«Իհարկե, միայն նրա համար չի վաճառում, որ Ղարաբաղում կռիվ լինի, բայց հասկանալի է՝ եթե կա Ղարաբաղի հակամարտություն, դա օգտագործվելու է հակամարտության գոտում: Դա միայն ենթադրություն չէ. տարիների փորձը դա է ցույց տվել»,-Aravot.am-ի հետ զրույցում մեկնաբանելով ռուսաստանցի հայտնի պետական գործիչ Նիկոլայ Ռիժկովի տեսակետը՝ «Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք վաճառելը չի նշանակում, թե Ռուսաստանը դա անում է հատուկ նրա համար, որ Ղարաբաղում կռիվ լինի», ասաց քաղաքագետ, «Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանը:
«Ի՞նչ է նշանակում՝ բոլորն էլ վաճառում են…Թող պարոն Ռիժկովը բարեհաճի նշել, թե ո՞ր ռազմավարական գործընկերն է զենք վաճառում իր ռազմավարական գործընկերոջ թշնամու դեմ, որը պատերազմի մեջ է գտնվում: Աշխարհում նման բան չկա:
Առաջին՝ եթե Ռուսաստանը չլիներ մեր ռազմավարական դաշնակիցը, մենք թերեւս նրանից նեղանալու իրավունք չունենայինք:
Կարդացեք նաև
2-րդ՝ Ռուսաստանը ՀԱՊԿ-ում մեր զինակիցն է, հետեւաբար՝ կրկին իրավունք չունի վաճառելու:
Ռուսաստանի հետ մենք նույն միութենական պետության՝ ԵՏՄ-ի մեջ ենք, այսինքն, մի պետությունն իր մի մասը հանդիսացող պետության դեմ զենք է վաճառում՝ սա էլ 3-րդ պատճառը:
4-րդ՝ Ռուսաստանը հանդիսանում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահողներից: Երեք համանախագահողներից մյուս երկուսը զենք չեն վաճառում հակամարտող կողմերին, որովհետեւ լավ են հասկանում՝ դա կարող է բերել հակամարտության ձեւաչափի փոփոխության՝ իրավիճակի սրում եւ պատերազմ»,-նշեց Արա Պապյանը:
Խնդրեցինք մեկնաբանել նաեւ այն փաստը, որ «Եռաբլուրի» մուտքի մոտ տեղադրված է ՀՀ ազգային հերոսի կոչումը կրող Նիկոլայ Ռիժկովի պատկերով ցուցատախտակը, իսկ, օրինակ, Մոնթեի եւ Վազգեն Սարգսյանի պատկերներով ցուցատախտակները «Եռաբլուրի» մուտքից անհամեմատ հեռու են:
Քաղաքագետի խոսքով՝ ցավալի է, որ Ռիժկովի պես մարդը ՀՀ-ում է որպես ՀՀ ազգային հերոս. «Նախ հասկանալի չէ, թե ինչու է Ռիժկովին նման կոչում տրվել: Նա եղել է ՍՍՀՄ վարչապետ եւ իր պարտականություններն է կատարել աղետի գոտում: Եվ դա արել է այն ժամանակ, երբ ՀՀ-ն դեռ գոյություն չուներ»:
Ըստ Արա Պապյանի, Նիկոլայ Ռիժկովին ՀՀ ազգային հերոսի կոչում շնորհելը ոչ թե արժանին մատուցելու արտահայտություն է, այլ քաղաքական քծնանք:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ



















































