Լրահոս
Օրվա լրահոսը

«Կինս զանգահարում է ու հիշեցնում, որ պետք է տուն գնամ»

Նոյեմբեր 10,2016 13:00

Ջիվանու անվան աշուղական դպրոցի հիմնադիր, ՀՀ ժողովրդական արտիստ Թովմաս Պողոսյանը՝ իր կոչման եւ կառավարությունից ակնկալիքների մասին

– Հարցազրույցներից մեկում նշել եք, որ Ազգային ժողովը պետք է ձեւավորի պրոֆեսիոնալ քաղաքականություն, պետք է ունենա ազգային մշակութային հստակ ծրագիր: Ի՞նչ ակնկալիքներ ունեք նոր կառավարությունից եւ մշակույթի նոր նախարարից:

– Հավատով եմ լցված ինչպես նոր կառավարության, ճիշտ այդպես էլ մշակույթի նախարարի հանդեպ: Համոզված եմ, որ Արմեն Ամիրյանը մշակույթի մարդ է եւ չի եկել նախարարի պաշտոնի՝ հարստանալու համար: Գուցե բացառություն եմ, բայց ես նաեւ գոհ եմ նախորդ նախարարից, որը մոտ 40 տարի մշակույթի բնագավառի աշխատող է եղել: Արմեն Ամիրյանի նախարարությամբ էլ, հուսով եմ, որ բազմաթիվ ծրագրեր կիրականանան:

– Դուք, լինելով «Սայաթ-Նովա» անսամբլի, «Ջիվանու» անվան աշուղական դպրոցի հիմնադիր, ի՞նչ խորհուրդ կտաք արվեստասերներին, ինչպես տարածենք այն, ինչը մերն է:

– Դա պետք է լինի պետական ծրագիր…Մենք պետություն ենք, ոչ թե առանց պետականության ժողովուրդ, երբ սփյուռքից մասնագետներ են գալիս, ես նրանց ասում եմ, որ պետք է գալ հայրենիք եւ սնվել մաքուր ակնաղբյուրից, թե՛ գիտության եւ թե՛ արվեստի ասպարեզներում, իսկ այդ ամենը պետք է անի ամենաբարձր պատասխանատվությամբ մեր հայրենի կառավարությունը:

tovmas_pogosyan_2

– Ձեր գործունեությունը առաքելությո՞ւն եք համարում, թե՞ անհատի պարտք՝ հայրենի մշակույթի հանդեպ…

– Ես աշխատանքից տուն եմ հասնում շատ ուշ, հաճախ չեմ նայում ժամացույցին, եւ կինս զանգահարում է ու հիշեցնում, որ պետք է տուն գնամ: Ես իմ գործը շատ եմ սիրում եւ ապրում եմ այս աշխարհում՝ իմ գործն անելու համար:

– Շրջելով գյուղեգյուղ՝ հավաքագրում եք ազգային երաժշտության նմուշներ, այդ ընթացքում ի՞նչ դժվարությունների եք հանդիպել, ի՞նչ հետաքրքիր դեպք կմտաբերեք:

– Շատ հետաքրքիր բաներ են եղել, ի սկզբանե դժվար էր ձայնագրություններն անելը, քանի որ մագնիտոֆոնը շատ մեծ էր, եւ ես այն մեծ դժվարությամբ հասցրել էի Արցախ ու այլ հեռավոր վայրեր: Երբ գնացել էի Ջավախք, հյուրընկալվեցի Մեծ Խանչալի գյուղում՝ աշուղ Արտեմի ընտանիքում, գիշերը քնած էի, երբ աչքերս բացեցի եւ տեսա, որ տան հարսը իմ սենյակից դուրս եկավ, զարմացա: Առավոտյան, երբ բացեցի աչքերս, իմացա, որ գիշերը հարսը չէր քնել, լվացել էր զգեստներս, կոշիկներս: Այսպիսի ավանդույթ, այսպիսի բարոյական նկարագիր ոչ մի տեղ չենք գտնի:

-Ազգային գործիքներից շատերը «մեռել» են ժամանակի ընթացքում, ո՞րն է պատճառը:

– Հայաստանի կառավարությունը 2006 -ին ծրագիր ներկայացրեց Ազգային ժողով, ըստ որի՝ ազգային նվագարանները դարձան պետպատվերով: Պատճառը պարզ է՝ ազգային նվագարաններ սովորելու տալիս է երեխային մեր աշխատավոր դասակարգը, ոչ թե հարուստ ընտանիքը: Ընդամենը վեց օր առաջ կազմակերպվեց Հայաստանի ազգային նվագարանների փառատոն-մրցույթ: Հայաստանից եւ Արցախից մասնակցեց 29 անսամբլ, կարո՞ղ եք այդպիսի բան երեւակայել: Արդյունքում՝ առաջին տեղը գրավեց 2 խումբ, երկրորդ տեղը՝ 3 խումբ, երրորդ տեղը ՝4 խումբ: Հանձնաժողովը դժվարանում էր ընտրել լավագույնին: Տարիներ առաջ իսկապես ունեինք գործիքներ, որոնք «մեռնում» էին՝ ուդը, պարկապզուկը… Այսօր այս խնդիրը լուծված է:

-Աշուղության հիմնական թեմաներն են սիրային, պանդխտության, խոհափիլիսոփայական, ո՞ր թեման է, որ այսօր պիտի հնչի աշուղների նվագարաններից:

– Աշուղական երգը սիրո երգ է, բայց Ջիվանին ազգայնացրեց համաարեւելյան աշուղական արվեստը, եւ մենք այսօր ունենք ազգային աշուղական արվեստ: Արցախյան շարժմանը զուգընթաց եւ դրանից առաջ ազգային հայրենասիրական երգեր մտան ասպարեզ, եւ մեր բոլոր աշուղները կյանքի թելադրանքով երգում են հայրենասիրական երգեր, որոնք շատ կարճ ժամանակում հայտնվում են մեր զինվորների շուրթերին:

– «Սայաթ-Նովա» անսամբլը հանդես է գալիս շքեղ տարազներով, ի՞նչ ծագում ունի այդ հանդերձանքը:

– Հագուստը հիմնված է էսքիզների վրա, համագործակցում ենք ՀՀ վաստակավոր նկարիչ Աշոտ Համբարձումյանի հետ, համույթն ունի այսօր 3 տեսակի տարազ:

– Չարենցը ժամանակին նորովի անդրադարձավ աշուղությանը՝ գրելով «Տաղարան» շարքը, կա՞ այսօր այդպիսի պոետ, որն անդրադառնա աշուղական պոեզիային:

– Երբ բացեցինք Ջիվանու աշուղական դպրոցը՝ 1997թ.-ին, բացվեց միանգամից 2 դասարան՝ ստեղծագործական եւ կատարողական: Ստեղծագործական դասարանը կարճ ժամանակում դարձավ «Հայ աշուղների միություն»: Նրանք առ այսօր ստեղծագործում են եւ շարունակելու են ստեղծագործել: Ես հավատում եմ, որ մեր ժողովրդի արգանդը չի չորացել եւ դեռ շատ աշուղներ կծնվեն:

 

ՆԵԼԼԻ ԽԱՉԱՏՐՅԱՆ

ԵՊՀ ժուռնալիստիկայի
ֆակուլտետի ուսանողուհի
Լուսանկարները՝
Sayatnova.org կայքի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930