Լրահոս
Օրվա լրահոսը

«Մինչև այսօր ԱԺ-ում լրագրողներին միայն հայհոյում էին, հիմա արդեն անցանք այլ քայլերի՞». Գուրգեն Եղիազարյան

Դեկտեմբեր 12,2016 14:09

Իշխանությունն ու ընդդիմությունը ներկայացնող քաղաքական գործիչները դատապարտում են խորհրդարանում «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ռուբեն Հակոբյանի և «Հրապարակ» օրաթերթի լրագրող Վահե Մակարյանի միջև տեղի ունեցած միջադեպը:

Հիշեցնենք, որ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ռուբեն Հակոբյանը, ըստ լրագրողի պնդման՝ հարվածել էր  «Հրապարակ» օրաթերթի լրագրող Վահե Մակարյանին:

«Հայելի» ակումբում լրագրողների հետ հանդիպմանը ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մկրտիչ Մինասյանը դատապարտեց կատարվածը ու նշեց. «Ընդհանրապես ոչ միայն խորհրդարանում, այլև ընդհանրապես նորմալ մարդը երբեք նման վարքագիծ չպետք է դրսևորի: Ուսումնասիրությունը ցույց կտա, թե ով ինչքանով է մեղավոր, բայց երևույթը դատապարտելի է»:

Նույն հարցի կապակցությամբ ԱԱԾ պետի նախկին տեղակալ Գուրգեն Եղիազարյանը անհրաժեշտ համարեց հետաքննության անցկացումը. «Եթե լրագրողի հանդեպ նման քայլ է եղել, լրջագույնս դատապարտում եմ: Մինչև այսօր ԱԺ-ում լրագրողներին միայն հայհոյում էին, հիմա արդեն անցանք այլ քայլերի՞: Մարտի 1-ին բացարձակապես բոլոր ընդդիմադիր լրագրողները ծեծուջարդի ենթարկվեցին տեսախցիկների առաջ: Երբ թույլ ենք տալիս մտնել ԱԺ, գնդակահարել ութ հոգու, մենք ինչի՞ մասին ենք խոսում՝ մեկին ապտակ տալո՞ւ»:

Գերագույն խորհրդի պատգամավոր Ազատ Արշակյանը վստահեցրեց, որ չորրորդ իշխանության ներկայացուցիչները նույնքան պետք է պաշտպանված լինեն, որքան իշխանության մյուս ճյուղերի ներկայացուցիչները. «Խոսքի ազատությունը էապես կախված է լրագրողի ապահովությունից: Լրագրողը պետք է լինի մի քիչ ավելի պաշտպանված: Լրագրողի իրավունքն է անհարմար վիճակ ստեղծել քաղաքական, հասարակական գործչի համար, նա պետք է դրա համար պաշտպանված լինի»:

Անդրադարձ կատարվեց նաև Գագիկ Ծառուկյանի՝ քաղաքականություն վերադառնալու մտադրությանը: Պարոն Մինասյանը կարծիք հայտնեց, թե դուրս գալու որոշումը Գագիկ Ծառուկյանն է կայացրել, վերադարձի որոշումն էլ իրենը պիտի լինի. «Գագիկ Ծառուկյանն ինքն է այդ կուսակցության հիմնադիրը: Ընտրությունների ժամանակ այդ կուսակցությունը ցույց տվեց, որ երկրորդ վարկանիշն ունի և ամենակայացած կուսակցություններից մեկն է: Ես նորից եմ ասում. ինքը որոշեց դուրս գալ, նորից ինքն է որոշում, որ պիտի վերադառնա: Ես հարգանքով եմ վերաբերվում Գագիկ Ծառուկյանի ցանկացած որոշմանը: Նորմալ է, որ այդ կուսակցության հիմնադիր նախագահն ինքը որոշի՝ ղեկավարել ընտրությունների ժամանակ այդ կուսակցությունը, թե՝ ոչ»:

Գուրգեն Եղիազարյանը հիշեցրեց, թե դեռ փետրվարի 13-14-ին հայտարարել է, որ ՀՀԿ-ն շատ է փոշմանելու իր՝ երկրորդ քաղաքական ուժին դաշտից դուրս մղելու քայլի համար. «Ես հայտարարել եմ, որ հետագայում դա իրենց համար գիլյոտինի է վերածվելու: Եվ կգա պահը, որ մենք կհամոզվենք»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031