Լրահոս
Օրվա լրահոսը

Դատարանն արդարացրեց ուրիշի այգուց արծաթափայլ եղեւնին հանողին

Նոյեմբեր 11,2016 13:38

Տավուշի մարզի Բերդ քաղաքի բնակիչ, 1952թ. ծնված Վաչիկ Ծատուրյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2016թ. մայիսի 20-ից 25-ն ընկած ժամանակահատվածում ուրիշի գույքի գաղտնի հափշտակություն կատարելու նպատակով ապօրինի մուտք է գործել Հովիկ Աթոյանին պատկանող հողամաս եւ այնտեղից հափշտակել 1 մետր 20 սմ բարձրությամբ արծաթափայլ եղեւնի, Հ.Աթոյանին պատճառելով 33 հազար դրամի նյութական վնաս:

Վ. Ծատուրյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով («Գողությունը՝ ուրիշի գույքի գաղտնի հափշտակությունը, որը կատարվել է պահեստարան կամ շինություն ապօրինի մուտք գործելով»): Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:

Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի Բերդի նստավայրում դատաքննությամբ դատարանը հաստատված է համարել այն հանգամանքը, որ Վ. Ծատուրյանը 2016թ. մայիսի 20-ից 25-ն ընկած ժամանակահատվածում հանդիպելով Հովիկ Աթոյանի զոքանչին, իմանալով, որ նրա տանը կից այգում Հ. Աթոյանն աճեցնում է արծաթափայլ եղեւնիներ, խնդրել է դրանից մեկը տալ իրեն: Աթոյանի զոքանչը սկզբում չի համաձայնել, սակայն հետագայում ստանալով նրա թույլտվությունը՝ Վ. Ծատուրյանը տնկիներից մեկը հանել է եւ տեղափոխել իր այգի:

Հետո, երբ Հ. Աթոյանը դիմել է իրավապահ մարմիններին, Ծատուրյանը վերադարձրել է եղեւնին, տնկել նույն տեղում, այդ մասին հայտնել է Աթոյանի զոքանչին, խնդրելով այն ջրել: Դատաքննության ընթացքում նա նաեւ վճարել է եղեւնու արժեքը:

Ըստ «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգի՝ դատաքննությամբ ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա հերքվել է հանցագործության դեպքը, որի պատճառով մեղադրողը հրաժարվել է մեղադրանքից՝ միջնորդելով կարճել քրեական գործի վարույթը: Նոյեմբերի 8-ին դատավոր Զոյա Զաքինյանը վճռել է առաջադրված մեղադրանքում Վաչիկ Ծատուրյանին արդարացնել. նրա նկատմամբ ընտրված խափանման միջոցը վերացնել, իրեղեն ապացույց ճանաչված եղեւնին թողնել Հովիկ Աթոյանի տնօրինմանը:

 

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930