Լրահոս
Օրվա լրահոսը

Անժելա Աթաբեկյան. «Երեք նախագահներից միայն Սերժ Սարգսյանն է ինձ շնորհավորել»

Հոկտեմբեր 18,2016 16:34

«Խարիտոնի» հայ-հունական վոկալ-գործիքային համույթը սեպտեմբերի 26 – 28-ը մասնակցել է Հունաստանում կայացած «Ինտերնացիոնալ ֆոլկլոր» փառատոնին եւ գլխավոր մրցանակ ստացել: Միջոցառմանը մասնակցել են 12 երկրից ներկայացած համույթներ: 20 րոպե հայկական մշակույթն են ներկայացրել, այդքան էլ՝ հունականը:

Հոկտեմբերի 18-ին «Նոյյան տապանում» կայացած ասուլիսը նվիրված էր այդ հաղթանակին: «Խարիտոնի» վոկալ-գործիքային համույթի ղեկավար, ՀՀ ժողովրդական արտիստ, քանոնահարուհի, երաժշտագետ, արվեստագետ, Երևանի պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր, «Պատրիդա» հ/կ նախագահի տեղակալ, Հայաստանում հունական հասարակական կազմակերպությունների միության մշակութային կոորդինատոր Անժելա Աթաբեկյանը նշեց, որ ի սկզբանե հինգ քույրերով (երեքը քանոնահարներ, մյուս երկուսը՝ խորմայստեր, տեսաբան-կոմպոզիտոր) 1973-ից սկսած արտասահմանում ներկայացրել են հայկական ֆոլկլյորը:

Իրենց գործունեությունն ավելի ակտիվացել է, երբ 1995-ին Հայաստանում բացվել է հունական դեսպանությունը:

huyner1

Տիկին Աթաբեկյանը նշեց, որ Ուկրաինայում էլ են եղել, այնտեղից էլ ոսկե հուշամեդալ են բերել, համերգներով եղել են նաեւ Ֆրանսիայում, բոլոր ելույթներն ուղեկցվել են հաջողություններով եւ առաջին մրցանակներով: Անժելա Աթաբեկյանի ձեւակերպմամբ, հունական արվեստը, երաժշտությունը, պատմությունը եւ կենցաղը բազմաթիվ զուգահեռներ ունեն հայկականի հետ:

Տիկին Աթաբեկյանը հավելեց, որ շատ ծրագրեր ունեն, սակայն դրանց իրականացմանը խանգարում է ֆինանսական սղությունը, հովանավորների բացակայությունը:

Նա հատուկ շեշտեց, որ իրենք հունական կողմից ավելի գնահատված են, քան հայկականից: ՀՀ ժողովրդական արտիստը չմոռացավ նշել, որ անկախ Հայաստանի երեք նախագահներից միայն Սերժ Սարգսյանն է իր ծննդյան 75-ամյակը շնորհավորել:

Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր Սամվել Գալստյանը նշեց, որ տարվա մեջ 20-30 մասնակցության հրավեր են ստանում: «Ես սիրում եմ հույներին եւ նրանց մշակույթը, հույների, հատկապես՝ Պոնտոսի ափին ապրող հույների եւ համշենահայերի մշակույթների միջեւ ընդհանրություններ կան, նույնիսկ գործիքների նվագակցությունը եւ պարերի շարժումները կարելի է խառնել»,-փաստեց նա:

Պարոն Գալստյանը հայտնեց, որ Հունաստանում զարմացել էին, թե ինչպես են Հայաստանում ապրելով՝ հույները պահպանել իրենց մշակույթը, իսկ հայերը՝ հունարեն բառեր չիմանալով՝ այդքան լավ երգում են հունարեն: Ասաց, որ այնքան ուրախ ծրագիր է եղել, որ իրենց խմբի նվագակցության ժամանակ հանդիսատեսը պարել է:

Սամվել Գալստյանը նշեց, որ վերադարձին իրենց խմբին ընդունել է մշակույթի նորանշանակ նախարար Արմեն Ամիրյանը:

Ասուլիսին մասնակցում էին նաեւ Հայաստանում հունական հասարակական կազմակերպությունների միության նախագահ Արկադի Խիտարովը եւ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի հույների «Պատրիդա» կազմակերպության նախագահ Էդուարդ Պոլատովը:

Էդուարդ Պոլատովն էլ ասաց, թե շատ կցանկանար, որ ԱՊՀ-ում ապրող հույները տեղյակ լինեին իրենց անսամբլի մասին: Հավելեց, որ իրենց ծրագրերում ներգրաված է նաեւ Արցախը: Պոլատովի ձեւակերպմամբ, արցախցի հույների թիվը մի քիչ պակասել է, քանի որ նրանք ժամանակավորապես տեղափոխվել են Հայաստան որովհետեւ կյանքն այստեղ համեմատաբար ավելի լավ է:

Նա, վկայակոչելով իր ընկեր Լեոնիդ Ազգալդյանի խոսքերը, նշեց. «Արցախն էլ Հայաստան է եւ վերջ, իսկ Արցախի հույները Հայաստանի հունական համայնքի մասն են: Եվ էական չէ՝ արցախցի հույնը Հայաստանում է ապրում, թե Արցախում»:

 

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

 Լուսանկարները՝ nt.am-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31