշված հակաարևմտյան ուժերից մեկն ընտրվի որպես կոալիցիոն գործընկեր և կարողանա կառավարությանը պարտադրել իր օրակարգը: Վրացիներն իրենց կարող են սփոփել նրանով, որ եվրասկեպտիկներն ու արևմտյան արժեքներին դեմ արտահայտվողները (ինչպես սեփական համոզմունքներից ելնելով, այնպես էլ Ռուսաստանի աջակցություն ունեցողները) քայլ առ քայլ ավելացնում են իրենց ուժերն անգամ ԵՄ ներսում, սակայն Վրաստանը շատ ավելի խոցելի վիճակում է, քան ԵՄ անդամները:

Եվ վերջին, սակայն ոչ պակաս կարևոր հանգամանքն այն է, որ Վրաստանում անցկացվող յուրաքանչյուր ընտրություններին հարց է ծագում՝ արդյո՞ք երկիրը մոտենում է ժողովրդավարությանը, թե՞ հեռանում է դրանից:

Նախորդ խորհրդարանական ընտրությունները բեկումնային էին համարվում, քանի որ անկախ Վրաստանի պատմության մեջ առաջին անգամ իշխանությունը փոխվեց խորհրդարանական ճանապարհով: Սակայն վստահություն, որ այդպիսի պրակտիկան ավանդույթ է դարձել, չկա: Ընդդիմությունը չի կարող ամեն անգամ միլիարդատիրոջ առաջ քաշել, ում կարողությունը երկրի ՀՆԱ-ի գրեթե կեսին է հավասար (2012թ-ի իշխանափոխությունը չէր կարող տեղի ունենալ առանց պարոն Իվանիշվիլիի): Եթե իր ժողովրդականությունը կորցրած «Վրացական երազանքը» զրկվի իշխանությունից հոկտեմբերին, դա կնշանակի, որ իշխանափոխությունը խորհրդարանական ճանապարհով հաստատվել է որպես նորմա, որ ժողովրդավարությունը, ըստ Խուան Լինցի և Ալֆրեդ Շտեպանի հայտնի արտահայտության, դարձել է մեր տեղանքի միակ զբաղմունքը:

Սակայն ընդդիմության հանդեպ ֆիզիկական բռնության և ընտրովի արդարադատության կրկնվող դեպքերը, ԶԼՄ-ների վրա ազդելու փորձերն, ընդդիմադիր գործիչներին, լրագրողներին, Սահմանադրական դատարանի դատավորներին շանտաժի ենթարկելու և վախեցնելու մասին բազմաթիվ հաղորդումները, ցույց է տալիս, որ առայժմ իշխանության համար պայքարի մեթոդները հեռու են ժողովրդավարական լինելուց: Վրացիներից շատերը կարծում են, որ այդ մեթոդների հաշվին իշխող կուսակցությունը, նույնիսկ կորցնելով աջակցությունը, այնուամենայնիվ կհաղթի ընտրություններում: Կկարողանա՞ արդյոք անել դա: Ահա այսօրվա ամենակարևոր հարցը:

Գիա Նոդիա

armenian-community.ge

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31