Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

«Արցախն իմ հաջողությունների գրավականն է»

Օգոստոս 29,2020 12:00

Հարցազրույց հադրութցի երիտասարդ երգիչ Մհեր Մոսյանի հետ։

– Մհեր, ե՞րբ սկսեցիր սիրել երգը։ Ո՞ր տարիքից սկսեցիր երգել։

– Երգը սկսեցի սիրել, երբ լսեցի երգիչներ Ռուբեն Մաթեւոսյանին, Թովմաս Պողոսյանին, Արամ Ասատրյանին։ Երգել սկսել եմ չորս տարեկանից։ Տարբեր երգեր էի սիրում, նաեւ դրանք կատարում էի՝ կանգնելով սենյակիս հայելու դիմաց կամ մեր թաղամասում կանգնում էի բարձր տեղ ու տատիկ-պապիկների համար երգում էի։ Ես ոգեշնչվեցի այդ ժամանակ՝ նրանց ծափերից։

– Եթե բնորոշելու լինեինք, ի՞նչ է քեզ համար երգը:

– Երգն ինձ համար ապրելակերպ է: Առանց երգի չեմ կարող անգամ ինքս ինձ պատկերացնել:

– «Ազգային երգիչ» նախագծին մասնակցելու ժամանակ իրենց շատ ակտիվ դրսեւորեցին երկրպագուներդ։ Նրանք ի՞նչ դեր ունեն քեզ համար։

– Շատ շնորհակալ եմ բոլորից, ովքեր եղել են կողքիս, հավանել եւ կիսվել են իրենց կարծիքներով։ Նրանք բոլորը առանձնակի դեր ունեն, նրանք բացել են ապագայի նոր ճանապարհ։ Ես հպարտ եմ իմ յուրաքանչյուր երկրպագուով, որովհետեւ միասին մենք չենք ընկճվում եւ հաղթանակներ ենք կերտում։

– Ինչպիսի՞ն է Մհերը բեմում եւ առօրյա կյանքում։

– Բեմում պետք է լինել պատրաստ եւ արտիստիկ, զգացմունքային, որպեսզի երգդ հասնի հանդիսատեսին, որ երգդ զգան… պետք է հանդիսատեսը ապրի քո երգի մեծությամբ ու զգացածով։ Առօրյա կյանքում ազատ եւ սովորական մարդ եմ: Աշխատում եմ ազատ ժամանակս իզուր չվատնեմ, գրում եմ բանաստեղծություններ, նկարում եմ դիմանկարներ, բնանկարներ, փորձում եմ գրել նոր երգեր։

– Կարծում եմ, որ այնքան մարդամոտ ես, որ համերկրացիներիդ քո ընկերներն ես համարում։ Ի՞նչ է քեզ համար հայրենիքը:

– Այո, իհարկե՛։ Մարդամոտ եմ, բայց ունեմ իմ սահմանները մարդկանց հետ շփման համար։ Իսկ հայրենիքն ինձ համար սրբություն է, որը երբեք չպետք է ուրանալ… ապրել եմ իմ ծննդավայրում, առաջին քայլերս հենց Արցախում եմ արել:

– Առաջնորդվում ես երազանքներո՞վ, թե՞ երազանքներն են քեզ հետ առաջ գնում։

– Ունեի երազանքներ՝ դեռ մանկուց։ Հասել եմ շատերին՝ նպատակ դնելով իմ առաջ։ Հիմա այդ ամենի վրա նպատակներ են ձեւավորվել, որոնց պետք է հասնեմ ինքս ինձանով։ Ճիշտ է, ինձ թվում է մի քիչ ուշ եմ հասնելու, բայց կարեւորը չհուսահատվելն ու սեփական ուժերին հավատալն է։

– Եթե քեզ հանդիպի տասը տարեկան մի երեխա, ով ցանկանում է երաժշտությամբ զբաղվել։ Ի՞նչ խորհուրդ կտայիր։

– Երեխային խորհուրդ կտայի լսել ամեն ոճի երաժշտություն, գտնի իրեն հոգեհարազատը, լսի եւ պարտադիր սովորի հայկականը… Կոմիտաս, Աշուղ Ջիվանի, Սայաթ-Նովա… նրանցն է ժողովրդական երգերի բույլը։ Թող իր առաջ նպատակ դնի եւ առաջ ընթանա։ Պետք է լինել աշխատասեր եւ հետեւողական՝ բոլոր քայլերում:

– Քո կյանքում եղե՞լ է երջանիկ օր, որն անմոռանալի է, եւ քեզ կուղեկցի ողջ կյանքի ընթացքում։

– Երբ անսպասելիորեն երազանքդ իրականանում է՝ դա արդեն երջանկություն է: Եվ այդ օրերը միշտ ուղեկցում են մեզ։

– Ինչպե՞ս ես ընդունում արցախցի լինելու փաստը։ Արցախը ի՞նչ տեղ ունի քո կյանքում։

– Ես ծնվել ու աչքերս բացել եմ Արցախի հողի վրա, այստեղ մանկություն եմ վայելել։ Արցախն իմ հաջողությունների գրավականն է: Ես մինչեւ հիմա երանի եմ տալիս մանկության օրերիս։ Այն ինձ համար վեհ ու անպարտելի է։ Միայն մի բան կարող եմ ասել՝ շնորհակալ եմ Աստծուց՝ որ ես հայոց երկրի զավակ եմ եւ ծնվել եմ Արցախում։

Վովա ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ

Արցախ

«Առավոտ» օրաթերթ
28.08.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31