Լրահոս
Օրվա լրահոսը

Մեղադրանք է առաջադրվել «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի ևս մեկ պաշտոնատար անձի

Դեկտեմբեր 03,2016 13:34 Share

ՀՀ հատուկ քննչական ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից լիազորությունները չարաշահելու վերաբերյալ քննվող քրեական գործով իրականացված նախաքննության ընթացքում մեղադրանք է առաջադրվել նաև հիշյալ քրեակատարողական հիմնարկի պատասխանատու հերթապահ, արդարադատության փոխգնդապետ Խաչիկ Խ.-ին:

Կատարված նախաքննության ընթացքում տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի պատասխանատու հերթապահ Խաչիկ Խ.-ն, կատարելով հիշյալ քրեակատարողական հիմնարկի պետի տեղակալի ակնհայտ անօրինական ցուցումը, նույն քրեակատարողական հիմնարկի երկարատև տեսակցությունների համար նախատեսված սենյակում, թույլատրել է փաստացի կազմակերպել քաղաքացիներ Ալլա Կ.-ի, Լուիզա Չ.-ի և Դիաննա Մ.-ի տեսակցությունը, տվյալ պահին այդպիսի իրավունք չունեցող 3 դատապարտյալների, այդ թվում՝ ՄԻԱՎ/ՁԻԱՀ, ծանր իմունային անբավարարություն հիվանդությամբ տառապող դատապարտյալի հետ:

Դրանից հետո Խաչիկ Խ.-ն իր կողմից վերը նշված անօրինական արարքը քողարկելու նպատակով «Տեսակցությունների սենյակ կանչվող կալանավորված անձանց և դատապարտյալների հաշվառման» մատյանում մտցրել է իրականությանը չհամապատասխանող գրառում այն մասին, թե, իբր,  հիշյալ երեք աղջիկները  տեսակցել են մեկ այլ դատապարտյալի:

Պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձ հանդիսացող Խաչիկ Խ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ հատուկ քննչական ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031