Լրահոս
Օրվա լրահոսը

Գագիկ Մելիքյանի բացատրությունը` «Քարֆուրի» եւ «Օրանժի» բիզնեսի խնդիրների մասին

Դեկտեմբեր 01,2016 14:37

Այսօր «Պոստ Սկրիպտում» ակումբում ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանից հետաքրքրվեցինք, ի՞նչ է լինում երկրում, որ «Քարֆուրի» նման սուպերմարկետների ցանցը ՀՀ-ում չի կարողանում նորմալ գործել ու մաշվում է, տարածքը փոքրանում է, «Օրանժի» նման ընկերությունը ձուլվում է մեկ այլ ընկերության հետ ու հեռանում է: Սա ինչի՞ մասին է խոսում, ինչո՞ւ միջազգային ճանաչում ունեցող հայտնի ընկերություններ ՀՀ-ում չեն կարողանում աշխատել:

Նա պատասխանեց. «Ես կարծում եմ, որ փոքր տնտեսություն ունեցող երկրներում խոշոր տնտեսվարողները միշտ չէ, որ կարողանում են հասնել իրենց նպատակներին, որովհետեւ նրանց նպատակները շատ ավելի մեծ են լինում, քան թե իրականում տվյալ տնտեսության մեջ կարող են նրանք ձեռքբերումներ ունենալ: Կազմակերպությունները փոքր երկրներում իրենց ազդեցության ոլորտները ունենալու համար մեծ ծավալներ չեն կարող ընդգրկել, որովհետեւ այդ ծավալներն իրականում գոյություն չունեն: Կարծում եմ, դա է պատճառը, որ մրցակցության ընթացքում իրենք ոչ թե դուրս են մղվում մրցակցային դաշտից, այլ այլեւս նպատակահարմար չեն համարում իրենց գործունեությունը փոքր տնտեսական դաշտում: Նրանք փնտրում են շատ ավելի մեծ տնտեսական դաշտ»: Գագիկ Մելիքյանի խոսքերով` ոչ թե չեն կարողանում նրանք այստեղ բիզնես անել, այլ ուղղակի չեն ցանկանում. «Որովհետեւ նրանց չափերը իրականում շատ ավելի մեծ է, նրանց ընդգրկումը տնտեսության մեջ շատ ավելի մեծ է»:

Մեր հարցին` այսինքն, կարծում եք, որ շուկան առանց ուսումնասիրելու նրանք գալիս են ՀՀ-ում բիզնես են դնում, հետո հասկանում են, որ չէ, մեր մասշտաբների բանը չի ու գնո՞ւմ են` Գագիկ Մելիքյանը պատասխանեց, որ ոչ թե չեն ուսումնասիրել, այլ ճգնաժամը նաեւ իր ազդեցությունն ունեցավ. «Նրանք ոչ թե թողեցին ու գնացին, այլ բացեցին բիզնես, այնուհետեւ վաճառեցին, լուրջ եկամուտներ նաեւ վաճառքից ստանալով` անցան մեկ այլ երկրում իրենց գործունեությունը իրականացնելու»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031