Շուրջ տասնամյա դադարից հետո դերասանուհին կրկին բեմում է
Իզուր չէ ասված, որ ռեժիսորն է հաճախ որոշում արտիստի բեմական ճակատագիրը… Շուրջ տասնամյա դադարից հետո նոր դերով իր բազմաթիվ երկրպագուներին ներկայացավ ճանաչված դերասանուհի, ՀՀ վաստակավոր արտիստ Գրետա Մեջլումյանը, որը օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառներով զբաղված չէր Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում վերջին տարիների նոր բեմադրություններում։
Գրետա Մեջլումյանը վերջին շրջանում նկարահանվել է մի քանի գեղարվեստական ֆիլմերում, ինչպես նաեւ մասնակցել հայ դասականներին նվիրված պոեզիայի երեկոներին։ Այս ամենն, իհարկե, զուգահեռելով Կինոյի եւ թատրոնի պետական ինստիտուտում մանկավարժական գործունեությանը։
Վանաձորի Հովհ. Աբելյանի անվան պետական թատրոնում պրեմիերա էր. բեմադրվել էր Նելլի Շահնազարյանի «Վարագույրը չի փակվի» ներկայացումը, ընդ որում՝ սա մեկն է այն հինգ ներկայացումներից, որոնք նվիրված են ռեժիսոր, ՀՀ ժողովրդական արտիստ Վահե Շահվերդյանի ծննդյան 70-ամյակին։
Կարդացեք նաև
«Առավոտը» զրուցեց դրամատուրգ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Սամվել Խալաթյանի (լուսանկարում) հետ։
Մեր զրուցակիցը նշեց, որ «Վարագույրը չի փակվի» պիեսը դրամատուրգը գրել է Վահե Շահվերդյանի խնդրանքով եւ նվիրել մեծանուն Վարդուհի Վարդերեսյանին, սակայն դերասանուհին առողջական խնդիրների պատճառով այդպես էլ չխաղաց այդ դերը։ «Տիկին Վարդուհին ասել էր, որ այս կերպարը կարող է մարմնավորել միայն Գրետա Մեջլումյանը, իհարկե՝ շահվերդյանական բեմադրությամբ»,- հավելեց մեր զրուցակիցը։

Հավելեց նաեւ, իր ձեւակերպմամբ՝ ամեն ստեղծագործող իրե՛ն կտեսնի, ինքն իրենով կվերապրի այդ կերպարով եւ ամեն մի արվեստասեր նորովի կփառաբանի նորին մեծություն արվեստն ու դրա ստեղծողներին։
Մեր զրուցակիցը հավաստիացրեց նաեւ, թե «Վարագույրը չի փակվի» բեմադրությունը հաջողված է, արժանի ծափողջույնների, նաեւ՝ արժանի ծավալուն գրախոսության, քանի որ դրա վերլուծաբանը ոչ միայն ամփոփելու եւ գնահատելու է հեղինակների ստեղծագործական մոտեցումները, այլեւ չի կարողանա խուսափել արվեստագետ-կյանք-հավերժություն ծիրով մտորումներ շարադրելու գայթակղությունից։
ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ
«Առավոտ»
13.10.2016




















































