Լրահոս
Օրվա լրահոսը

Շահերի ձգողականության ուժը

Հոկտեմբեր 08,2016 10:00

Երբեմն կարդում եմ ընդդիմադիր գործիչների եւ հրապարակախոսների դժգոհությունները` ընտրողներն առաջնորդվում են իրենց շահերով: Հարց է առաջանում` բա է՞լ ինչով պետք է առաջնորդվեն` գուցե ձե՞ր շահերով: Խոսքն, իհարկե, այն մասին է, որ քաղաքացիներն ընտրությունների ժամանակ փող են վերցնում, ինչպես նաեւ իրենց բիզնեսն են «առաջ գցում» կամ գայթակղվում են նրանով, որ բաջանաղի հորեղբայրը «մի թեթեւ» պաշտոն է ստանում: Ո՞րն է այդ շահերով առաջնորդվելու այլընտրանքը: Պայծառ ապագա՞ն, որը խոստանում են ընդդիմադիրները` իրենց անձնական արժանիքների վրա հիմնվելով: Եթե դա նրանց չի գայթակղում, ուրեմն ընտրողների (եւ, ի դեպ, հաճախ նաեւ` հանձնաժողովների ընդդիմադիր անդամների) համար պայծառ ապագայի հեռանկարը պակաս համոզիչ է, քան «նաղդ» բարիքները: Իհարկե, կարելի է բարոյախրատական ոճով դատապարտել այդ քաղաքացիներին, բայց կյանքի օրինաչափությունները դրանից չեն փոխվի: Դուք կարող եք դեմ լինել ձգողականության ուժին, բայց այդ ըմբոստությունից ֆիզիկայի օրենքները չեն փոխվի` դրանք գործում են մեր կամքից անկախ:

Հասարակագիտական օրենքն էլ հենց այն է, որ մարդիկ` Հայաստանում, Եթովպիայում, Միացյալ Նահանգներում, թե Գրենլանդիայում, առաջնորդվում են շահերով: Այդ շահերն, իհարկե, կարող են լինել նաեւ ոչ նյութական` մարդկային արժանապատվություն, համայնքի կամ պետության բարգավաճում եւ անվտանգություն, մարդկանց օգտակար լինելը եւ այլն: Շահերի «հիերարխիան» որոշվում է մի քանի գործոններով` անհատական եւ հասարակական` այդ թվում նաեւ «ռեժիմով»: Սակայն ընդդիմադիրների սիրած բառի տակ պետք է հասկանալ ողջ քաղաքական համակարգը եւ ոչ միայն իշխանության վարքագիծը:

Ասվում է, որ վերջին ՏԻՄ ընտրություններում լավ արդյունքներ ցույց տված կուսակցությունները ունեին որոշակի ստվերային պայմանավորվածություններ: Ենթադրենք, դա այդպես է: Իսկ դուք բացառո՞ւմ եք, որ Քլինթոնի եւ Թրամփի, ինչպես նաեւ ԱՄՆ հանրապետականների եւ դեմոկրատների միջեւ (սպասվում են նաեւ կոնգրեսականների ընտրություններ) նույնպես կան նման պայմանավորվածություններ: Դրանք մշտապես արտացոլում են ուժերի իրական դասավորությունը` տվյալ պահին:

Գյումրիում ու Վանաձորում ուժերի դասավորությունն այնպիսին էր, որ կուսակցությունները ստիպված էին պայմանավորվել: Ինչն է ավելի լավ` երբ մեկ կուսակցությո՞ւնն է ամեն ինչ որոշում, թե՞ երբ 3 կամ 4 կուսակցություններ՝ անկախ նրանից, թե որքանով են դրանք «անկեղծ ընդդիմադիրներ», մտնում են երկխոսության մեջ: Կպայմանավորվե՞ն 3 կուսակցությունները Վանաձորում` քաղաքապետի ընդդիմադիր թեկնածուին պաշտպանելու մասին` շատ լավ: Չեն պայմանավորվի, միեւնույն է` հետդարձի կետն արդեն անցած է. ՀՀԿ-ական քաղաքապետն այլեւս չի կարողանա միանձնյա որոշումներ ընդունել:
Շահերի հարաբերակցությունն է այդպիսին: Շահերի մեջ ոչ լավ կամ վատ բան չկա: Գրավիտացիայի նման մի բան է:

 

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    Պարզ է թէ շատեր Հայաստանում երազատես (ուտոպիստ) պատկերացումներ ունեն շատ մը բաների մասին, ներառեալ ու նաեւ քաղաքական/ընտրական գետնաքարշ իրականությունների վերաբերեալ:

    Սակայն քաղաքական կուսակցությունների պարագային, հիմնական մարտահրաւէրը անոնց «թարմացումն» է, նոր շունչով, նոր ավիշով կազդուրվելու, վերանորոգվելու կենսական հրամայականն է:

    Այս պահին գերիշխող կուսակցությունը, բացահայտ վարպետութեամբ, նկատի առնում է այդ խնդիրը, եւ իսկական ու արդիւնավետ քայլեր է առնում այդ ուղղությամբ: Նոր ու երիտասարդ դէմքեր աստիճանաբար մէջտեղ են գալիս, բեմի առաջ են տեղավորվում, կարեւոր պաշտօնների են նշանակվում: Եւ ընդհանրապէս արդարացնում են իրենց վրայ դրված գրավը, վստահությունը:

    Նոյնը չէ կացությունը «դասական» ընդդիմության մէջ: Կամ երիտասարդ ու ատակ անձիքը հետաքրքրված չեն միանալու այդ կուսակցություններին, կամ ել անոնց մէջ իրենց արժանի տեղ չի տրվում: Իսկ Փաշինյանի ծրագիրը դեռ փաստօրէն սաղմային վիճակում է տակաւին:

  2. Լավատես says:

    Կանոնավոր բանակի դեմ միայն կանոնավոր բանակը կարող է կռվել, կանոնավոր բանակի դեմ աշխարհազորով միայն կռվելը մեծ հավանականությամբ աշխարհազորի պարտությամբ կավարտվի կամ էլ մեծ զոհերի ու հերոսների կյանքի ու հերոսության գնով, նմանապես՝ կանոնավոր ժողովրդի՝ այսինքն ազգի դեմ միայն ազգը կարող է արդյունավետ իր շահերը պաշտպանել, աշխարհազոր ժողովուրդը ազգի դեմ խաղ չունի կամ էլ մեծ զոհերի գնով: Արտագաղթը դա հետեւանքն է, իսկ պատճառը՝ դա ոչ ազգային, միայն ընտանեկան ու անձնական մակարդակի շահերը պաշտպանող հյուսիսային այծերի ազգային պետական պաշտոնների բռնազավթումն է՝ նույնն է թե հյուսիսային այծերին հարավային չքնաղ պարտեզի պարտիզպան նշանակեն: Մենք պետք է ազգովին նոր հռչակագիր գրենք՝ դա կլինի հայ կոչվելու պայմանագիրը, այն ընդունելուց հետո բոլոր կաշառակերներին, գողերին, այլ ազգերի ծառաներին, բանակից անօրինական ազատվողներին ու այլ թափթփուկներին հայ կոչվելու իրավունքից զրկել:

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31