Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ պետք է Հայաստանը մնա Եվրոպայի ամենալավ պահված գաղտնիքը. The Telegraph

Նոյեմբեր 11,2016 18:06

Ադրբեջանի սահմանամերձ լեռնային գյուղում արդեն կեսօր է, օդը լիքն է խորովածի հոտով: Տղամարդիկ հավի ու գառան մսով հսկայական շամփուրները դնում են ածուխի վրա, իսկ նրանց տղաները, ավանդական հայկական հագուստներով, փչում են կրակը:

Մինչ արևի վերջին շողերը կաթում են անամպ երկնքից, գետի վրայի կամուրջի մյուս կողմում պարում են. երիտասարդ տղամարդկանց ու կանանց խմբերը, իրար ուսի հենված, ոտքերը գետնին են խփում և երգում վայրի երաժշտության տակ:

Ինքնաշեն սեղանների վրա լիքը լցված թարմ մրգի զամբյուղներ են և մուգ կարմիր հեղուկով լցված շշեր. արենի տեսակի խաղողի կիսաքաղցր գինին է, քանի որ այսօր՝ հոկտեմբերի 1-ին, նշվում է Արենիի գինու ամենամյա փառատոնը, բրիտանական The Telegraph պարբերականում գրում է Ֆրենք Գարդները:

Հենց առաջին պահից, երբ ժամանում ես Երևանի օդանավակայան, հասկանում ես, որ գինու երկրում ես, շարունակում է հոդվածագիրը: Պարզապես չես կարող չնկատել տերմինալի մոտ կանգնեցված 20 ֆութ բարձրությամբ փչած գինու շիշը:

Քրիստոնեական այս երկիրը, որը շրջափակված է հիմնականում մուսուլմանաբնակ Թուրքիայով, Իրանով և Ադրբեջանով, սիրում է իր ալկոհոլը: Նրանք նաև արտադրում են իրենց խոսքով աշխարհում լավագույն կոնյակը, և քաղաքում շրջելիս հաճախակի աչքի են ընկնում Արարատ և Նոյ կոնյակների գովազդները:

Վարորդս ինձ տանում է հրաշագեղ Villa Delenda, որը մայրաքաղաք Երևանում 19-րդ դարից պահպանված այն քիչ մասունքներից է: Շինության՝ պատատուկներով պատված պատերից այն կողմ՝ մայթի վրա, տեսնում եմ նկարված «կալաշնիկով» ինձնաձիգ՝ Defend Yerevan գրառմամբ, շարունակում է հոդվածագիրը:

Հետաքրքրվում եմ՝ արդյոք սա Լեռնային Ղարաբաղի շուրջ Ադրբեջանի հետ ունեցած արյունալի հակամարտության արտացոլումն է: Ոչ, ասում է Մարիամը՝ հյուրատան տերը, դրանով փորձ է արվում դադարեցնել Երևանի վերջին պատմական շինությունների ավերումը:

Հյուրատան ներսն ամբողջությամբ պատված է գործած գորգերով, բրդե ծածկոցներով և նուրբ տեղական կերամիկայով: Շուրջս մի բարի ծեր կին է պտտվում, որը խոսում է միայն ռուսերենով: Արդեն ուշ է, և անձնակազմը տուն է գնացել, բայց նա ինձ համար կարտոֆիլով, սնկով և դեղաբույսերով ապուր է բերում և ձեռքերը ծալած կանգնում ու գոհունակությամբ հետևում՝ ինչպես եմ ես հացի կտորներով խժռում այն:

Նա ինձ իր անունն է ասում՝ Ամելիա, և ես երազում եմ, որ բավարար չափով ռուսերեն իմանայի՝ նրան իր կյանքից հարցնելու համար: Ենթադրում եմ, որ նա կլինի 75 տարեկան և իր կյանքի երկու երրորդն ապրել է ԽՍՀՄ-ում, երբ Հայաստանը նախքան 1991թ. իր անկախության ձեռքբերումը կազմում էր այդ միության մի մասը:

Չնայած նոր շինություններին՝ Երևանը հրաշալի մայրաքաղաք է: Նրա լայն, տերևաշատ ծառուղիների երկայնքով ձգվում են սրճարաններ, գինու բարեր, որտեղ ուշ երեկոներին հայերը սիրում են նստել և զրուցել:

Մարդիկ այստեղ դեռ խոսում են ամենահայտնի հայի՝ Քիմ Քարդաշյանի վերջին այցի մասին, երբ նրա ամուսինը՝ Քանյե Ուեսթը, համերգի ժամանակ ցատկեց լճի մեջ և հրավիրեց բոլորին միանալ իրեն:

Հայկական հսկայական սփյուռքից առաջին անգամ այստեղ ժամանող հայերը հաճելիորեն զարմանում են՝ որքան ժամանակակից, ապահով և քաղաքակիրթ քաղաք է Երևանը, իսկ հետո խորը հիասթափվում են՝ տեսնելով արվարձաններն ու ծայրամասերը՝ լցված խորհրդային տնտեսության մնացուկներով:

Հաջորդ առավոտյան, երբ մայրաքաղաքից առաջին անգամ դուրս եկա, երկու ակնհայտ բան տեսա. լքված, անտեսված գործարանների շենքեր և ռուսական սարսափելի հանրակացարանի շենքեր՝ շրջապատված հին մեքենաների պատյաններով, ժանգոտած նավթի տարաներով: Հայաստանը մաքրվելու կարիք ունի, գրում է Գարդները:

Բայց հետո նայում ես հորիզոնին և տեսնում 5165 մետր բարձրությամբ Արարատ լեռան ձյունածածկ գագաթը՝ հենց Թուրքիայի սահմանի վրա: «Կար ժամանակ, երբ այն մերն էր»,- ցավով ասում են հայերը:

Լեռը իր կրտսեր քրոջ՝ Փոքր Արարատի հետ, ապշեցուցիչ ֆոն է ապահովում Խոր Վիրապ վանքի համար: Ենթադրաբար, սա հենց այն վայրն է, որտեղ Գրիգոր Լուսավորիչը 12 տարի բանտարկված է եղել հեթանոս թագավորի կողմից:

Ճանապարհը շարունակում ենք դեպի Հայաստանի երկու մյուս մշակութային գանձերը՝ հելլենական ոճի Գառնիի տաճարը և Գեղարդ վանական համալիրը: Երկուսն էլ գտնվում են շուրջ 1500 մետր բարձրության վրա, որտեղ օդը սառն է և մաքուր:

Գառնին կարծես Պարթենոնի փոքր տեսակը լինի, կառուցվել է մ.թ. 1-ին դարում, փլատակների է վերածվել 1679թ. երկրաշարժից, հետո 70-ականներին վերականգնվել: Այն բացառիկ կառույց է՝ դրամատիկ լուծումներով, բայց իմ կարծիքով, Գեղարդի վանական համալիրը շատ ավելի տպավորիչ է:

Ես և իմ վարորդը մտնում ենք բարձր պատերով պաշտպանված գլխավոր եկեղեցի և հանկարծ բախվում կիսամութի և 800 տարվա պատմության: Աստվածապաշտ հայերը ներս մտնելիս խաչակնքվում են, բարակ մոմեր վառում և մխրճում ավազի մեջ:

Դրսում հայացքս ընկնում է վերևի ժայռին` ներսում հնագույն քարանձավներ, որտեղ մի ժամանակ վանականներ են ապրել:

Վերադառնալով Արենիի փառատոնին, որտեղ եղա իմ երկրորդ և վերջին օրը… Արևը դանդաղ ընկղմվում է ձորի մեջ, և մարդիկ խմբերով ճանապարհ են ընկնում դեպի տուն՝ իրենց հետ տանելով պայուսակներ և շշեր:

Ես կանգ եմ առնում և զրուցում մի տարեց զույգի հետ, որը չորացրած բալից վզնոցներ է վաճառում: Ծերունին դրանցից մեկը գցում է վիզս, հետո վճռականորեն հրաժարվում վճարից: Նա և իր կինը խնդրում են, որ լուսանկարեմ իրենց. այս ուրախ, ծեր զույգը նստում է կողք-կողքի, իրար հենված, իսկ ետևում հիասքանչ տեսարանն է` ամբողջությամբ լուսավորված խաղողի այգիները և դեղնավուն լեռնային կիրճերը: Հետո գրպանումս զգում եմ ինչ-որ մեկի ձեռքը: Իմ քաղաքային հոտառությունը անմիջապես հուշում է, որ ինձ թալանում են, բայց հետո հասկանում եմ, որ պարզապես բարի ծեր մրգավաճառը մի քանի խնձոր է գցում գրպանս: Երկուսս էլ ծիծաղում ենք:

Ճանապարհին մեքենայի մեջ մեկը մյուսի հետևից ուտում եմ խրխրթան, հյութեղ խնձորները: Սա ներքին խաղաղության և հանգստության պահ է, և ես ինձ խոսք եմ տալիս՝ հաջորդ տարի ընտանիքս էլ կբերեմ, եզրափակում է հոդվածագիրը:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930