Լրահոս
Օրվա լրահոսը

Վարդան Արամյանը`1000-ական դրամների մասին

Նոյեմբեր 11,2016 17:49

«Որ բանակում կան բազմաթիվ խնդիրներ, որոնք պետք է լուծվեն, դրա մասին խոսել են եւ Վիգեն Սարգսյանը, եւ վարչապետը»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը`պատասխանելով Aravot.am-ի դիտարկմանը, որ մարդկանց վրդովվեցնում է այն, որ մինչ այժմ, այդ թվում նաեւ բանակում եղած յուրացումների, վատնումների ու թալանի դեպքերը չեն բացահայտվել, ինչպես նաեւ օլիգարխ-գեներալների առկայությունը. այսինքն, վստահության խնդիր կա, նաեւ այդ հարցը պետք է կարգավորել:

Հարցը վերաբերում էր ՀՀ սահմանների պաշտպանության եւ մարտական գործողությունների ժամանակ զոհված կամ վիրավորված զինծառայողների եւ նրանց ընտանիքների հատուցման հիմնադրամ ստեղծելու կառավարության հավանությանն արժանացած նախաձեռնությանը:

Մեր հաջորդ դիտարկմանը, որ խոսելը քիչ է, գործողություններ են պետք, Վարդան Արամյանը պատասխանեց. «Իրականում գործողությունները դրված են կառավարության ծրագրերում, բայց եթե մենք թիրախավորենք`սկզբում այս հարցը լուծենք, հետո նոր կանցնենք մյուսին, կարծում եմ արդյունավետ չէ: Արդյունավետն այն է, որ կատարենք զուգահեռ»:

Վարդան Արամյանը կարեւորելով գաղափարը՝ կարեւոր է համարում նաեւ այն, որ հատկացում կատարող յուրաքանչյուր անձ տեսնելու է, թե ո՞ւր են գնում այդ միջոցները եւ ի՞նչ ձեւով են կառավարվում. «Հարյուր տոկոսանոց թափանցիկություն է լինելու, որպեսզի ձեր ասած խնդիրներն ու խոռոչները չառաջանան»:

Վարդան Արամյանն ասում է, որ աշխարհում նման փորձեր կան եւ այն համակարգը, որը նախատեսվում է ներդնել մեր երկրում`արդարացված է`վերահսկողության եւ թափանցիկության առումով: Նա հիշեցնում է ապրիլյան պատերազմի օրերը, երբ բոլորը`անկախ իրենց կարողություններից, կանգնած էին բանակի կողքին եւ գիտակցումով էին դա անում:

Լրագրողներից մեկի դիտարկմանը, որ դա կամավոր էր, նախարարը արձագանքեց. «Վիգեն Սարգսյանը երբ խոսում էր ազգ-բանակ գաղափարախոսության մասին, բոլորը ողջունեցին: Իսկ այդ գաղափարախոսությունն, իմ կարծիքով, այն է, որ բոլորս պետք է պարտավորություն եւ պատասխանատվություն կրենք մեր բանակի պահպանման համար: Ինչպե՞ս դա պետք է իրականացնել`մոդել է դրված: Կամավոր համակարգը դնելու դեպքում, երբեք ապահովագրական համակարգը չի աշխատում»:

Նախարարը վստահեցնում է, որ մուտքերը պետք է հստակ լինեն, որպեսզի անհրաժեշտության դեպքում կրախի առջեւ չկանգնես: Կամավորության դեպքում հիմնադրամի գումարն անկանխատեսելի կլինի եւ իր կարծիքով, ստացվելու է, որ ստեղծել ենք մի համակարգ, որ չաշխատող է ու կրկին ժողովրդի վստահությունն ենք կորցնելու:

«Վիգեն Սարգսյանը երբ խոսում էր ազգ-բանակ գաղափարախոսության մասին, այն էր, որ հասարակության յուրաքանչյուր անդամ պետք է պատասխանատվություն եւ պարտավորություն կրի մեր բանակի պահպանման համար, որովհետեւ բանակն ամեն դեպքում մեր բոլորի համար անվտանգություն է ապահովում: Գաղափարախոսությունն այնպես է դրված, որ սա ապահովագրական համակարգ է, որը սոցիալական համակարգից պետք է տարանջատել: Քանի որ մենք մշտական պատերազմական իրավիճակում ենք, դրա համար ապահովագրական համակարգի գաղափարն ենք դրել: Ավտոապահովագրության համակարգում կարող ենք ասել`մեկը ունի քիչ… բոլորն էլ տալիս են նույն գումարը`կախված ինչ-որ կատեգորիաներից»,- ասաց Վարդան Արամյանը:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Աբրահամյան says:

    այս տարբերակը ամենահեշտն է, որը նաև ամենասխալն է: Պետք է բանակում ֆինանսները արդյունավետ ծախսել ու թափանցիկ ներկայկացնել այդ ամենը ժաղավրդին: Դրանից հետո, եթե գումարները չեն հերիքի, ապա կարելի ստեղծել հիմնադրամ ու ժողովուրդը կամավոր կկատարի վճարումներ: Դա ավելի ճիշտ կլինի ու կունենա ավելի մեծ հայրենասիրական նշանակություն:Պատերազմը ցույց տվեց, որ մեր ժաղովուրդը իր վերջին ունեցվածքը պատրաստ է տալու իր զինվորին:Երիտասարդակասն հիմնադրամ է ստեղծված ու գումարներ են փոխանցվում , որը ավելորդ է, քանի որ նույն աշխատանքը կարող են իրականացնել ավելի լավ ձևով մեր ԲՈՒՀ-երը:Այնպես որ պետք է միջավայրը փոխել ու վերականգնել ժողովուրդի վստահությունը, իսկ ժողովուրդը ինքը մեծ հայրենասեր է:

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930